Կարևոր իրադարձություններ

Ահռելի պոտենցիալ․ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում կարելի է տարեկան արտադրել 10-30 մլն հատ մանրաձուկ. Ռոմանոս Պետրոսյան

01 Սեպտեմբեր, 2020 22:34
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Ահռելի պոտենցիալ․ Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում կարելի է տարեկան արտադրել 10-30 մլն հատ մանրաձուկ. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Առավոտյան աշխատանքային օրը սկսեցի Գեղարքունիքի մարզում Սևանի իշխանի աճեցման ցանցավանդկային տնտեսություն և Կարճաղբյուրի մանրաձկան գործարան այցով, որտեղ նախատեսվում էր նաև պետական միջոցների հաշվին բուծված մանրաձկան հերթական խմբաքանակի՝ շուրջ 280,000 հատ Գեղարքունի իշխանի բացթողում։

Սևանա լճի մակարդակի իջեցման, ձկնապաշարի անհետևողական, անխնա ու առանց բնական վերարտադրման հնարավորությունները հաշվի առնելու օգտագործման արդյունքում մենք ունենք ձմեռային իշխանի և բոջակի իսպառ ոչնչացում, իսկ ամառային ու գեղարքունի իշխանը պահպանվել են աննշան քանակությամբ․ իշխանը զուրկ է բնական ինքնավերարտադրության հնարավորություններից:
Սևանա լճի ձկնապաշարների պահպանության ու վերարտադրության և այլ կենսական կարևորության խնդիրներ սրությամբ են դրված և պահանջում են ջանքեր ու անհապաղ վիրահատական միջամտություններ՝ լուծմանն ուղղված համարժեք ծրագրերով համակցված։ Պետությունը ոչ միայն կանոնակարգում է արդյունագործական ձկնորսությունը, այլև ձեռնամուխ է եղել ձկնապաշարի քանակի պահպանությանն ու ավելացմանը։ Այս համատեքստում «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամը իրականացնում է Կառավարության կողմից հաստատված «Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» համալիր ծրագիրը:

Այցը մեկնարկեց ցանցավանդակային տնտեսությունից, որտեղ ծանոթացա հնարավորություններին և տնտեսությունը վարող ընկերության ներկայացուցիչների հետ քննարկեցի մի շարք կարևոր խնդիրներ, որոնք վերաբերվում են Սևանա լճի էկոհամակարգի վերականգնմանը։ Այստեղ առկա է 12 հիմնական ցանց, որոնց ընդհանուր արտադրական առավելագույն հնարավորությունը կազմում է շուրջ 1000 տոննա տարեկան:

Տնտեսությունում առկա է մոտ 220 տոննա ընդհանուր կենսազանգվածով , տարբեր չափերի ձկներ, ինչպես նաև բնության մեջ խիստ հազվագյուտ ենթատեսակի՝ ամառային բախտակի բացթողման ենթակա շուրջ 70․000-80․000 հատ մանրաձուկ։

Կարճաղբյուրի ձկնաբուծական գործարանում շրջայցի ընթացքում ծանոթացա արտադրական հնարավորություններին՝ 1 ցիկլում 1 մլն հատ 50 գրամանոց մանրաձուկ։ Այստեղ առկա է ահռելի պոտենցիալ․ ավելի փոքր չափերով արտադրելու դեպքում կարելի է տարեկան արտադրել տարբեր չափերի 10-30 մլն հատ մանրաձուկ։

Որպես այցի եզրափակում ներկա գտնվեցի մանրաձկան բաց թողնման աշխատանքներին։ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման հիմնադրամ»-ը Սևանա լիճ թափվող Կարճաղբյուր և Մասրիկ գետեր բաց թողեց շուրջ 280.000 մանրաձուկ՝ Գեղարքունի իշխան:

Մանրաձկան բացթողումը կրում է պարբերական բնույթ։ Այս ամենի նպատակն է վերականգնել Սևանա լճում տարիներ շարունակ կրճատվող՝ Սևանի իշխանի ձկնապաշարներն ու այդ ճանապարհով խթանել Սևանա լճի խախտված էկոհամակարգի վերականգնումը։ Առաջիկայում նախատեսվում է նաև ձմեռային իշխանի, բոջակի և կողակի բացթողում։

Շեշտեմ, որ միջոցներ են ձեռնարկվել, որ բացթողնված մանրաձուկը չհայտնվի որսագողերի ցանցերում։ «Սևան»ազգային պարկի» նոր ձևավորված պահնորդական հատուկ ջոկատը շուրջօրյա խիստ և աչալուրջ հսկողություն է իրականացնում գետաբերաններում։

Սևանա լճի պահպանությունը յուրաքանչյուրիս պարտականությունն է։
Հոգատարությամբ վերաբերվենք բնության անգնահատելի հուշարձանին։ Այն եկող սերունդներին փոխանցենք անվնաս։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին