Կարևոր իրադարձություններ

Մեքենան չի օգտագործվել հանձնաժողովի կարիքների համար, բայց դուրս է գրվել 9113 լիտր վառելիք. ապօրինություններ ՏՄՊՊՀ-ում

15 Սեպտեմբեր, 2020 17:50
Մեքենան չի օգտագործվել հանձնաժողովի կարիքների համար, բայց դուրս է գրվել 9113 լիտր վառելիք. ապօրինություններ ՏՄՊՊՀ-ում

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության աշխատակիցները բացահայտել են նախկինում կատարված հանցագործության դեպք:

Օպերատիվ տեղեկությունների հիման վրա նախապատրաստվել են նյութեր, ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակից պաշտոնատար անձինք մի շարք ընկերությունների օգտին կատարել են գործողություններ` ելնելով անձնական շահագրգռվածությունից, պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ:

Մասնավորապես, 2017 թվականի օգոստոսի 8-ին «Ստանդարտ դիալոգ» ընկերության տրամադրած` պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող փորձարկման արձանագրությունների համապատասխան սյունակներում ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատակիցները կեղծել են արտադրանքը սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու վերաբերյալ տվյալները: Կեղծիքի հետևանքով կաթնամթերք արտադրող 12 ընկերություն չի ենթարկվել օրենքով նախատեսված` տարեկան շրջանառության մեկ տոկոսի չափով վարչական պատասխանատվության, ինչը կազմել է ընդհանուր մոտ 155 միլիոն դրամ: Պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս:

Ստացվել են նաև փաստական այլ տվյալներ:

ՏՄՊՊ հանձնաժողովի պաշտոնատար անձինք, հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, 2015-2017 թվականներին երկու անձի հրամանագրել են փորձագետի և մասնագետի հաստիքներում` նրանցից մեկին ապօրինի հատկացնելով հիմնարկի հաշվեկշռում հաշվառված «Տոյոտա» մակնիշի մեքենա: Նշված անձինք աշխատանքի չեն հաճախել, սակայն նրանց անվամբ դուրս է գրվել աշխատավարձ և պարգևավճար: Մեքենան էլ չի օգտագործվել հանձնաժողովի կարիքների համար, բայց այդ ընթացքում դուրս է գրվել 9113 լիտր վառելիք: Այսպիսով, յուրացման և վատնելու միջոցով հափշտակվել է ավելի քան 12 միլիոն դրամ:

Դեպքերի առիթով հարուցվել է քրեական գործ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին