Կարևոր իրադարձություններ

Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկները պետությունից և հիվանդներից խարդախությամբ հափշտակել են 1.8մլն դրամ․ դատախազություն

20 Օգոստոս, 2020 13:31
Գյումրու բժշկական կենտրոնի բժիշկները պետությունից և հիվանդներից խարդախությամբ հափշտակել են 1.8մլն դրամ․ դատախազություն

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազի դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասի, 325-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի, 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1 ին և 2-րդ կետերի հատկանիշներով քննված քրեական գործով տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Գյումրի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության մի խումբ բժիշկ-վիրաբույժներ տարբեր ժամանակահատվածներում կատարել են տարբեր տեսակի վիրահատություններ, սակայն գրանցամատյաններում ակնհայտ կեղծ տեղեկություններ են ներառել կատարված վիրահատությունների տեսակի և արժեքի վերաբերյալ: Արդյունքում ընկերության դրամարկղ է մուտքագրվել իրական վիրահատության արժեքից էականորեն տարբերվող` նվազ գումարներ:

Վիրաբույժները, ընդհանուր կարգով վճարովի բժշկական ծառայություններ մատուցելու դիմաց գանձվող գումարներից, ինչպես նաև որոշ կատեգորիաների հիվանդների համար պետբյուջեից վճարվող գումարներից հափշտակություններ կատարելու դիտավորությամբ առանց վիրահատման ենթակա հիվանդների գիտության, վերջիններից պահանջել և կանխիկ ստացել են վճարովի ծառայությունների համար սահմանված ամբողջ գումարը և նրանց հիվանդության պատմագրերում, այլ փաստաթղթերում կատարել կեղծիքներ: Մասնավորապես,  վիրահատությունները ձևակերպել են որպես համավճարի շրջանակներում իրականացվող անհետաձգելի կարգով մատուցվող ծառայություններ և կազմել են այդ կապակցությամբ կեղծ պայմանագրեր: Արդյունքում հիվանդներից գանձված գումարներից բժշկական կենտրոնի դրամարկղ մուտքագրվել է միայն համավճարի շրջանակներում սահմանված գումարը` 50.000-65.000 ՀՀ դրամ, իսկ հիվանդների բուժման դիմաց վճարման ենթակա մնացած գումարները ձևակերպվել են որպես բժշկական կենտրոնի հաշվեհամարին պետբյուջեից կատարված փոխանցումներ։ Նման եղանակով պետությունից և հիվանդներից խարդախությամբ հափշտակվել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.8մլն ՀՀ դրամ գումար:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա 

ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի տարբեր կետերով, որոշ դեպքում նաև 325-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել նշված բուժհաստատության մի խումբ բժիշկների: Հետագայում առաջադրված մեղադրանքների մի մասով ոչ արդարացնող, այսինքն՝ համաներման ակտի կիրառման, վաղեմության ժամկետն անցնելու, գործուն զղջալու հիմքով, մյուս մասով արդարացնող՝ հանցակազմի բացակայության հիմքով, հաշվի առնելով նաև պատճառված վնասի վերականգնման հանգամանքը, վարույթն իրականացնող մարմնի կողմից նրանց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է և քրեական գործի վարույթը կարճվել:    

Այդուհանդերձ, քննությամբ, փաստորեն, հաստատվել է, որ բժշկական կենտրոնի աշխատակիցները և բժիշկները, օգտվելով տվյալ ոլորտում վերահսկողության բացակայությունից, հնարավորություն են ունեցել կատարել վերը նշված հանցավոր արարքները: Դրան նպաստել է նաև այն հանգամանքը, որ բժշկական օգնությունից օգտվող քաղաքացիները իրազեկված չեն եղել իրենց իրավունքների մասին, բավարար տեղեկություններ չեն ուենցել ինչպես անվճար, այնպես էլ արտոնյալ պայմաններում բուժում ստանալու՝ ՀՀ Կառավարության սահմանած կարգի վերաբերյալ:

Այսինքն, հիվանդների հաշվառման, բուժման հետ կապված փաստաթղթաշրջանառության, արտոնյալ պայմաններում բուժվող հիվանդներին իրենց իրավունքներին և պարտականություններին, բուժման պայմաններին վերջիններիս չծանոթացնելու, պայմանագրի կնքման, հաշվառման և գրանցման նկատմամբ պատշաճ հսկողություն չիրականացնելու հետևանքով բարենպաստ պայմաններ են ստեղծվում անձանց մոլորեցնելու և նրանց վստահությունը չարաշահելու համար

Ելնելով դրանից՝ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն հանցագործությունների գործերով վարչությունից միջնորդագիր է ուղղվել ՀՀ Շիրակի մարզպետ Տ.  Պետրոսյանին, որով բարձրացվել է նմանատիպ դեպքերը բացառելու նպատակով նշված հանգամանքները մարզպետարանի ենթակայության տակ գործող բժշկական հաստատությունների ղեկավարների հետ քննարկելու, հիվանդների հաշվառման, բուժման հետ կապված փաստաթղթակազմության, պայմանագրերի կնքման նկատմամբ հսկողությունն ուղեժացնելու, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բուժօգնություն ստանալու պայմանների մասին քաղաքացիների պատշաճ  իրազեկվածությունն ապահովելու անհրաժեշտությունը:

Ըստ Շիրակի մարզպետից ստացված գրության՝ միջնորդագիրը քննարկվել է մարզպետարանում և հիվանդանոցային բուժօգնություն և սպասարկում իրականացնող հասստատությունների տնօրեններին հանձնարարվել է այդ հաստատություններում դրամարկղերի գործունեությունը դարձնել շուրջօրյա, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման կարիք ունեցող պացիենտներին տրամադրել իրազեկման թերթիկներ: Հանձնարարվել է նաև սահմաներ ընթացակարգ, որով կապահովի վճարովի և արտոնյալ պայմաններով բուժօգնություն և սպասարկում ստացող պացիենտների, վերջիններիս հարազատների՝ համապատասխան պայմանագրերով սահմանված իրավունքների, պարտականությունների և բուժման պայմանների վերաբերյալ իրազեկվածությունը, ինչպես նաև կապահովվի կնքվող պայմանագրերի ձևանմուշների հասանելիությունը:  

 

Լրահոս

Դիտել ավելին