Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    566,5
    578,5

  • RUB

    6,06
    6,31

Կարևոր իրադարձություններ

Երջանկություն նորապսակներին, սակայն անընդունելի ենք համարում հարսանիքների կազմակերպումը բնության հատուկ պահպանվող տարածքներում. Ռոմանոս Պետրոսյան

03 Սեպտեմբեր, 2020 19:34
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Երջանկություն նորապսակներին, սակայն անընդունելի ենք համարում հարսանիքների կազմակերպումը բնության հատուկ պահպանվող տարածքներում. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

 Անթույլատրելի մոտեցում

Հարսանեկան հանդիսություններ կազմակերպող, դրանք տեսա և լուսանկարահանող կազմակերպություններից մեկն իր ֆեյսբուքյան էջում այսօր հրապարակել էր լուսանկարների շարք, որտեղ երևում է, որ հարսանյաց արարողությունը տեղի է ունենում «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելավայրի տարածքում։

 Հարսանյաց հանդիսությունը տեղի է ունեցել օգոստոսի 25-ին։ Առկա տվյալների համաձայն արարողությանը մասնակցել է շուրջ 50-60 մարդ, որոնց ներկայությունն ու ազատ տեղաշարժը տարածքում կարող էր անհանգստացնել արգելավայրում բնակություն հաստատած թռչուններին և ունենալ բացասական հետևանքներ։

Մենք, իհարկե, երջանկություն ենք մաղթում նորապսակներին, սակայն անընդունելի ենք համարում հարսանյաց հանդիսությունների անցկացումը բնության հատուկ պահպանվող տարածքներում։

Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը սահմանում է պետական արգելավայրերի պահպանության ռեժիմը։

Հայաստանի Հանրապետությունում պետական արգելավայրի տարածքում արգելվում է ցանկացած գործունեություն, որը խախտում է արգելավայրի էկոհամակարգերի կայունությունը կամ սպառնում է հատուկ պահպանության կարիք ունեցող էկոհամակարգերի, բուսական և կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեք ունեցող օբյեկտների պահպանությանը:

Շրջակա միջավայրի նախարարությունը քանիցս իրազեկել և տեղեկացրել է հանրությանը, որ Սևանի ափին գտնվող այդ ծայրաստիճան գեղեցիկ վայրը բնության հատուկ պահպանվող տարածք է և նախատեսված չէ մասնավոր հավաքույթներ կազմակերպելու համար։
Այն նպատակ ունի ապահովել և կազմակերպել չուի ընթացքում պարբերաբար հանդիպող և չվահյուր թռչունների հանգիստը, ապահովել ապրելակերպի բնական միջավայրի պահպանությունը։

Դեղին ավազը լուծում է ոչ թե գեղեցիկ լինելու խնդիրը, այլ չվահյուր թռչունների համար ընկալելի և ապահով վայր թվալու անհրաժեշտությունը։
Այս համակարգը կարևոր է ինչպես Հայաստանի ողջ տարածքի էկոհամակարգի, այնպես էլ թռչող կենդանիների միջցամաքային անխաթար չուի ու նրանց անվտանգ կեցության համար։

Հետևաբար, խախտվել է ինչպես բնության հատուկ պահպանվող տարածքում բնակվող կենդանիների անդորրը, այնպես ել ԲՀՊՏ-ների պահպանության ռեժիմի կարգը, որը ժամանակին չի կասեցվել և պատշաճ արձանագրվել։

Տեղեկացնեմ նաև, որ դեպքի կապակցությամբ «Սևան» ազգային պարկում նշանակվել է ծառայողական քննություն։

Հավելեմ նաև, որ համապատասխան գրություններ են ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին՝ դեպքն ուսումնասիրելու և իրավական ընթացք տալու համար։

ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ հորդորում եմ, այսրոպեական գեղագիտական պահանջները բավարարելու համար չխախտել ԲՀՊՏ-ներում սահմանված գործող կարգն ու չշրջանցել բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանության ռեժիմը՝ պահպանելով հազվագյուտ տեսակների բնադրավայրերի և բնակատեղիների անխաթարությունը։

Վստահեցնում եմ, որ «Սևան» ազգային պարկի առջև խնդիր է դրված այսուհետ հետևողական և պատշաճ կատարել իրենց վերապահված լիազորություններն ու պարտականությունները։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին