Կարևոր իրադարձություններ

12 տոննա և ավել բեռ ունեցող մեքենաները ճանապարհային վճար պետք է վճարեն․ ի՞նչ ազդեցություն կթողնի նոր նախագիծը

31 Օգոստոս, 2020 15:42
12 տոննա և ավել բեռ ունեցող մեքենաները ճանապարհային վճար պետք է վճարեն․ ի՞նչ ազդեցություն կթողնի նոր նախագիծը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում, որի նպատակն է ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծումը:

Հայաստանի տարածքում գրանցված (հաշվառված), չգրանցված 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենաներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները պետք է վճարեն ճանապարհային վճար: Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվելու է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 դրամը ներառյալ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյուր տարվա համար սահմանելու է կառավարությունը:

«Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը հիշեցնում է՝ առաջարկվող նախագիծը Հայաստանի և ԵՄ միջև համապարփակ և ընդլայնված գործընկերային համաձայնագրի ճանապարհային քարտեզի միջոցառումների մաս  է կազմում։

2021թ․-ի հուլիսի 1-ից ընդհանուր օգտագործման ճանապարհներով երթևեկելու համար 12 և ավել տոննա թույլատրելի զանգված ունեցող տրանսպորտային միջոցները ճանապարհային վճար պետք է վճարեն։ Նախագծի նպատակը համաձայնագրից բխող պահանջներն են և եթե մինչ այժմ այդ վճարը վճարում էին Հայաստանում չհաշվառված մեքենաները, ապա այս փոփոխությամբ վճարելու են նաև հաշվառվածները։

«Դրական, թե բացասական ազդեցություն կթողնի․ այս պահին զերծ կմնամ մեկնաբանել, քանի որ դրա շահառուները սահմանափակ թվով մեքենաների սեփականատերեր են և իրենք են շահագրգիռ կողմերը, բայց կարծում եմ՝ այս փոփոխությունը էական ազդեցություն չի գործելու, թե՛ ճանապարհների որակի, թե՛ Հայաստանի բյուջեի վրա։ Ենթադրում եմ՝ նաև տնտեսվարողների վրա լուրջ ազդեցություն չի գործի, քանի որ ընդհանուր հաշվարկներով մոտ 2մլն դրամով կավելանան եկամուտները, բայց այդ գումարով զգալի փոփոխություներ չեն լինի մեր երկրում»,- Shabat․am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Վարորդի ընկեր» ՀԿ համահիմնադիր Սերգեյ Ղահրամանյանը։

Մեր հարցին, թե այս փոփոխությունը վարորդների համար նոր բեռ չի՞ դառնա, Ղահրամանյանը պատասխանեց․ «Օրինակ, եթե Հայաստանում կա հաշվառված նման 200 մեքենա, մեկ մեքենայի հաշվարկով 1 տարվա համար կլինի 10 հազար դրամ,  կարծում եմ՝ այդ գումարն ամբողջ տարվա կտրվածքով չնչին գումար է։ Եվ սա ոչ թե վարորդի համար բեռ կլինի, այլ ընդհանուր միավորներին՝ սնունդ, պարենային այլ ապրանքներ,  ինքը այդ գումարի վրա կավելանա, բայց չնչին գումար կարող է լինել, որը վերջնահաշվարկով սպառողն է վճարելու, բայց մի քանի դրամի տարբերություն է լինելու, որը իրենք չեն զգա»,- ասաց նա։

Նշենք, որ եթե 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենայի վարորդն առանց այդ վճարի երթևեկի ընդհանուր օգտագործման պետական միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներով, կտուգանվի 50 հազար դրամի չափով, իսկ վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին այդ խախտումը կատարելու դեպքում՝ 100 հազար դրամի չափով։  

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին