Կարևոր իրադարձություններ

Քաղաքացիները հնչեցրել են հայհոյանքներ և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրել․ 3 անձ ձերբակալվել է, ևս 2-ի նկատմամբ կիրառվել է այլ խափանման միջոց․ ՔԿ

04 Սեպտեմբեր, 2020 15:28
Քաղաքացիները հնչեցրել են հայհոյանքներ և ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրել․ 3 անձ ձերբակալվել է, ևս 2-ի նկատմամբ կիրառվել է այլ խափանման միջոց․ ՔԿ

2020թ. սեպտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիր մարզի ՊՊԾ դասակի աշխատակիցները Արմավիր քաղաքի զբոսայգու մոտակայքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ  «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները գարեջուր են խմում: Վերջիններս տեսնելով  ոստիկաներին՝ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ՝ դիտավորությամբ խախտել հասարակական կարգը, հնչեցրել հայհոյանքներ: Ոստիկանները մոտենալով  երիտասարդներին՝ խնդրել են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սակայն նրանք գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ շարունակել են հայհոյանքներ հնչեցնել և չեն ենթարկվել Ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Այդ ընթացքում վերոնշյալ մեքենայում գտնվող  27-ամյա երիտասարդը ոստիկաններից մեկի ձեռքից վերցնելով նրա բջջային հեռախոսը՝ կոտրել է այն: Ոստիկանները փորձել են վերջիններիս բերման ենթարկել, սակայն երիտասարդները սկսել են նրանց քաշքշել, որի ընթացքում 24-ամյա երիտասարդը  մի քանի հարված է հասցրել ոստիկաններից մեկին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, իսկ 35-ամյա տղամարդը՝ նստելով ոստիկաններին պատկանող «Վազ 2106»  մակնիշի ավտոմեքենան, վարել է դեպի Շահումյան փողոցի սկզբնամաս, սակայն նկատելով իրեն հետապնդող ոստիկանության ավտոմեքենան՝ վերադարձել է նույն վայր:  «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորները բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժին, որտեղ նրանք շարունակել են հայհոյանքներ հնչեցնել և քաշքշել ոստիկանների համազգեստները:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի  316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասի և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական  վարչություն:

2020թ. սեպտեմբերի  3-ին  Արմավիր քաղաքի 3 բնակիչներ՝ ծնված 1996թ., 1993թ. և 1984թ. ձերբակալվել են` Ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու և խուլիգանություն կատարելու կասկածանքով,  իսկ 1992թ. ծնված 2 տղաների նկատմամբ  որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լրահոս

Դիտել ավելին