Կարևոր իրադարձություններ

Դուք մենակ չեք, ձեզ հետ է ամբողջ Բելառուսը. Տիխանովսկայան նոր տեսանյութ է հրապարակել

21 Օգոստոս, 2020 10:12
Դուք մենակ չեք, ձեզ հետ է ամբողջ Բելառուսը. Տիխանովսկայան նոր տեսանյութ է հրապարակել

Բելառուսի նախագահի նախկին ընդդիմադիր թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան, ով այժմ գտնվում է Լիտվայում և չի ճանաչում օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրությունների արդյունքները, նոր տեսաուղերձ է հրապարակել, գրում է meduza.io-ն:

Նոր տեսաուղերձում Տիխանովսկայան կոչ է անում բելառուսական ձեռնարկությունների աշխատակիցներին շարունակել գործադուլները, որպեսզի «ստիպեն իշխանություններին լսել մեր ձայները, որոնք նրանք մեզնից գողացել են»:  

«Իմ թանկագին բելառուսներ, ձեռնարկությունների աշխատակիցներ, դուք մեր նոր, ազատ Բելառուսի խորհրդանիշն եք: Մենք ուժ ենք, որը կարող է փոխել և արդեն փոխում է մեր երկրի ապագան: Եկել է համախմբվելու ժամանակը: Դուք վախեցրել եք բռնապետությանը, նա դողում է վախից ձեր, ձեր ուժի և առնականության առաջ»,- ասել է Տիխանովսկայան ուղերձում՝ հավելելով, որ գործադուլներն «անկյուն են քշել բռնապետությանը, հարված հասցրել ուղիղ սրտին»:

«Գործադուլները բացարձակապես օրինական և հզոր զենք են ռեժիմի դեմ: Նրանք դա գիտեն և այդ պատճառով վախեցնում են ձեզ: Թողե՛ք վախը բռնապետությանը, հիշե՛ք՝ դուք մենակ չեք, ձեզ հետ է ամբողջ Բելառուսը»,- նշել է նա:

Տիխանովսկայան նաև հայտարարել է, որ իրենց նպատակը բռնությունը դադարեցնելն է, քաղբանտարկյալներին ազատ արձակելը և նոր, թափանցիկ, արդար ու ազատ ընտրություններ անցկացնելը: 

 

Լրահոս

Դիտել ավելին