Կարևոր իրադարձություններ

Ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման փորձ՝ Սևան ՔՀԿ-ում

31 Օգոստոս, 2020 15:23
Ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման փորձ՝ Սևան ՔՀԿ-ում

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների ծառայողները, շարունակելով հետևողական և զգոն պայքարը արգելված  իրերի և առարկաների ներթափանցման դեմ, ինչպես նաև  պատշաճորեն կատարելով իրենց առջև դրված պարտականություններն ու առաջադրանքները, հերթական անգամ կանխել են ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցման փորձերը։ 

Մասնավորապես սույն թվականի օգոստոսի 28-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահակետից ահազանգ է ստացվել այն մասին, որ դիտաշտարակների միջնամասում՝ քողարկող պատի արտաքին կողմում, նկատվել է ավտոմեքենայի շարժ:

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, անմիջապես իրականացվել է տարածքի զննում, որի արդյունքում հիմնարկի բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է կպչուն ժապավենով և լուսարձակող կրակայրիչով ամրացված փաթեթ: 

Փաթեթում, ըստ առանձնացված չափաքանակների, առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող 14.8, 9.1 և 3.9 գրամ զանգվածներ, 0.3 գրամ, բաց վարդագույն հատիկներով զանգված, ինչպես նաև 68.3 գրամ, առանց մակնշման, միախառնված սպիտակ դեղահաբեր և դեղապատիճներ:

Ներնետման միջոցով արգելված իրերի փոխանցումը կանխվել է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում ստացված օպերատիվ տվյալների հիման վրա: Օգոստոսի 29-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում, արգելագոտու քողարկող պատի արտաքին հատվածից կատարվել է ներնետման փորձ դեպի բնակելի գոտու մասնաշենք։ Հիմնարկի ծառայողների կողմից  անմիջապես իրականացված միջոցառումների արդյունքում արգելապատի վերին հատվածից՝ փշալարի վրայից, հայտնաբերվել է փաթեթ՝ ամրացված ծանրությունն ապահովող քարով։ Փաթեթում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, առանձնացված 13.8 և 21.8 գրամ քաշերով դեղնականաչավուն զանգվածներ: 

Նախապատրաստվող նյութերի շրջանակներում նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին

 

Լրահոս

Դիտել ավելին