Կարևոր իրադարձություններ

Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է․ ՇՄ նախարարություն

15 Սեպտեմբեր, 2020 12:20
Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է․ ՇՄ նախարարություն

Սեւանա լճում սիգի արդյունագործական որս իրականացնելու հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 16-ն է։ Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Սեպտեմբերի 18-ին կգործարկվի Սեւանա լճում սիգի փորձարարական արդյունագործական ձկնորսության լրամշակված կարգը։ Սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսություն իրականացնելու համար նախատեսված 300 տոննա սահմանաչափն այս պահին դեռեւս սպառված չէ։

Շրջակա միջավայրի նախարարությունը հորդորում է բոլոր այն քաղաքացիներին, որոնք Սեւանա լճում զբաղվում են սիգի արդյունագործական ձկնորսությամբ, մինչեւ սեպտեմբերի 16-ը հայտեր ներկայացնել «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ, ապա պայմանագրեր կնքել Շրջակա միջավայրի նախարարության հետ՝ ձկնորսությունն  օրինական կարգով իրականացնելու համար։

Կարգի գործարկման պահից՝ սեպտեմբերի 18-ից, յուրաքանչյուր քաղաքացի, որը Սեւանա լիճ մուտք կգործի արդյունագործական որս իրականացնելու համար՝ չունենալով Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքված պայմանագիր, կենթարկվի վարչական պատասխանատվության։

Որսված ձուկը կառգրավվի՝ օրենքով սահմանված կարգով։

Հավելեք նաեւ, որ Սեւանա լճում սիգի փորձարարական արդյունագործական որսը հսկվելու եւ վերահսկվելու է Ոստիկանության, Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի, Շրջակա միջավայրի նախարարության «Սեւան» ազգային պարկ ՊՈԱԿ-ի նոր կազմավորված, առափնյա եւ ջրային շուրջօրյա հերթապահություն իրականացնող հատուկ պահնորդական ջոկատի աշխատակիցների կողմից։

 Հիշեցնենք, որ նախագծում իրականացված լրացումների համաձայն․

-  Սեւանա լճում արդյունագործական ձկնորսությունը կթույլատրվի իրականացնել նաեւ Փոքր Սեւանի հատվածում։

- Նախկինում հաստատված 17 տեղամասերին կավելացվեն եւս 8-ը։ Սեւանա լճի ողջ ավազանում կգործի «Սեւան» ազգային պարկի կողմից հսկվող ընդհանուր 25 տեղամաս։

- Նոր լրացումներով կթույլատրվի որսալ առնվազն 400 գրամ եւ ավելի քաշ ունեցող սիգ ձկնատեսակ՝ նախկին 500 գրամի փոխարեն։

-Վերանայվել է նաեւ Սեւանա լճում սիգի արդյունագործական որսի առավելագույն չափաքանակը։ Նախագծով հաստատված նոր սահմանաչափը կկազմի 300 տոննա։

Հավելենք նաեւ, որ փորձարարական ձկնորսության շրջանի վերջնաժամկետ է սահմանվել սույն թվականի նոյեմբերի 30-ը ներառյալ:

 

Լրահոս

Դիտել ավելին