Կարևոր իրադարձություններ

Որոշ վարորդներ 2021-ի հուլիսի 1-ից ճանապարհային վճար կվճարեն․ նոր նախագիծ

29 Օգոստոս, 2020 20:45
Որոշ վարորդներ 2021-ի հուլիսի 1-ից ճանապարհային վճար կվճարեն․ նոր նախագիծ

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում, որի նպատակն է ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգի ստեղծումը:

Նախատեսվում է, ստեղծել ճանապարհային վճարի գանձման էլեկտրոնային համակարգ։Ճանապարհային վճարը՝ ՀՀ ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման, ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների   շինարարության, նորոգման և պահպանման համար անհրաժեշտ դրամական միջոցների գոյացման նպատակով սույն օրենքով սահմանված կարգով և չափով  ՀՀ պետական բյուջե վճարվող պարտադիր վճար է։

Ըստ քննարկման ներկայացված նախագծի՝ Հայաստանի տարածքում գրանցված (հաշվառված), չգրանցված 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենաներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողները պետք է վճարեն ճանապարհային վճար:

Ճանապարհային վճարի դրույքաչափը սահմանվելու է անցած ավտոմոբիլային ճանապարհի յուրաքանչյուր կիլոմետրի համար՝ մինչև 50 դրամը ներառյալ: Ճանապարհային վճարի դրույքաչափը յուրաքանչյու տարվա համար սահմանելու է կառավարությունը:

Ճանապարհային վճար կատարողն իրավունք է ունենալու պահանջել ճանապարհային վճարը գանձող կազմակերպությունից կատարելու հաշվարկ, վերահաշվարկ, բողոքարկել ճանապարհային վճարը գանձող կազմակերպության կամ պաշտոնատար անձանց գործողությունները, հետ պահանջել և ստանալ վերադարձման ենթակա ճանապարհային վճարի գումարները, ստանալ համապատասխան տեղեկանք ճանապարհային վճարի վճարման մասին:

Եթե 12 և ավելի տոննա առավելագույն թույլատրելի զանգված ունեցող ավտոմեքենայի վարորդն առանց այդ վճարի երթևեկի ընդհանուր օգտագործման պետական միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներով, կտուգանվի 50 հազար դրամի չափով, իսկ վարչական տույժի նշանակման օրվանից մեկ տարվա ընթացքում կրկին այդ խախտումը կատարելու դեպքում՝ 100 հազար դրամի չափով։

Հայաստանում չգրանցված (չհաշվառված) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար ճանապարհային վճարի վճարումից ազատվելու են՝ 

1) Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները` իրենց պաշտոնական օգտագործման բեռնատար ավտոտրանսպորտային միջոցների համար.

2) բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով Հայաստանի տարածք մարդասիրական և տեխնիկական օգնություններ, բարեգործական ծրագրերի շրջանակներում բեռներ փոխադրող ճանապարհային վճար վճարողներն` այդ փոխադրումների համար.

3) Հայաստանում տեղակայված` Ռուսաստանի Դաշնության ռազմակայաններ բեռնատար ավտոտրանսպորտային միջոցներով փոխադրումներ իրականացնող ճանապարհային վճար վճարողներն` այդ փոխադրումների համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին