Կարևոր իրադարձություններ

Հիմքեր չկան ենթադրելու, որ Ադրբեջանը չի կրկնի ագրեսիայի իր փորձը. Արցախի ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը Բարսելոնայում գործող Nationalia լրատվական գործակալությանը

07 Սեպտեմբեր, 2020 19:41
 Հիմքեր չկան ենթադրելու, որ Ադրբեջանը չի կրկնի ագրեսիայի իր փորձը. Արցախի ԱԳՆ ղեկավարի հարցազրույցը Բարսելոնայում գործող Nationalia լրատվական գործակալությանը

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, թե ինչ տեմպերով եւ ծավալներով է Ադրբեջանը մեծացնում իր զինանոցը, պարզ է դառնում, որ Ադրբեջանը զենք է գնում ոչ թե պահեստում պահելու, այլ մի օր օգտագործելու մտադրությամբ: Այս մասին Բարսելոնայում գործող Nationalia լրատվական գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը:

«Եվ Ադրբեջանը յուրաքանչյուր հնարավորություն կօգտագործի՝ փորձարկելու եւ ստուգելու՝ արդյո՞ք ճիշտ ժամանակն է նոր ագրեսիա սկսելու համար: Մենք տեսել ենք, թե ինչպես է Ադրբեջանը դա անում 2016թ. ապրիլին, եւ բոլորովին վերջերս՝ հուլիսի 12-ին, հայ-ադրբեջանական սահմանին՝ Հայաստանի Տավուշի մարզում: Երկու դեպքերում էլ Արցախի եւ Հայաստանի պաշտպանական ուժերը համարժեք պատասխան են տվել։ Հիմքեր չկան հավատալու, որ Ադրբեջանը հերթական անգամ չի կատարի նման փորձ, երբ զգա, որ բավականին հզորացել է՝ դիմելու նոր ռազմական արկածախնդրության: Իհարկե, մենք դա գիտակցում ենք, եւ Արցախի Պաշտպանության բանակը պատրաստ է ետ մղել ցանկացած ագրեսիա, ինչպես որ դա արել է նախկինում»,- հայտարարել է ԱԳ նախարարը։ 

Այն հարցին, թե արտաքին գործերի նախարարությունն ու ընդհանուր առմամբ Արցախի կառավարությունը ձեռնարկել են արդյոք միջազգային դիվանագիտական ասպարեզում հանրապետության դիրքերն ամրապնդելու քայլեր` հաշվի առնելով այն փաստը, որ նա շարունակում է չճանաչված մնալ, Մայիլյանն ասել է. «Մեր նախարարությունը, եւ, ընդհանուր առմամբ, Արցախի իշխանություններն անում են առավելագույնը՝ աշխարհին ներկայացնելու իրադրության իրական պատկերը: Անկախության հռչակումից ի վեր մեր հանրապետության դիրքորոշումն անփոփոխ է: Մենք մշտապես կողմ ենք եղել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը։ Այս դիրքորոշումը հնչել է բազմաթիվ առիթներով՝ ինչպես հրապարակավ, այնպես էլ՝ ԵԱՀԿ գործող նախագահի եւ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումների ընթացքում. նաեւ Արտաքին գործերի նախարարության բազմաթիվ հայտարարություններ են տարածվել միջազգային կազմակերպություններում, ինչպիսիք են՝ ԵԱՀԿ-ն, ՄԱԿ-ը, ԵԽ-ն եւ այլն: Մենք չենք թաքցնում այն փաստը, որ խաղաղություն ենք ուզում, միեւնույն ժամանակ, գիտակցում ենք, թե ինչ նկատի ուներ լատինացի փիլիսոփան` նշելով «Si vis pacem, para bellum - Ուզում ես խաղաղություն՝ պատրաստ եղիր պատերազմի»: Եվ մենք արդեն անցել ենք դրա միջով:

Երբեմն գեթ մի հայացք տարածաշրջանին բավական է՝ հասկանալու հակամարտության գոտում տեղի ունեցող զարգացումների հիմքում ընկած իրականությունը: Ինչպես նշեցիք առաջին հարցում, Բաքվում հազարավոր ցուցարարներ Ադրբեջանի կառավարությունից պահանջում էին լայնամասշտաբ պատերազմ սկսել: Արդարության համար, սակայն, հարկ է նշել, որ երկրի խորհրդարանի շենք ներխուժած ցուցարարներն ունեցել են նաեւ հակակառավարական օրակարգ: Դա պարզապես ցույց է տալիս, թե ինչ դեր է խաղում հակամարտությունը Ադրբեջանի ներքին կյանքում, եւ որքանով են ադրբեջանական հասարակությունն ու կառավարությունը պատրաստ խաղաղության կամ հակամարտության խաղաղ կարգավորման:

Հնարավոր չէ խաղաղության հասնել միակողմանիորեն. դրան պետք է ձգտեն հակամարտության բոլոր կողմերը: Եվ անկախ նրանից, թե որքան բարձրաձայն ենք հայտարարում մեր հարեւանների հետ խաղաղության հասնելու պատրաստակամության մասին, նրանք պետք է լինեն եւ՛ ընկալունակ, եւ՛ տրամադրված խաղաղության: Ցավոք, տարիներ շարունակ Ադրբեջանում հակահայկական տրամադրությունները պետական քաղաքականության մաս են դարձել, եւ Ադրբեջանն իր բնակչությանը խաղաղության փոխարեն նախապատրաստել է պատերազմի: Սա այն իրականությունն է, որի հետ մենք բախվում ենք այսօր: Եվ սա է այն իրականությունը, որով միջազգային հանրությունը պետք է զբաղվի: Անկախ այն փաստից՝ երկիրը ճանաչված է, թե ոչ, մենք, առաջին հերթին, պետք է մտածենք ժողովրդի մասին: Եվ մենք մեր բաժինն անում ենք, ոչ միայն մեր ժողովրդի անվտանգությունն ապահովելու, այլեւ տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը նպաստելու գործում կառուցողական դեր խաղալու համար:»։

Ինչ վերաբերում է այն կարծիքին, որ 2018-ին Հայաստանում Նիկոլ Փաշինյանի իշխանության գալը ճանապարհ է բացել Ադրբեջանի հետ երկկողմ համաձայնագրերի կնքման նոր հեռանկարների համար, ինչը, ի վերջո, կարող է հանգեցնել խաղաղ բանակցությունների որոշակի առաջընթացի, նախարարն ասել է. «Ես արդեն նշել եմ, որ հնարավոր չէ հասնել խաղաղության միակողմանիորեն։ Ադրբեջանը նույնպես պետք է աշխատի հանուն խաղաղության, ինչպես նաեւ վստահության միջավայրի ձեւավորման, ինչը հնարավորություն կտա առաջ մղել խաղաղության գործընթացը։ Առանց ուժի կիրառման բացառման եւ խաղաղ բանակցությունների վերսկսման համար կառուցողական միջավայրի ձեւավորման, իրավիճակը չի բարելավվի։ Եվ որ ամենակարեւորն է, Ադրբեջանը պետք է մեկընդմիշտ հասկանա, որ առանց բանակցությունների եռակողմ ձեւաչափի վերականգնման՝ Արցախի Հանրապետության ուղղակի մասնակցությամբ, միամտություն է որեւէ շոշափելի առաջընթաց ակնկալել խաղաղ գործընթացում։ Թույլ տվեք հիշեցնել, որ մինչ օրս խաղաղ գործընթացում միակ նշանակալի ձեռքբերումը 1994թ. մայիսի 12-ի հրադադարի անժամկետ համաձայնագրի ստորագրումն է, երբ Արցախը մասնակցում էր բանակցություններին։ Քանի որ կրակի եւ ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագիրը ստորագրվել է հակամարտության երկու հիմնական կողմերից մեկի՝ Արցախի կողմից, հետեւաբար տրամաբանական է, որ խաղաղության պայմանագիրը նույնպես պետք է բանակցվի եւ ստորագրվի Արցախի կողմից։ Հրաժարվել այս փաստից, նշանակում է միտումնավոր կերպով մերժել խաղաղությունը։

Ադրբեջանը եւ միջազգային համապատասխան կազմակերպությունները պետք է աշխատեն Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված իրավիճակի բարելավման ուղղությամբ, նպաստեն երկրի ժողովրդավարական զարգացմանը եւ ադրբեջանական հասարակությանն իրազեկեն խաղաղության առավելությունների մասին, այլ ոչ պատերազմի»։

 

Լրահոս

Դիտել ավելին