Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Ոչ մեկին չի վերաբերվում, թե ես որքան եմ վաստակում․ Թեհմինա Վարդանյանը ավագանու՝ ծախսերի հայտարարագիր ներկայացնելու մասին

17 Սեպտեմբեր, 2020 16:40
Ոչ մեկին չի վերաբերվում, թե ես որքան եմ վաստակում․ Թեհմինա Վարդանյանը ավագանու՝ ծախսերի  հայտարարագիր ներկայացնելու մասին

Ազգային ժողովում քննարկվում է Կառավարության կողմից ներկայացված Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Գործող օրենքում կատարված մի շարք փոփոխությունների արդյունքում ներկայումս հայտարարագիր ներկայացնում են շուրջ 5000 պաշտոնատար անձ: Սակայն տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնատար անձանց որոշակի շրջանակ ազատված է հայտարարագրման պարտականությունից: Մասնավորապես խոսքը համայնքի ավագանու անդամների և աշխատակազմերի քարտուղարների մասին է:

Նախագծով առաջարկվում է հայտարարագրման պարտականություն նախատեսել նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի, Երևան համայնքի ավագանու անդամների համայնքների և աշխատակազմի քարտուղարների համար:

Սահմանվում է  պաշտոնատար անձի կողմից փաստացի տիրապետվող անշարժ գույքը, տրանսպորտային միջոցները, թանկարժեք գույքը հայտարարագրելու պահանջ, ինչը հնարավորություն կտա հայտարարագրման վերաբերյալ վերոնշված խնդիրները լուծել:

«Այսօր Ազգային ժողովին չեմ հետել, չգիտեմ՝ ինչ նախագիծ է քննարկվում, բայց , այնուամենայնիվ այն մարդիկ ովքեր բերել են այդ նախագիծը, ուզում եմ հիշեցնել, որ կարդան ՏԻՄ  օրենքը և հասկանան, որ ավագանին հասարական հիմունքներով աշխատանք է և ավագանու անդամը, այնպես չէ, որ պետական  կամ համայնքային բյուջեից է սնուցվում։ Դա անվճար, հասարակական աշխատանք է։ Ուզում եմ հասկանալ՝ ի՞նչն են ուզում հաշվել։ Այսինքն, իրենց 57 հոգանոց ավագանու խմբակցությանը, որն ըստ էության ոչնչով չի զբաղվում ուզում են տեսնել՝ արդյո՞ք կողքից գումար վաստակում են, թե՞ ոչ։ Ես որքանով տեղյակ եմ՝ իրենց ավագանու անդամների ոչ մեծ զանգվածն է, որն աշխատում է մասնավոր սեկտորում կամ այլ աշխատանքով է զբաղված։ Առանջնահերթ այդ ներքին վերահսկողությունը թող իրականացնեն և զբաղվեն իրենց ավագանու անդամների նիստ ու կացով։

Երկրորդը՝ օրինակ «Լույս» խմբակցությունից ես և պրն․ Խաժակյանն աշխատում ենք մասնավոր սեկտորում և դա արդեն չեմ կարծում՝ որևէ մեկին վերաբերվելիք գործ է՝  Պրն․ Խաժակյանը կամ ես որքան ենք վաստակում, քանի որ դա պետական չէ և պետական որևէ ապարատից մենք չենք սնուցվում»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում Երևանի ավագանու անդամ Թեհմինա Վարդանյանը։

Մեր հարցին՝ արդյո՞ք այս նախագիծը կվնասի ավագանու անդամի ինստիտուտի կայացմանը, քանի որ մարդիկ մասնավոր սեկտորում աշխատելով և գումար վաստակելով, չեն ցանկանա հայտարարագիր ներկայացնել և ավագանու անդամ ընտրվել, Վարդանյանը պատասխանեց․

«Ավագանու անդամին պետք է ընտրության հնարավորություն տալ, և պետք է սահմանված աշխատավարձի չափը լինի բարձր։ Գուցե պատագամավորին համարաժեք չէ, բայց եթե դա լինում է ողջ գրաֆիկով հիմնական աշխատանք, դա պետք է լինի բարձր, որովհետև տարբեր մարդիկ մասնավոր սեկտորում միանշանակ ավելին են վաստակում։

65 ավագանու անդամներից 57-ը «Իմ քայլ» խմբակցությունից են և որևէ տեղ չեն աշխատել, գոնե մի զգալի զանգվածը։ Երևի  այդ նախագիծը ձեեռնտու է այն մարդկանց, ովքեր ուղղակի սովորել են ապրել առանց սեփական գումարը վաստակելու։ Երկու տեղում էլ մեծամասնություն են՝ մեկ անձի ռեյտինգի շնորհիվ, երևի մեկը մյուսի հետ իրար փոխանցելով աշխատում են՝ ոնց ավելի հեշտ պետության հաշվին ապրեն»,- ասաց Վարդանյանը։

Նշենք, որ նախատեսվող փոփոխության համաձայն՝ հայտարարագրման ենթակա են Հայաստանի Հանրապետության դրամով, արտարժույթով կամ բնամթերային (ոչ դրամական) ձեւով կատարված հետեւյալ ծախսերը.

1) հանգստի համար կատարված ճանապարհածախսը (ավիատոմս, գնացքի, ավտոբուսի, նավի տոմսեր), կեցության  ծախսը.

2) շարժական կամ անշարժ գույքի վարձակալության համար վճարվող վարձավճարը.

3) ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը.

4) գյուղատնտեսական գործունեության իրականացման հետ կապված ծախսերը.

5) վարկի մարմանն ուղղված վճարումները.

6) անշարժ գույքի վերանորոգման համար կատարված ծախսերը.

7) ցանկացած այլ ծախս, որի միանվագ արժեքը  գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Սահմանված հաշվետու ժամանակահատվածում կատարված ծախսերը ենթակա են հայտարարագրման, եթե դրանց միանվագ արժեքը գերազանցում է երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը  կամ դրան համարժեք արտարժույթը կամ նույն տեսակի ծախսերի հանրագումարը գերազանցում է երեք միլիոն Հայաստանի Հանրապետության դրամը կամ դրան համարժեք արտարժույթը:

Ծախսերի հայտարարագրին վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2021 թվականի հունվարի 1-ից: Հայտարարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք տարեկան հայտարարագրում ծախսերի վերաբերյալ տեղեկատվություն առաջին անգամ ներկայացնում են 2021 թվականի տարեկան հայտարարագրում` 2022 թվականի հունվարի 1-ից: 2021 թվականի հունիսի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձինք պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրում ներկայացնում են նաեւ ծախսերի վերաբերյալ տեղեկություններ:

 Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո համայնքապետարանների աշխատակազմի քարտուղարները, ավագանու անդամները, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը, Երեւան համայնքի ավագանու անդամները մինչեւ  2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագիր:

 2020 թվականի հունվարի 1-ից հետո պաշտոնեական պարտականություններն ստանձնած կամ դադարեցրած  հարկային, մաքսային ծառայությունների գլխավոր պաշտոններ զբաղեցնող անձինք, Ազգային Ժողովի աշխատակազմում  պետական ծառայության  եւ դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձինք մինչեւ  2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր:

Սույն հոդվածի 4-րդ մասով չսահմանված Ազգային Ժողովի աշխատակազմում պետական ծառայության  եւ դատական կարգադրիչների ծառայության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող անձինք մինչեւ  2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում 2019 թվականի տարեկան հայտարարագիր:

2020 թվականի մարտի 1-ի դրությամբ  դատավորի պաշտոնավարող օգնականները մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների ստանձնման հայտարարագիր: 2020 թվականի մարտի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած եւ 30 օրվա ընթացքում հայտարարագրման պարտականություն նախատեսող պաշտոնում չնշանակված դատավորի օգնականները մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում պաշտոնեական պարտականությունների դադարեցման հայտարարագիր:

2020 թվականի  հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածում պաշտոնեական պարտականությունները ստանձնած կամ դադարեցրած սույն հոդվածի 2-5-րդ մասերով չնախատեսված եւ  հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձինք մինչեւ 2020 թվականի նոյեմբերի 1-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ներկայացնում համապատասխանաբար պաշտոնեական պարտականությունների ստանձնման կամ դադարեցման հայտարարագիր:  

 

Մարիամ Մելքումյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին