Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու վերանորոգման աշխատանքներին

20 Օգոստոս, 2020 16:52
Արցախի նախագահը ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու վերանորոգման աշխատանքներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին

Երկրի ղեկավարը քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի և շինաշխատանքներն իրականացնող «Կապավոր» ՍՊԸ պատասխանատուների ուղեկցությամբ հետևել է աշխատանքների ընթացքին, հետաքրքրվել որակի չափորոշիչների պահպանման նկատմամբ պետական վերահսկողությամբ և շահագործման ժամկետներով

Նախագահի հանձնարարականի համաձայն՝ ասֆալտապատման աշխատանքներն ավարտելու զուգահեռ մայրուղու Ստեփանակերտ-Ասկերան հատվածն ամբողջությամբ ունենալու է գիշերային լուսավորվածություն: «Ծրագիրը գործարկվելու է առաջին անգամ և դառնալու է շարունակական: Որակապես նոր երկիր կառուցելու մեր կամքն ու ցանկությունը գերիշխող են, և Արցախն աշխարհի լավագույն երկրներից մեկը դարձնելու մեր նպատակը կյանքի ենք կոչելու միասին: Ես այդ օրվան հավատում եմ»,- ասել է Հանրապետության նախագահը

Ասկերան քաղաքում նա այցելել է նաև 18-րդ դարում կառուցված «Մայրաբերդ» պատմական ամրոց, որը պաշտպանական կարևոր նշանակություն է ունեցել ինչպես նախորդ դարերում, այնպես էլ արցախյան պատերազմի ժամանակ: Նախագահը նշել է, որ նախատեսված և լրացուցիչ աշխատանքներն ավարտելուց հետո այն զբոսաշրջիկների այցելության հիմնական վայրերից մեկը դառնալու մեծ պոտենցիալ ունի

Այցի ընթացքում նախագահին ուղեկցում էին նաև Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը, շրջկենտրոնի քաղաքապետը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Լրահոս

Դիտել ավելին