Կարևոր իրադարձություններ

ՀՀ ԲՏԱ նախարարն ու Արցախի էկոնոմիկայի նախարարը քննարկել են բջջային կապի սակագների իջեցումը

15 Սեպտեմբեր, 2020 18:16
ՀՀ ԲՏԱ նախարարն ու Արցախի էկոնոմիկայի նախարարը քննարկել են բջջային կապի սակագների իջեցումը

2020թ․ սեպտեմբերի 15-ին  ՀՀ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Արցախի Հանրապետության էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ԲՏԱ նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու հանրապետությունների փոստային կապի օպերատորների միջև փոստափոխադրման բնագավառում ծագած փոխհարաբերությունների կարգավորման, փոստային կապի ծառայությունների մատուցման ընդհանուր սկզբունքների մշակման, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում Արցախից մասնակիցների ներգրավվածության հարցին, կարևորվել համագործակցության խթանումը նաև այս ոլորտում:

Հակոբ Արշակյանը կարևորել է Արցախի երիտասարդության մասնակցությունը ՀՀ ԲՏԱ նախարարության կողմից իրականացվող կրթական ծրագրերում՝ մասնավորապես  տեխնոլոգիական 19 ուղղություններով կազմակերպվող առցանց դասընթացներում, «Վիրտուալ կամուրջ» և այլ ծրագրերում:

ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ երկու հանրապետությունների օպերատորների փոխգործակցությունը զգալի թեթևություն է առաջացրել ԱՀ֊ում և համագործակցության լավ հիմք դրել՝ հետագայում ծառայությունների պլանավորման և զարգացման առումով:

Լևոն Գրիգորյանն անդրադարձել է նաև ԱՀ֊ում ՏՏ ոլորտի զարգացման տեսլականին՝ ընդգծելով համատեղ ծրագրեր մշակելու, հայաստանյան փորձն ընդօրինակելու և տեխնոլոգիական ընտանիքի անդամ դառնալու կարևորությունը: Կապի, փոստային ոլորտում ծառայությունները հասանելի դարձնելու ուղղությամբ աշխատանքները, թվայնացման, կիբեռանվտանգության հետ կապված հարցերը ևս առաջնահերթությունների շարքում են: 

Աշխատանքային հանդիպման շրջանակներում տեղի են ունեցել նաև քննարկումներ երկու հանրապետությունների գործընկերների միջև, որոնց մասնակցել են  ՀՀ ԲՏԱ նախարարի տեղակալներ Գոռ Մելիքյանը և Վիկտորիա Պողոսյանը, միջազգային համագործակցության վարչության պետ Էմմա Սարգսյանը, «Հայփոստ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ինչպես նաև ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Թովմասյանը, ԱՀ «Արցախփոստ» ՓԲԸ գործադիր տնօրեն Գարիկ Գրիգորյանը: 

 

Լրահոս

Դիտել ավելին