Կարևոր իրադարձություններ

Արևաշատի 24-ամյա բնակիչը մարմնական վնասվածքներ է պատճառել համագյուղացիներին. մեղադրանք է առաջադրվել

15 Սեպտեմբեր, 2020 13:41
Արևաշատի 24-ամյա բնակիչը մարմնական վնասվածքներ է պատճառել համագյուղացիներին. մեղադրանք է առաջադրվել

Արևաշատ համայնքի 24-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել համագյուղացիներին մարմնական վնասվածք պատճառելու համար: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ ներկայացնելով դեպքի մանրամասներ.

2020 թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 23:55-ին, «Աստղիկ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնևմոթորաքս» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Արևաշատ համայնքի 27-ամյա բնակիչը:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2020թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Արևաշատ համայնքում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նույն համայնքի 24-ամյա բնակիչն իր մոտ պահած սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է 27-ամյա համագյուղացուն՝ դիտավորությամբ վերջինիս առողջությանը պատճառելով կրծքավանդակի ձախ կեսի թափանցող վնաս։ Բացի այդ, 24-ամյա երիտասարդը նույն միջադեպի ընթացքում հարվածել է նաև համագյուղացու ընկերոջ՝ 25-ամյա երիտասարդի դեմքին՝ պատճառելով մարմնական վնասվածք:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 24-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով և 118-րդ հոդվածով (ծեծը): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը:

Նախաքննությունը շարունակվում է:

 

Լրահոս

Դիտել ավելին