Կարևոր իրադարձություններ

Բոլոր այն լիբանանահայերը, որոնք ցանկություն կունենան տեղափոխվել, պատրաստ ենք ընդունելու և ապահովելու կացարանով, աշխատանքով․ Արայիկ Հարությունյան

25 Օգոստոս, 2020 21:43
Բոլոր այն լիբանանահայերը, որոնք ցանկություն կունենան տեղափոխվել, պատրաստ ենք ընդունելու և ապահովելու կացարանով, աշխատանքով․ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 25-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված լիբանանահայությանը ցուցաբերվող աջակցության ծրագրերին։ Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի լրատվական ծառայությունից։

Զեկուցմամբ հանդես է եկել Լիբանանի հայկական համայնքին նյութական օգնություն ցուցաբերելու աշխատանքները կազմակերպող և համակարգող աշխատանքային խմբի ղեկավար, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը։ Նրա խոսքով՝ բացի պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներից օրերս հատկացված 25 մլն ՀՀ դրամ օժանդակությունից, ԱՀ կառավարության մարդասիրական օգնության արտաբյուջետային հաշվին հավաքագրվել է ավելի քան 17 մլն ՀՀ դրամ, և այն ավելացնելու համար տարբեր նախաձեռնություններ են իրականացվում: Ռ. Հյուսնունցը տեղեկացրել է նաև, որ Լիբանանից Արցախ են ժամանել առաջին երկու հայրենադարձ ընտանիքները, որոնց կացության համար ստեղծված են բոլոր պայմանները:

Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ, թեպետ չափազանց կարևոր է պահպանել Լիբանանի հայկական համայնքի՝ որպես կայացած գաղթօջախի ամբողջականությունը, ինչին իր ուժերի ներածին չափով նպաստում է նաև Արցախի կառավարությունը, այնուամենայնիվ, բոլոր մեր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն կունենան տեղափոխվելու, պատրաստ են ընդունելու և ապահովելու կացարանով, աշխատանքով, ինչպես նաև սոցիալական այլ երաշխիքներով։

 

 

Լրահոս

Դիտել ավելին