Օգոստոսի 21-ին Ախալքալաքում, Սամցխե-Ջավախեթիի համալսարանի մոտակայքում, ճանապարհին փորձել են պայթեցնել Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանքի» մեծամասնական պատգամավոր Հենզել Մկոյանի եղբոր՝ Մարտուն Մկոյանի Mersedes մակնիշի ավտոմեքենան: Պայթյունից վնասվել են Մարտուն Մկոյանի լսողական ընկալիչները: Այս մասին հայտնում է Jnews-ը։
Աղբյուրի հետ զրուցում պատգամավոր Հենզել Մկոյանն ասել է. «Ես հյուրեր ունեի, նրանց հետի էի, զանգեց եղբայրս, ասաց շատ մեծ պայթյուն է եղել իր կողքին, որից ինքը սկսել է լսելու ունակությունը կորցնել, բացի դրանից մեքենայի վրա մուր է հայտնվել, մեքենայի բոլոր 6 անվտանգության գոտիները բացվել են: Ես եկա դեպքի վայր տեսա, որ ծառի տակ ճյուղերը ջարդված են, պայթյունից ծառի տակ փոս է առաջացել: Պայթյունն այնքան ուժեղ է եղել, որ շենքերի ապրողները դուրս են եկել վախեցած, պայթյունը լսել են նույնիսկ քաղաքի կենտրոնում»:
Պատգամավորը եղբոր մեքենայի պայթյունի փորձը կապում է իր գործնեության հետ և վստահ է, որ նպատակակետը ինքն է եղել, ոչ թե եղբարը:
Նշվում է, որ օգոստոսի 10-ին պատգամավոր Հենզել Մկոյանի փաստաբանը հայտարարել էր, որ Մկոյանին շանտաժի են ենթարկում, սպառնում սպանել, և նրանից 5 մլն դոլար շորթելու փորձ է եղել: