Կարևոր իրադարձություններ

Եղբայրների դեմքներին կապտուկներ կան, կարող է խոշտանգման խնդիր լինել․ Վարույթն իրականացնող մարմինը պետք է հանգամանքները պարզի․ փաստաբան

02 Սեպտեմբեր, 2020 14:41
Եղբայրների դեմքներին կապտուկներ կան, կարող է խոշտանգման խնդիր լինել․ Վարույթն իրականացնող մարմինը պետք է հանգամանքները պարզի․ փաստաբան

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին Shabat.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գոռ Միքայելյանը։ Անդրադառնալով իրենց հետագա գործողություններին, Միքայելյանը նշեց․

«Այս պահին սպասում ենք իրադարձությունների զարգացմանը, հասկանանք՝ նախաքննական մարմինը կալանքի միջնորդություն ներկայացնում է, թե՞ ոչ, բայց իմ իմանալով ներկայացնելու են։ Ըստ այդմ՝ մեր հետագա քայլերը կպլանավորենք»։

Մեր ճշտող հարցին, թե միջադեպի վերաբերյալ ի՞նչ են ասել Մալաքյան եղբայրները, նրանց փաստաբանը պատասխանեց․ «Եղբայրներն այս պահին ցուցմունք տալուց հրաժարվում են, որևէ  կոնկրետ բան դեպքի հանգամանքների վերաբերյալ չեն ասել»։

Փաստաբան Գոռ Միքայելյանը սոցցանցի իր էջում  հրապարակել է  նաև եղբայրների լուսանկարները, որտեղ վերջիններիս դեմքին առկա են կապտուկներ՝ մասնավորապես աչքերի հատվածում։

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ պատրաստվո՞ւմ են հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ «Այս պահին այդ հարցը քննարկումների փուլում է։ Հարցն այն է, որ անկախ մեր՝ ինչ-որ քայլեր ձեռնարկելուց, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է բոլոր միջոցները ձեռնարկել՝ վնասվածքների ստացման հանգամանքները պարզելու համար։ Վերջիվերջո կարող է խոշտանգման խնդիր լինել, այդ հարցերը պետք է պարզվեն։ Օբյեկտիվ քննության դեպքում այդ ամենը պետք է արվի, իհարկե մենք էլ կորոշենք մեր անելիքները»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 30-ին՝ ժամը 23.15-ի սահմաններում, Կասկադում, ըստ հրապարակված տեղեկությունների երկու երիտասարդ քաշքշել էին  ճանապարհային ոստիկանության տեսուչների, նաև կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը:

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին