Կարևոր իրադարձություններ

Թոռներին դաժան ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված պապը ծայրահեղ ծանր վիճակում է․ մկնդեղ է օգտագործել

01 Սեպտեմբեր, 2020 13:08
Թոռներին դաժան ծեծի ենթարկելու մեղադրանքով կալանավորված պապը ծայրահեղ ծանր վիճակում է․ մկնդեղ է օգտագործել

Armtimes-ը հայտնում է, որ Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում թոռներին դաժանաբար ծեծելու մեղադրանքով կալանավորված 57-ամյա տղամարդը հիվանդանոցում է: Պարզվում է՝ նա նույնպես մկնդեղ է օգտագործել եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 

Նշված համայնքի մեկ ընտանիքից օրեր առաջ հիվանդանոց էր տեղափոխվել յոթ երեխա, նրանք թունավորված էին մկնդեղով, մարմինների վրա դաժան ծեծի հետքեր էին։ Հիվանդանոցում վեցամյա տղան, այդպես էլ գիտակցության չգալով, մահացավ։

Թոռներին ծեծելու մեղադրանքով կալանավորվել էր նրանց 57-ամյա պապը, որը, մեր տեղեկություններով, կալանավայրից տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ էլ նրա արյան մեջ մկնդեղ են հայտնաբերել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում բուժկենտրոնի թունաբաններից բժիշկ Գաբրիելյանը նշեց, որ կալանավայրից օգոստոսի 30-ին իրենց մոտ տեղափոխված հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր է, կյանքին վտանգ է սպառնում։ Այն հարցին, թե ինչպե՞ս է նա մեկնաբանում իր արարքը, ինչո՞ւ է մկնդեղ ընդունել, բժիշկը պատասխանեց, որ հիվանդը թեպետ գիտակցությունը չի կորցրել, սակայն իրենց հարցերին չի պատասխանում։

Կարո՞ղ էր մկնդեղ ընդունելը լինել պատահականություն․ այս հարցին ի պատասխան՝ բժիշկ Գաբրիելյանն ասաց․ «Նույն ընտանիքն է, նույն ժամանակահատվածում խմել են մկնդեղը, կարո՞ղ էր դա պատահականություն լինել․․․ ես չեմ կարող ասել, նման հարցերին ուղղակի չենք կարող պատասխանել»։

Հիշեցնենք, որ երեխաներին պարբերաբար ծեծելու մեջ մեղադրվում է նաեւ նրանց մայրը, ում կալանավորելու միջնորդությունը մերժվել է, «Ազատություն» ռադիոկայանի տեղեկություններով՝ հղի լինելու հիմքով։ Որոշվել է , որ երեխաներն առայժմ կապրեն «Մանկան տուն» կազմակերպությունում․ նրանք տուն չեն վերադառնա։

Խոշտանգված երեխաների պապին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով) եւ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով), իսկ երեխաների մորը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով (պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով)։

 

Լրահոս

Դիտել ավելին