Կարևոր իրադարձություններ

Ես ինքս առանձին դեպքերում դատական նիստերը ձգձգելու միտում եմ տեսնում. Ռուստամ Բադասյան

08 Սեպտեմբեր, 2020 13:51
Ես ինքս առանձին դեպքերում դատական նիստերը ձգձգելու միտում եմ տեսնում. Ռուստամ Բադասյան

Կարծում եմ՝ ճիշտ չէ կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով Մարտի 1-ի իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների հայտարարություններին: Վերջինները երեկ ասուլիսի ընթացքում հայտարարել էին, որ 2018 թ․- հեղափոխությունից հետո դատական համակարգում փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Ի թիվս մի շարք հայտարարություններին նրանք նաև նշել էին, որ այլևս չեն մասնակցելու Մարտի 1-ի գործով դատավարությանը։

«Ես ճիշտն ասած ամբողջությամբ ծանոթ չեմ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների հայտարարությանը և իրենց պատճառաբանություններին, բայց կարծում եմ դատաիրավական բարեփոխումները, որոնք կատարվում են, բավական ինտենսիվ ընթացքի մեջ են: Բազմիցս մենք պարզաբանել ենք թե՛ այդ բարեփոխումների էությանը և բովանդակությանը, թե՛ կոնկրետ ձեռնարկվող քայլերը։ Կարծում եմ՝ ճիշտ չի կոնկրետ գործի քննության հետ կապել դատաիրավական բարեփոխումների ամբողջական ընթացքը»,-ասաց նա։

Բադասյանը նշեց, որ առանձին դեպքերում արդարադատությունից խուսափելու միտումներ է տեսնում։ «Այս գործը չի ուզում քննի ինչ-որ դատավոր, կամ ինչ-որ դատավոր ինքնաբացարկ է հայտնում այն պարագայում, երբ ինքնաբացարկի հիմքեր չկան, այս խնդիրները կուտակված են տարիներ շարունակ։ Չի կարելի ինքնանպատակ ինքնաբացարկ հայտնել»։

Բադասյանը անլուրջ է համարում այն կարծիքը, ըստ որի Գերագույն դատարանը ստեղծվում է Հրայր Թովմասյանին ՍԴ-ից հեռացնելու համար։ «Այդ հարցը ինձ ուղղվում է, դա զարմանալի է, որովհետև չկա նման մի մարդ կամ մարդկանց խումբ, ում պատճառով կամ ում չեզոքացնելու համար հնարավոր է կայացնել  բարձրագույն դատական մարմինները միավորելու որոշում։ Դա գաղափարական որոշում է, դա սահմանադրականության ոգին դատական համակարգ բերելու խնդիր է լուծում և դա ինտիտուցիոնալ ու հեռուն գնացող բարեփոխում է, որը արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար դատական համակարգում փոփոխությունների շարքը շարունակելու միտումով»։

Նախարարը նաև ընդգծեց, որ Գերագույն դատարանի հետ կապված պլանավորում են հոկտեմբերի վերջին ունենալ հայեցակարգ, որը կդրվի հանրային քննարկման։

 

 

Լրահոս

Դիտել ավելին