Կարևոր իրադարձություններ

Թեժ քննարկումներ. ծնողները դժգոհ են մանկապարտեզ հաճախելու կարգից. որ դեպքում փոփոխություններ կլինեն․ «Ժողովուրդ»

10 Սեպտեմբեր, 2020 08:02
Թեժ քննարկումներ. ծնողները դժգոհ են մանկապարտեզ հաճախելու կարգից. որ դեպքում փոփոխություններ կլինեն․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված արտակարգ դրությունը դեռ պահպանվում է, եւ որքան էլ սեպտեմբերի 11-ից հետո այն կոչվելու է կարանտին, այնուամենայնիվ, ռեժիմը նույնն է: Եւ ինչպես բառն է հուշում, արտակարգ դրության ժամանակ ենթադրվում են ոչ դասական լուծումներ: Մանկապարտեզների թեման ողջ երկրում լուրջ խնդիր է դարձել: Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 15-ից պետք է վերաբացվեն մանկապարտեզները, սակայն առկա են մի քանի կանոններ, մասնավորապես՝ 10-12 հոգանոց խմբեր պետք է լինեն, առաջնահերթությունը տրվելու է աշխատող ծնողների 5-6 տարեկան երեխաներին, առաջին կամ երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող ծնողի երեխային, տվյալ հաստատություն աշխատակցի երեխային, իսկ հերթագրված երեխաների ընդունելությունը ժամանակավորապես կասեցված է: Եւ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը բազմաթիվ ծնողներից ահազանգեր է ստացել, որ մանկապարտեզի տարիքի երեխաներին չեն կարողանում տեղավորել մանկապարտեզներում, ունեն 5 տարեկանից փոքր տարիքի երեխա, ինչպես վարվել:

«Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Երեւանի քաղաքապետարան՝ հասկանալու համար, թե ինչ է անում քաղաքային իշխանությունը խնդիրը կարգավորելու համար. ի վերջո, կան բազմաթիվ ծնողներ, որոնք ունեն մանկապարտեզային տարիքի երեխա եւ կանգնած են իրենց աշխատանքը կորցնելու վտանգի առաջ: Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը, որը համակարգում է մայրաքաղաքի դպրոցների եւ մանկապարտեզների աշխատանքը, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեց, որ մանկապարտեզների եւ դպրոցների տնօրենների հետ խորհրդակցություններ է անցկացնում:


«Մանկապարտեզները սեպտեմբերի 15-ից ողջ ծավալով բացվելու են, բայց կան պարետատան կողմից ներկայացված կանոններ: Եվ, ըստ նոր կանոնների, մենք հնարավորություն կունենանք 31 հազար երեխաներից ապահովել 29-30 տոկոսի հաճախելիություն: Եթե առաջին փուլով հասկանանք, որ այս պահին թույլատրելի 10 հազար տեղը չի լրանում, եւս մի քանի խմբի կսկսենք ներառել այս համակարգում, որ կարողանան իրենց երեխաներին բերել: Ինչ վերաբերում է ընդունելությանը, քանի որ մենք հիմա ունենք հերթի մեջ սպասող անձանց, ապա նոր անձանց հերթագրումների մասին խոսք լինել չի կարող», – նշեց Վիրաբյանը:

Փառահեղ պատասխան, փառահեղ կառավարում, փառահեղ որոշում: Թվում է՝ քաղաքապետարանը քափ ու քրտինքի մեջ աշխատում է, Տիգրան Վիրաբյանը մտատանջվում է՝ ինչպես անել, որ մանուկները կարողանան իրենց կյանքի կարեւորագույն սոցիալականացման խնդիրը կարգավորել, բայց ստացվում է, ինչպես միշտ: Վատ կառավարման արդյունքում երեխաների մեծ մասը մնալու են մանկապարտեզից դուրս, իսկ շատ ծնողներ՝ գործազուրկ: Բայց գլխավորն այն է, որ Տիգրան Վիրաբյանը խորհրդակցություններ է կազմակերպում, ոչինչ, որ խնդիրը այդպես էլ չի լուծվելու: Հիշեցնենք որ հունիսից ՀՀ-ում մանկապարտեզներն ու դպրոցները փակ են, ու կոնկրետ Վիրաբյանն ու նրա՝ լրազորություններով օժտված պաշտոնյաները երեք ամիս ժամանակ ունեին այսօրվա խնդիրը կարգավորելու, արտակարգ լուծումներ գտնելու համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին