Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    483
    488,5

  • EUR

    570
    580

  • RUB

    6,3
    6,55

Կարևոր իրադարձություններ

Համայնքի ղեկավարի պաշտոնը՝ կռվախնձոր․ Եղեգնուտի բնակիչներն այսօր բողոքի ակցիա կիրականացնեն

11 Սեպտեմբեր, 2020 10:44
Համայնքի ղեկավարի պաշտոնը՝ կռվախնձոր․ Եղեգնուտի բնակիչներն այսօր բողոքի ակցիա կիրականացնեն

Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնը դարձել է կռվախնձոր։ 27 տարի ղեկավարած նախկին համայնքապետն ուզում է վերադառնալ,  սակայն գյուղացիները դեմ են։


Համայնքի բնակիչներն այսօր՝ սեպտեմբերի 11-ին, պատրաստվում են բողոքի ակցիա իրականացնել ՀՀ կառավարության շենքի դիմաց։

Պահանջում են, որպեսզի համայնքի նախկին ղեկավարը չվերականգնվի համայնքի ղեկավարի պաշտոնում:

«Ես համայնքի ժամանակավոր պաշտոնակատարն եմ եղել, լիազորությունները դադարեցված են եղել ամսի 22-ին։ Եղեգնուտի ժողովուրդը չի նահանջելու, չի թողնելու, որ հին ղեկավարը վերադառնա։ Եղեգնուտում այսօր գործում  է երկու գյուղապետարան, երկու կնիք, որը չլսված բան է աշխարհում»,- այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց Եղգնուտ համայնքի ղեկավարի ժ/պ Ռազմիկ Մկրտչյանը։

Ռազմիկ Մկրտչյանի խոսքով՝ նախկին ղեկավարը՝ Ռազմիկ Մարգարյանը,  ինչ-որ մարդկանց թույլատվությամբ կնիք է ձեռքբերել, գյուղի շենքերից մեկի վրա եռագույնն  է ամրացրել՝ այն դարձնելով գյուղապետարանի շենք, և աշխատակազմ է հավաքել ու աշխատում է։

«Մարզպետարանը որոշել է, որ Ռազմիկ Մարգարյանը երկու տարի բացակայելուց հետո պետք է վերադառնա իր գործին։ Իբր դատարանում կա կայացած ակտ, որտեղ բառ անգամ չկա իր վերադարձի մասին։ Երեք ամիս է գյուղապետարանը փակ է, մարդիկ իրենց ունեցած բերքը չեն կարողանում հանձնել գործարաններին, տեղեկանք չեն տրամադրում, ինչի մասին ա խոսքը։ Իհարկե սա դժգոհությունների ալիք է բարձրացրել։ Եթե հին կնիքը չի կորել՝ գործող է, նոր կնիք են հանում, նոր գյուղապետարան են բացում, անօրինակություն չի՞»,- ասաց Ռազմիկ Մկրտչյանը։

Գյուղացիներն առաջարկում են ժամանակավոր պաշտոնակատար նշանակել և նոր ընտրություններ անցկացնել․ «600-ից ավելի ստորագրություններ են ներկայացրել կառավարություն, որ ընտրություններ անցկացվեն։ Ամեն քայլի համաձայն են, բացի հնի վերադարձից։ Իսկ իրենք ասում են՝ չէ, հինը պետք է վերադառնա»,- ասաց Մկրտչյանը։

 Հիշեցնենք, որ Հայաստանում  իշխանափոխությունից հետո Ռազմիկ Մարգարյանը գյուղացիների ճնշմամբ լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում էր ներկայացրել, ինչը, սակայն  չէր ընդունվել ավագանու կողմից։ 

Նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը 24.08.2018թ. «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին» թիվ 287 որոշումով համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակել Ռազմիկ Մկրտչյանին։ 

Ռազմիկ Մարգարյանը մարզպետի որոշումն անվավեր ճանաչելու, կնիքն ու աշխատասենյակն  իրեն հանձնելու պահանջելով դիմել էր վարչական դատարան, սակայն  հայցադիմումը մերժվել էր։ Ռազմիկ Մարգարյանը դիմել էր Վերաքննիչ վարչական դատարան։

2019թ. նոյեմբերի 5-ին վերաքննիչ դատարանը մասամբ բավարարել է բողոքը՝ անվավեր ճանաչելով միայն ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու մասին որոշումը։ Ժամանակավոր պաշտոնակատար Ռազմիկ Մկրտչյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, ինչը վարույթ չի ընդունել։ 

 

 Մարիամ Մելքումյան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին