Կարևոր իրադարձություններ

Կրեմլը չի զբաղվում հիվանդների բուժմամբ. Դմիտրի Պեսկովը՝ Նավալնիին Գերմանիա տեղափոխելու մասին

21 Օգոստոս, 2020 17:51
Կրեմլը չի զբաղվում հիվանդների բուժմամբ. Դմիտրի Պեսկովը՝ Նավալնիին Գերմանիա տեղափոխելու մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Ալեքսեյ Նավալնիի ներկայացուցիչները նրան Գերմանիա տեղափոխելու հարցով Կրեմլին չեն դիմել, բայց Կրեմլում տեղյակ են, որ այդ մասին հաղորդագրություններ եղել են սոցցանցերում. գրում է meduza.io-ն։

Պեսկովը նշել է, թե նման հարցերում «ավելորդ բյուրոկրատիայի կարիք չկա»:

Նա նաև ասել է, որ Գերմանիայից օդանավով Օմսկ է ժամանել բժիշկների մի խումբ: «Որքան մեզ հայտնի է, մեր բժիշկները Գերմանիայից ժամանած բժիշկներին հրավիրել են այցելել հիվանդանոց, մասնակցել կոնսիլիումին, ստանալ բոլոր տեղեկությունները բուժման մեթոդների և առկա անալիզների մասին։ Չգիտեմ՝ գերմանացիները գնացել են, թե ոչ, բայց մեր բժիշկները կապի մեջ են»,- ասել է Պեսկովը:

Նա ընդգծել է, որ բուժող բժշկի փոխանցմամբ՝ մինչև հիմա հայտնի չէ, թե ինչն է դարձել Նավալնիի հոսպիտալացման պատճառը, ուստի  նրա տեղափոխումը ինքնաթիռով դեռևս հնարավոր չէ:

Պեսկովը հավելել է, որ անալիզների վերլուծության համար անհրաժեշտ է 1-2 օր: «Դեռ պատասխան չկա, այնպես որ պետք է մի փոքր համբերատար լինենք», – ասել է նա:

Ի պատասխան հարցին, թե արդյոք Ռուսաստանի  իշխանությունները խոչընդոտել են Նավալնիի՝ Գերմանիա տեղափոխմանը, Պեսկովն ասել է. «Դա բուժող բժշկի որոշումն է: Խոսքը փոխադրման մասին է, որը կարող է սպառնալ հիվանդի կյանքին»։

Այնուհետև նա հավելել է, որ նախագահի վարչակազմը «ոչ մի կերպ չի միջամտում այդպիսի հարցերին»։ «Կրեմլը չի զբաղվում հիվանդների բուժմամբ: Մենք բժիշկ չենք»,- ասել է Պեսկովը:


 

Լրահոս

Դիտել ավելին