Կարևոր իրադարձություններ

«Սևան» ազգային պարկում 10 օր է գործում է պահնորդական հատուկ ջոկատ

08 Սեպտեմբեր, 2020 18:06
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
«Սևան» ազգային պարկում 10 օր է գործում է պահնորդական հատուկ ջոկատ

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Շրջակա միջավայրի նախարարության «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում իրականացվող կադրային խորքային բարեփոխումների ու նոր քաղաքականության ներդրման արդյունքում կազմավորված ազգային պարկի պահնորդական հատուկ ջոկատն իր ողջ հզորությամբ արդեն գործում է մոտ 10 օր։

24 հոգուց բաղկացած հատուկ ջոկատի աշխատանքային պարտականություններն են

«Սևան» ազգային պարկի ողջ տարածքում շուրջօրյա ջրային և ցամաքային պահպանության իրականացումը

իրավախախտումների նախականխումը

ապօրինի ձկնորսության դեմ պայքարը

շուրջ 147․000 հեկտար ընդհանուր տարածքի՝ այդ թվում նաև Սևանա լճի ողջ հայելու հսկողությունն ու մշտադիտարկումը

Պահնորդական հատուկ ջոկատը ձևավորվել է մեծամասամբ իրավապահ համակարգում և ուժային կառույցներում ծառայություն անցած քաղաքացիներով, որոնք ունեն բազմամյա մասնագիտական փորձ, ծանոթ են հատուկ ստորաբաժանումների աշխատանքի բնույթին և կառուցվածքին, ունակ են ժամանակին և արդյունավետ պայքարել իրավախախտումների դեմ՝ իրենց լիազորությունների շրջանակում։

Ջոկատը հերթապահությունն իրականացնում է 24-ժամյա ռեժիմով՝ երեք հերթափոխով։ Բացի ահազանգերին օպերատիվ արձագանքումը՝ խումբը պարբերական այցերով լինում է «Սևան» ազգային պարկի տարբեր տեղամասերում և հատվածներում։ ՇՄՆ «Սևան» ազգային պարկի կողմից հատուկ ջոկատի կարիքների համար տրամադրվել են տրասնպորտային միջոցներ՝ դեպքերին արագ արձագանքելու և բնապահպանական իրավախախտումներին արդյունավետ հակազդելու համար։

Տեսանելի ապագայում պահնորդական ջոկատին կտրամադրվեն նաև արագընթաց լողամիջոցներ՝ Սևանա լճի ողջ հայելու վրա ամենժամյա հերթապահություն իրականացնելու համար։

Կարճաժամկետ հեռանկարում նախատեսվում է խումբը զինել կարողությունների ընդլայնմանն ուղղված անհրաժեշտ նորագույն տեխնիկայով ևս, ինչպես օրինակ՝ ամբողջ տարածքի օդային մշտադիտարկման համար անհրաժեշտ սարքավորումներով, գիշերային տեսանելիության միջոցներով։

Պահնորդական հատուկ ջոկատն իր գործունեության կարճ ժամանակահատվածում արդեն իսկ կանխարգելել է մի շարք դեպքեր։ Վերջերս Կարճաղբյուր գետի ստորին հատվածներում ջոկատի կողմից հայտնաբերվել և հեռացվել էր մանրաձկան որսի համար նախատեսված հատուկ ցանցավանդակ, որի միջոցով փորձ էր կատարվել որսալ շուրջ տասն օր առաջ Սևանա լիճ բաց թողնված իշխանի գեղարքունի տեսակի մանրաձկան խմբաքանակ։

Հիշեցնեմ, որ Սևանա լճի կենսապաշարների վերականգնման և լճի առողջացմանն ուղղված աշխատանքների շրջանակներում պետական բյուջեից տրամադրված միջոցներով Կարճաղբյուր և Մասրիկ գետեր էին բաց թողնվել շուրջ 280․000 հատ իշխանի գեղարքունի տեսակի կենսունակ մանրաձկներ։

Ջոկատը նաև հերթապահություն է իրականացնում ազգային պարկի տարածքում գտնվող Նորաշենի արգելավայրի հատվածում, որտեղ այս փուլում գործում է քաղաքացիների մուտքի հատուկ ռեժիմ։

Այս պահին իրականացվում են մասնագիտական և տեսչական ստորաբաժանումների համալրման և ծառայությունների որակի բարձրացմանն ուղղված համալիր ծրագրեր։ «Սևան» ազգային պարկ ՊՈԱԿ-ում ընթացող բարեփոխումները կրելու են շարունակական բնույթ։ Կատարվող աշխատանքները վերջնարդյունքում պետք է հանգեցնեն ազգային պարկի աշխատակազմի մասնագիտական ունակությունների բարելավմանը, աշխատանքի որակի և արդյունավետության բարձրացմանը, օրինականության և ինստիտուցիոնալ բաղադրիչների կայացմանն ու ամրապնդմանը»։

 

Լրահոս

Դիտել ավելին