Կարևոր իրադարձություններ

«Բելառուսում հեղափոխական իրավիճակի մասին պնդումները «միֆ» են». Լուկաշենկո

16 Սեպտեմբեր, 2020 16:25
«Բելառուսում հեղափոխական իրավիճակի մասին պնդումները «միֆ» են». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «միֆ» է անվանել Բելառուսում հեղափոխական իրավիճակի մասին պնդումները, գրում է «Բելտա» գործակալությունը։

«Հասարակության ինքնաբուխ ինքնակազմակերպումը, այսպես կոչված՝ հեղափոխական իրավիճակի հասունացումը, «ընտրությունների ոչ լեգիտիմությունը» և այլն, սրանք բոլորը միֆեր են», - ասել է նա Անկախության պալատում երկրի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։

Նա նշել է, որ նախագահական ընտրություններից հետո Բելառուսում ընդդիմության շարունակվող բողոքի ակցիաները նոր բան չեն և հիշեցրել է, որ նման իրադարձություններ երկրում տեղի են ունեցել նաև 1990-ականներին:

«Այն, ինչ տեղի է ունենում այսօր, մեզ համար անսպասելի կամ նոր բան չէ»,- ասել է նա։

Լուկաշենկոյի խոսքով՝ տարեցները կհիշեն, որ 1990-ական թվականներին Բելառուսում հազարավոր մարդիկ դուրս էին գալիս փողոցներ, մեքենաներ շրջում, այրում և «Մոլոտովի կոկտեյլներ» նետում խանութների ուղղությամբ։

Գործակալության հաղորդմամբ՝ Անկախության պալատում hանդիպմանը մասնակցել է շուրջ 300 մարդ՝ Բելառուսի խորհրդարանի երկու պալատների անդամներ, պետական մարմինների ղեկավարներ և մասնագետներ, նախագահի վարչակազմի աշխատակիցներ և զանգվածային լրատվամիջոցների ղեկավարներ:

Բողոքի ցույցերը Բելառուսում չեն դադարում օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից ի վեր. ընդդիմադիրներն ու նրանց կողմնակիցներն ամեն օր փողոց են դուրս գալիս՝ բողոքելով ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ հաղթող է ճանաչվել երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

 

Լրահոս

Դիտել ավելին