Կարևոր իրադարձություններ

ԵԽԽՎ նախագահը նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ ներկայացնելով մտահոգության 4 առարկա

17 Հոկտեմբեր, 2015 14:52
ԵԽԽՎ նախագահը նամակ է հղել Իլհամ Ալիևին՝ ներկայացնելով մտահոգության 4 առարկա

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը նամակով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որում խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանում ժողովրդավարության, մարդու իրավունքների ու իրավունքի գերակայության ոլորտներում իրավիճակի վատթարացման կապակցությամբ։

Այդ մասին նշված է հոկտեմբերի 16-ին ԵԽԽՎ-ի տարածած պաշտոնական հայտարարությունում։ Հիշեցնելով Եվրոպայի խորհրդի առջև Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների ու պարտականությունների մասին՝ ԵԽԽՎ նախագահը մասնավորապես թվարկել է մտահոգիչ 4 հիմքեր:

«Ոչ վաղ անցյալում ապշեցուցիչ տևական ազատազրկումների դատապարտվեցին մի շարք լրագրողներ ու իրավապաշտպաններ։ Դատական այդ որոշումները բացասաբար են ազդում Ադրբեջանում խոսքի ազատության ու բազմակարծության վրա և հակասում են ԵԽ-ի առջև երկրի ստանձնած պարտավորություններին ու պարտականություններին»,- ասել է ԵԽԽՎ նախագահը։

Բրասերի խոսքերով՝ մյուս հիմքն առնչվում է ազատազրկման մեջ գտնվող իրավապաշտպանների ու քաղաքացիական հասարակության ակտիվիստների հալածանքներին, նվաստացմանն ու ֆիզիկական հաշվեհարդարին։ Այդ պլանում նա մեջբերել է Իլգար Մամեդովի ու Ինթիգամ Ալիևի օրինակները, ինչպես նաև Լեյլա ու Արիֆ Յունուսների դրությունը և Իլհամ Ալիևին կոչ է արել միջամտել ու վերջ դնել բանտարկյալների ահաբեկմանը։

Որպես մտահոգության երրորդ առարկա՝ Բրասերը նշել է Իլգար Մամեդովի գործով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումն ի կատար ածելուց Ադրբեջանի հրաժարվելը։ Ըստ այդ որոշման՝ Մամեդովը պետք է ազատ արձակվի։ Բրասերն Ալիևին կոչ է արել երկրի իշխանությունների հետ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ այդ սխալն ուղղելու համար։

Բրասերի մատնանշած չորրորդ կետն էլ առնչվում է ԵԽԽՎ-ի, ինչպես նաև ԵԽ-ի Վենետիկյան հանձնաժողովի մատնանշած մի շարք խորհուրդները Ադրբեջանի կողմից չիրագործելուն, որոնք առնչվում են ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելուն։ Բրասերը վերստին կոչ է արել կատարել այդ խորհուրդները՝ 2015 թվականի նոյեմբերի 1-ին ապահովելու համար այնպիսի քվեարկություն, որը կհամապատասխանի ԵԽ-ի չափորոշիչներին։

 

Լրահոս

Դիտել ավելին