Կարևոր իրադարձություններ

Սփյուռքահայ մասնագետները սկսել են աշխատել ՀՀ կառավարությունում

02 Սեպտեմբեր, 2020 14:22
Սփյուռքահայ մասնագետները սկսել են աշխատել ՀՀ կառավարությունում

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ին մեկնարկել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» սփյուռքահայ մասնագետների ծրագիրը:

«Առաջին փուլով 24 մասնագետներն արդեն Հայաստանում են: Կանադայից, Դանիայից, Ռուսաստանից, Լիբանանից, Ֆրանսիայից, Նորվեգիայից մինչև Իսրայել, Նիդերլանդներ ու Չինաստան. նրանց անգամ համաճարակը չի խանգարել հասնել հայրենիք և միանալ ՀՀ կառավարության աշխատանքներին:

Առաջին փուլի մասնակիցներն աշխատանքի են անցել վարչապետի աշխատակազմում, Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Շրջակա միջավայրի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի Էկոնոմիկայի նախարարություններում, Կենտրոնական բանկում, Կրթության տեսչական մարմնում, Մարդու իրավունքների պաշտպանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակներում: Ծրագրի առաջին փուլի մասնակիցներին ընդունեց և բարի գալուստ մաղթեց Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:

Հանձնակատարը հույս հայտնեց, որ նրանք հայրենիքում կունենան անփոխարինելի աշխատանքային փորձառություն: Իրենց հերթին մասնակիցներից շատերը նշեցին, որ այս ծրագիրը հայրենադարձվելու ճանապարհի իրենց մեկնարկն է, և սեփական ապագան տեսնում են Հայաստանում: Այնուհետ «իԳործ»-ցիներին ներկայացվեց աշխատանքի ժամանակացույցը և պարտականությունները:

«Դեպի Հայք» հիմնադրամի տնօրեն Սևան Գապագեանը և «RepatArmenia» հիմնադրամի համահիմնադիր Վարդան Մարաշլյանը մասնակիցներին մանրամասնեցին հայաստանյան պետական մարմիններում աշխատելաոճի առանձնահատկությունները և միջավայրին արագ ինտեգրման համար գործնական խորհուրդներ տվեցին: COVID-19-ով և օդային սահմանափակ հաղորդակցությամբ պայմանավորված՝ ծրագրի  մյուս մասնակիցները Հայաստան կժամանեն մի փոքր ավելի ուշ»,- ասված է հաղորդագրությունում:

 

Լրահոս

Դիտել ավելին