Կարևոր իրադարձություններ

Նախարարությունը ֆինանսավորումը կրճատել է, վարորդները չեն ցանկանում 200 դրամով աշակերտ տեղափոխել․ ինչու՞ են Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ որոշել երեխաներին դպրոց չուղարկել

15 Սեպտեմբեր, 2020 16:05
Նախարարությունը ֆինանսավորումը կրճատել է, վարորդները չեն ցանկանում 200 դրամով աշակերտ տեղափոխել․ ինչու՞ են Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ որոշել երեխաներին դպրոց չուղարկել
Այսօր Շիրակի մարզի Սարապատ համայնքի Սալուտ բնակավայրի բնակիչ Վահան Մինասյանն ահազանգել էր, որ այսօրվանից դադարեցվել է իրենց գյուղի աշակերտներին հարեւան համայնքում գտնվող դպրոց տեղափոխող միկրոավտոբուսի գործունեությունը, ինչի պատճառով իրենք պատրաստվում են 3 գյուղերի ծնողներով իրենց երեխաներին չուղարկել դպրոց, քանի որ ճանապարհը գնալգալով շուրջ 12 կմ է:
 

Նախկինում մարզպետարանը փոխադրամիջոց է տրամադրել որպեսզի աշակերտները կարողանան գնալ հարևան գյուղի դպրոց, սակայն Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով ֆինանսավորումը կրճատվել է և վարորդները չեն ցանկանում աշխատել։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Սարապատ համայնքի ղեկավար Արթուր Մանուկյանը։

«Հունվարի 1-ից օրենքը մտել է ուժի մեջ։ Մարզպետարանում էլ այդ հարցը քննարկվել է՝ կրթության վարչությունում էլ, ֆինվարչությունում էլ։  Ես տեղյակ եմ մանրամասներից, նոր էլ մարզպետի հետ էի զրուցում։ Օրենքը սահմանել է  հետևյալը՝ այն  տարածքներում, որտեղ  ընդգծված, մրցույթով շահած երթուղի չկա, տեղափոխումը պետք է իրականացվի  200 դրամով յուրաքանչյուր աշակերտի համար։ Ութ  աշակերտ՝ Սալուտից,  6-ը՝ Վարդաղբյուրից և 10-ը Հարթաշեն գյուղերից են»- ասաց գյուղապետը։

Խնդիրը կայանում է նրանում, որ մարզպետարանը գումարը փոխանցում է ծնողներին, ծնողներն էլ պետք է վճարեն վարորդներին, սակայն, դժգությունը գալիս է վարորդներից, վերջիններս չեն ցանկանում յուրաքանչյուր աշակերտի 200 դրամով տեղափոխել․

 

«Մարզպետարանը տալիս է այդ գումարը, բայց  տնտեսվարողը (վարորդը) համարում է, որ այդ գումարը քիչ է և այդ գումարով չի ցանկանում երթևեկել։ Նախկինում երեք գյուղերից   տարրական և ավագ դպրոցներ գնալու համար տարեկան տրամադրվել է 2մլն դրամ՝ մեքենայի սպասարկում, վառելիքի, վարորդի աշխավարձ։ Հիմա այդ գումարը քիչ է կազմում, դրա համար վարորդը չի ցանկանում տեղափոխել։ Մարզպետի հետ քննարկում էի, մարզպետն առաջարկում է, որ համայնքն ինչ որ ձևով աջակցի»,- ասաց նա։

Գյուղապետի խոսքով՝ ինքը մինչ այս աջակցություն ցուցաբերել է։ Հունվար ամսից, երբ նախարարի հրամանն ուժի մեջ է մտել, ֆինանսավորման տարբերությունը՝ 3 դպրոցների վճարել է․ «Իրենց հետ նախօրոք պայմանավորվել ենք, որ սեպտեմբերից 200 դրամով պետք է երթևեկեն, եթե տնտեսվարողը չի համաձայնվում, սեփական մեքենաներով պետք է գնան։ Հիմա վարչական շրջանի ղեկավարաներին հանձնարարել եմ իրենց սեփական մեքենաներով տեղափոխեն, որ դասապրոցեսը չխաթարվի, մինչև մարզպետի հետ վերջնական քննարկենք։ Բնականաբար, չեմ թողնի, որ երեխաները դպրոց չգնան։ Պետք է միջոցներ ձեռնարկենք, բայց շատ արագ չենք կարող։ Պետք է պայմանավորվենք՝ երեխաներին տեղափոխեն, մինչև այս խնդիրը լուծենք։

Պետք է նշեմ, որ ավտոբուսները նախկինում պատկանել են նախարարությանը, հիմա քանի որ վարորդներին չի բավարարում ֆինանսավորումը, դրա համար վարորդները հրաժարվում են։ Օրինակ եթե նախկինում ենթադրենք ստացել են 80 հազար դրամ, կամ մինիմում աշխատավարձի չափով, հիմա ավելի քիչ է կազմում։ Համարում են, որ իրենց կատարած աշխատանքը շատ է, ստացած եկամուտը՝ քիչ։ Դրա համար չեն ցանկանում աշխատել»,-ասաց գյուղապետը։ 

 

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին