«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Սահմանադրական դատարանի շուրջ առաջիկայում կարող են ուշագրավ զարգացումներ տեղի ունենալ: Ինչպես հայտնի է, Սահմանադրական դատարանի երեք նոր անդամների ընտրությունից հետո այժմ դատարանի կազմն ամբողջական է, եւ առաջիկայում պետք է դատավորները նիստ անեն, իրենց միջից ընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ եւ վերադառնան բնականոն աշխատանքի: «Ժողովուրդ» օրաթերթը ոչ մեկ անգամ գրել էր, որ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնը դեռեւս զբաղեցնող Երվանդ Խունդկարյանը համաձայնել է առաջադրվել որպես Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու՝ պայմանով, որ հենց ինքն էլ պետք է հետագայում դառնա Սահմանադրական դատարանի նախագահ: Սակայն սա նրա պայմանավորվածությունն է իշխանությունների, այլ ոչ թե ՍԴ մյուս անդամների հետ: Եվ հենց այստեղ էլ թաքնված է ինտրիգը:
Այսպիսով, երկու թեկնածուի առաջադրման պարագայում ՍԴ նախագահ դառնալու համար թեկնածուն պետք է ստանա 6 ձայն: ՍԴ-ն ունի 9 թեկնածու, եւ եթե, բացառությամբ նորընտիր անդամների, մյուսները կողմ քվեարկեն Դիլանյանին, ապա այս ծրագիրը կաշխատի: Նկատենք, որ այստեղ կողմ քվեարկելու հավանականությունը մի փոքր քիչ է միայն Աշոտ Խաչատրյանի պարագայում, եթե մինչեւ այդ նրան չհամոզեն: Եվ եթե նա եւս կողմ քվեարկի Արման Դիլանյանի օգտին, ապա այդ վեց ձայներն ապահովված են, իսկ եթե ոչ, ապա տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլ, եւ այդ պարագայում ՍԴ նախագահ կընտրվի առավել շատ ձայներ ստացած թեկնածուն: Հետաքրքիր է, որ Արման Դիլանյանին «դուխ են տվել» եւ վստահեցրել, թե ամեն ինչ կանեն, որ հենց ինքը դառնա ՍԴ նախագահ, ոչ թե Երվանդ Խունդկարյանը: Խունդկարյանը, սակայն, չի նահանջում եւ կշարունակի պայքարը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։