Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    482,5
    487,5

  • EUR

    560
    570

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի չարաշահումները (տեսանյութ)

07 Սեպտեմբեր, 2020 23:34
Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի չարաշահումները (տեսանյութ)

Բացահայտվել են Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված չարաշահումների հետևանքով պետությանը շուրջ 11 միլիոն դրամի վնաս պատճառելու դեպքեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Մասնավորապես, այս տարվա մարտին հիշյալ ՀՈԱԿ-ի կարիքների՝ Երևանում գարնանային էտի աշխատանքների կազմակերպման համար մեքենա-մեխանիզմների վարձակալություն ծառայության գնման մրցույթի արդյունքում մարտի 18-ին ՀՈԱԿ-ի և սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության միջև կնքված 9 միլիոն 500 հազար դրամի պայմանագրի շրջանակներում կապալառու կազմակերպության կողմից փաստացի մատուցված լինելով բեռնատարների մասով՝ 703 ժամի, իսկ ավտոաշտարակների մասով՝ 552 ժամի ծառայություն, ընկերության տնօրենը, առանձնապես խոշոր չափերով գույքը խաբեությամբ հափշտակելու դիտավորությամբ, դուրս էր գրել բեռնատարների մասով 976 ժամի, իսկ ավտոաշտարակների մասով` 909 ժամի, ընդհանուր 631 ժամով ավելի գումարների հաշիվ-ապրանքագրեր, իսկ ՀՈԱԿ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց հերթին ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և իրենց պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով, պատշաճ կերպով չեն ուսումնասիրել ծառայությունների մատուցման վերաբերյալ կազմված հանձնման-ընդունման արձանագրություն-հաշվետվությունները:

Արդյունքում, ՍՊ ընկերության կողմից խարդախությամբ հափշտակվել է ընկերությանն ավել փոխանցած, առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 3 միլիոն 155 հազար դրամը:

Բացի այդ, նշված ՀՈԱԿ-ի տնօրենը, իր պաշտոնեական լիազորությունները ծառայության շահերին հակառակ օգտագործելով, կազմակերպության կողմից արդեն իսկ 200 դրամով 50 հազար հատ ճապկի թուփ ձեռք բերելու պայմաններում, այս տարվա ապրիլին հրաման է արձակել առանց գնային առաջարկի ևս 50 հազար հատ ճապկի թուփ ձեռք բերել:

Այնուհետև նշված մրցույթում հաղթող է ճանաչվել մեկ թփի համար 400 դրամ առաջարկած սահմանափակ պատասխանատվությամբ մեկ այլ ընկերություն, ինչից հետո ՀՈԱԿ-ի տնօրենը, անտեսելով նույն ապրանքը կրկնակի թանկ գնելու վերաբերյալ մրցույթի հանձնաժողովի նախագահի առարկությունները, բանավոր ցուցում է տվել կնքել տվյալ գնման պայմանագիրը, ինչի արդյունքում 20 հազար հատ ճապկի թփերը մատակարարվել են կրկնակի թանկ. հատը` 400 դրամով, իսկ մնացած 30 հազար հատը, հետագա բանակցությունների արդյունքում՝ 200 դրամով: Միևնույն ժամանակ, ՀՈԱԿ-ի կողմից հայտարարված տարբեր գնման մրցույթների շրջանակներում կազմակերպության տնօրենը նույն դրդապատճառներով և եղանակով բանավոր կարգադրություններ է տվել հանձնաժողովի անդամներին գնման հայտերում՝ համայնքի կանաչապատման համար նախապես կազմված բույսերի ցուցակում չընդգրկված շուրջ 10 տեսակի այլ տնկիներ ներառնելու վերաբերյալ, ինչի արդյունքում ձեռք է բերվել ընդհանուր 11 միլիոն 915 հազար դրամ արժողության տարբեր տեսակի թանկարժեք տնկիներ, սակայն համայնքի կարիքների համար օգտագործվել է միայն դրանց մի մասը, իսկ մնացած՝ 3 միլիոն 640 հազար դրամ արժեքով տնկիներն այդպես էլ չեն օգտագործվել:

Ապօրինությունների հետևանքով կազմակերպությանը պատճառվել է շուրջ 7 միլիոն 640 հազար դրամի՝ առանձնապես խոշոր չափերի վնաս:
Դեպքերի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին