Կարևոր իրադարձություններ

Բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․ ՏԿԵ նախարար

15 Սեպտեմբեր, 2020 19:45
Բարեփոխումները, որոնք նախաձեռնել ենք, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության․ ՏԿԵ նախարար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր շնորհակալագրեր է հանձնել ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի լեռնամետալուրգիայի և քիմիական տեխնոլոգիաների ինստիտուտի աշխատակիցներին։ Այս մասին հայտնում են ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունից։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նրանց նախարարությանն աջակցելու և պինդ օգտակար հանածոների հանքավայրերի, ստորերկրյա ջրերի շահագործելի և կանխատեսումային պաշարների, ռեսուրսների դասակարգման կիրառման հրահանգների, մեթոդական ցուցումների մշակման գործընթացներում համագործակցելու համար։

«Շատ եմ կարևորում մեր գերատեսչության և ակադեմիական ոլորտի մեր գործընկերների համագործակցությունը։ Այն բարեփոխումների շղթան, որը նախաձեռնել ենք լեռնամետալուրգիայի, հանքարդյունաբերության ոլորտում, դժվար կլինի իրականացնել առանց գիտական մտքի աջակցության»,-իր խոսքում նշել է Ս․ Պապիկյանը՝ հավելելով, որ նախարարությունը վերջին մեկ տարվա ընթացքում մեծ ջանքեր է գործադրել այդ կապը վերագտնելու համար։

Ոլորտը համակարգող փոխնախարար Լիլիա Շուշանյանն իր հերթին հույս է հայտնել, որ համագործակցությունը շարունակական կլինի, նշելով, որ թեպետ այսօրվա շնորհակալագրերը միգուցե փոքր քայլ է կատարված և կատարվելիք հսկայական աշխատանքի դիմաց, բայց այս ճանապարհով նախարարությունը ցանկանում է իր շնորհակալությունը հայտնել այս կարևոր գործընթացներում աջակցելու համար։

Հանդիպմանը քննարկվել են համագործակցության ձևաչափին, ինչպես նաև նախարարությունը երիտասարդ մասնագետներով համալրելուն վերաբերող հարցեր։

 

Լրահոս

Դիտել ավելին