Կարևոր իրադարձություններ

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները կրկին կհանդիպեն․ հայտնի է քննարկման թեման․ «Ժողովուրդ»

26 Օգոստոս, 2020 08:41
Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամները կրկին կհանդիպեն․ հայտնի է քննարկման թեման․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Շաբաթ օրը՝ օգոստոսի 29-ին, տեղի կունենա սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական քննարկումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ օրակարգում լինելու է դատավորների եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամների տարիքային եւ այլ ցենզերի՝ օրենսդրական մակարդակում սահմանման կարգի քննարկումը: Սակայն, մեր տեղեկություններով, այս պահին դեռեւս հստակություն առկա չէ, թե ինչ մոդել կքննարկվի, եւ ի վերջո տարիքային ինչ ցենզի վրա կանգ կառնի հանձնաժողովը: 

Նշենք, որ մասնագիտական հանձնաժողովի անդամները որոշել են յուրաքանչյուր շաբաթ օր հավաքվել եւ ոչ միայն հարցեր քննարկել, այլեւս որոշում կայացնել եւ դա ներառել սահմանադրական փոփոխությունների հայեցակարգում, ինչպես դա եղավ նախորդ շաբաթ: Բանն այն է, որ մինչեւ այժմ հանձնաժողովը միայն երեք որոշում է կայացրել՝ կառավարման համակարգի պահպանում, կայուն մեծամասնության վերացում եւ Գերագույն դատարանի ստեղծում: Սակայն նկատենք, որ այս հանձնաժողովն աշխատում է փետրվարից, եւ որոշել են ավելի ակտիվ աշխատել եւ որոշումներ կայացնել, որպեսզի տեղավորվեն ժամկետներում: Նախատեսվում է, որ սահմանադրական փոփոխությունների նախնական հայեցակարգը կհրապարակվի հոկտեմբերի վերջին, որին հաջորդող քննարկումներից հետո՝ մինչեւ տարեվերջ, պատրաստ կլինի վերջնական հայեցակարգը: Իսկ նախագիծը հանրաքվեի դնել հնարավոր կլինի, ամենայն հավանականությամբ, 2021-ի ամռանը»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին