Կարևոր իրադարձություններ

Vivaro-ն տուգանվել է․ Բադալյան եղբայրները Մալթայի քաղաքացիներ են. Hetq.am

11 Սեպտեմբեր, 2020 09:24
Vivaro-ն տուգանվել է․ Բադալյան եղբայրները Մալթայի քաղաքացիներ են. Hetq.am

Hetq.am-ը գրում է.

Մալթայի Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժինը (FIAU) երբևէ ամենամեծ տուգանքն է կիրառել խաղային ընկերութան, այն է՝ Մալթայում գործող «Vivaro Ltd»–ի նկատմամբ: 733.160 եվրո տուգանք է նշանակվել այն բանից հետո, երբ FIAU-ն ստուգումներ է իրականացրել և օրենքի 10 խախտում հայտնաբերել հեռահար խաղերի օպերատոր Vivaro Ltd-ի գործունեության մեջ։ Այս մասին տեղեկանում ենք Times of Malta-ից։ 

Ընկերությունը չի կապակցել նույն լիցենզիայով տարբեր բրենդների ներքո խաղացող օգտատերերին։

Արձանագրվել է նաև գործունեության անարդյունավետ մոնիտորինգ, ինչպես նաև եկամտի պատշաճ աղբյուրների և ֆինանսավորման միջոցների բացակայություն։ Փոխանցումների մոնիտորինգի վերլուծական համակարգում նույնպես թերություններ են հայտնաբերվել։

Տեղում կատարված ուսումնասիրություններով պարզվել է, որ ընկերությունը խաղացողներին «բարձր ռիսկի» դասել է միայն այն ժամանակ, երբ վերջիններս խաղերի վրա ծախսել են 2000 եվրոյից ավելի։ Մասնավորապես, Շահումով խաղերի վարչության ու Ֆինանսական հետախուզության վերլուծության բաժինների ներկայացուցիչները տեղում արձանագրել են, որ 30 օգտատերեր հատել են 2000 եվրոյի սահմանը, սակայն չեն դասվել որպես «բարձր ռիսկի» խաղացողներ։ Այդպիսով FIAU-ն արձանագրել է, որ ընկերությունը չի հետևում նույնիսկ իր սահմանած կանոններին։

Ընկերությունը նաև բավարար տեղեկություններ չի հավաքել՝ հասկանալու համար, թե ինչ խաղացողների հետ է առնչվում: 

FIAU-ն նշել է, որ «Վիվառո»-ի տնօրենների խորհուրդը հաստատել է ռիսկերի գնահատման վերաբերյալ իր վարքականոնը, սակայն չի նշվել, թե երբ է այն հաստատվել կամ վերանայվել, և FIAU-ն այն ոչ ադեկվատ է գնահատել։

Վարչական տուգանքից բացի, FIAU- ն հանձնարարել է ընկերությանը վերացնել թերությունները:

Ինչ են անում Բադալյանները Մալթայում

«Վիվառո»-ի հիմնադիր, գործարար եղբայրներ Վիգեն և Վահե Բադալյանները Մալթայում մի քանի ընկերություն են գրանցել իրենց բիզնեսը ծավալելու համար: Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիումի (ICIJ) հետ իրականացվող Paradise Papers նախագծի շրջանակներում մեր ձեռքի տակ են Բադալյանների ընկերությունների փաստաթղթերը, որոնք ուսումնասիրում ենք դեռևս 2018թ․-ից։ Ըստ այդմ՝ նրանք բաժնետեր են Մալթայում գրանցված առնվազն 3 ընկերության: 2008-ին Մալթայում գրանցել են Vivaro Ltd ընկերությունը, իսկ 2015-ի օգոստոսին իրենց բաժնեմասը եղբայրները փոխանցել են Մեն կղզում գրանցված Soft Construct Limited-ին: 2014-ին նրանք Մալթայում ևս գրանցել են Soft Construct Malta Ltd, որի սեփականատերը կրկին Մեն կղզու գրանցումով Soft Construct Limited-ն է, իսկ 2015-ին Մալթայում գրանցել են FC Capital (Malta) Limited ընկերությունը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին