Կարևոր իրադարձություններ

Նախարարները լավ չեն աշխատում. ինչու էր զայրացել Նիկոլ Փաշինյանը․ «Ժողովուրդ»

28 Օգոստոս, 2020 09:16
Նախարարները լավ չեն աշխատում. ինչու էր զայրացել Նիկոլ Փաշինյանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Երեկ կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բավականին կոպիտ խոսեց ««Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքների եւ հարակից օրենքների նախագծերի քննարկման ժամանակ: Բանն այն է, որ այդ կարեւոր նախագծի քննարկմանը, որն արդեն մշակվում է երկու ամիս, կառավարության անդամները եկել են հանպատրաստից, քանի որ միայն երեկ էին ստացել այդ ծավալուն փաստաթուղթը եւ չէին հասցրել ուսումնասիրել: Եվ հենց այդ հանգամանքն էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի զայրույթն առաջացրեց, որը փորձեց հասկանալ, թե ինչու է այդպես ստացվել, որ կարեւոր նախագծերը նախապես չեն քննարկվում, եւ նույնիսկ ամենափոքր ուղղումներն էլ արվում են հենց կառավարության նիստում:

Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթը ֆիքսեց, որ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում այդ նախագիծը հրապարակվեց կառավարության նիստի ավարտից անմիջապես հետո, այնինչ հակառակն է լինում. սկզբում նախագիծը պետք է հրապարակվի այդ կայքում, անցնի հանրային քննարկում, բոլոր գերատեսչություններն առաջարկներ ներկայացնեն, եւ նոր միայն այդ ամենի վերջնաարդյունքում նախագիծ կազմվի եւ ներկայացվի կառավարություն:

Այնինչ երեկ հակառակը եղավ, ինչը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, զայրացրել է վարչապետին, եւ նրա նախատինքը չի ավարտվել միայն կառավարության նիստում, եւ դրա ավարտից հետո եւս նա հասկացնել է տվել, որ դժգոհ է կառավարության անդամների այս գործելաոճից, իսկ վերջիններս էլ ձախողումն ընդունելու փոխարեն իրար վրա գցելով էին փորձում մեղավորներ գտնել: Սակայն նկատենք՝ խոսքը կարեւոր նախագծի մասին է, որի կարգավորումները պետք է փոխարինեն արտակարգ դրության իրավական ռեժիմին: Եվ, ահա, այս փոփոխությունը հնարավորություն կտա կիրառել որոշակի միջոցառումներ եւ դրանցով պայմանավորված սահմանափակումներ վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման, դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման, ինչպես նաեւ դրանց հետեւանքով արտակարգ իրավիճակ առաջանալու դեպքերում»:

 
 

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 

Լրահոս

Դիտել ավելին