Կարևոր իրադարձություններ

Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում. ՀՀ ԱՆ

22 Օգոստոս, 2020 14:48
Գերագույն դատարան ստեղծելու հարցը կներառվի Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում. ՀՀ ԱՆ

Այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը, նախագահ Եղիշե Կիրակոսյանի գլխավորությամբ, անցկացրել է հերթական նիստը: Այս մասին հայտնում են ՀՀ Արդարադատության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանձնաժողովը, կազմակերպչական բնույթի հարցերից զատ, քննարկել է նաև բարձրագույն դատական ատյանների միավորման հարցը՝ մասնավորապես Գերագույն դատարանի ստեղծման երկու հայեցակարգերը՝ մշակված Արդարադատության նախարարության և Հանձնաժողովի իրավաբան գիտնականների և հասարակական կազմակերպության նախագահի  կողմից: Հանձնաժողովում նախապես շրջանառված Հայեցակարգերի ընդհանուր դրույթները ներկայացրել են ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, իրավաբան-գիտնականներ Արմեն Մազմանյանը, Լևոն Գևորգյանը, Արսեն Թավադյանն ու «Իրավաբանների հայկական ասոցիացիա» ՀԿ նախագահ Կարեն Զադոյանը։  

Հայեցակարգերի վերաբերյալ Հանձնաժողովի անդամները ներկայացրել են իրենց փաստարկներն ու հակափաստարկները, այնուհետև կազմակերպվել է քվեարկություն երկու հարցերի  շուրջ՝ որոշելու համար, թե որն է ներառվելու հանրային քննարկման ներկայացվող Հայեցակարգի նախնական տարբերակում։ Հարցերից առաջինը, որին կողմ է քվեարկել նիստին մասնակցող 15 անդամներից յոթը՝ վերաբերել է սահմանադրական արդարադատության համակարգը գործող մոդելի շրջանակում զարգացնելուն, իսկ երկրորդ հարցը վերաբերել է  սահմանադրական վերահսոկողությունը ապակենտրոնացնելուն և բարձրագույն դատական ատյանները միավորելուն․Նախարարության և իրավաբան գիտնականների ու ՀԿ ներկայացուցչի այս մոտեցմանը կողմ է քվեարկել Հանձնաժողովի անդամներից ութը։

Ամփոփելով նիստը՝ որոշվել է Գերագույն դատարան ստեղծելու հայեցակարգը ներառել առաջիկայում հանրային քննարկման ներկացվող Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում։

 

Լրահոս

Դիտել ավելին