Կարևոր իրադարձություններ

Մխիթար Հայրապետյանը ԿԳՄՍՆ բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել

19 Օգոստոս, 2020 19:50
Հեղինակ՝ Մխիթար Հայրապետյան
Մխիթար Հայրապետյանը ԿԳՄՍՆ բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ է ներկայացրել

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, պատգամավոր Մխիթար Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«2021թ. պետական բյուջեի նախագծի նախնական տարբերակի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բյուջետային ծրագրերի վերաբերյալ մի քանի առաջարկ եմ ներկայացրել:

Այսպես, առաջին առաջարկը վերաբերում է հանրակրթական ուսումնական հաստատությունում ուսուցիչ աշխատելու համար պահանջների վերանայմանը՝ ուսուցչի՝ համակարգ մուտք գործելու ընթացակարգի պարզեցման նպատակով, որի համաձայն առաջարկվում է դիտարկել հետևյալ նոր մոտեցումները՝

բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց մանկավարժի որակավորում տրամադրել՝ անցկացնելով հատուկ կարճաժամկետ դասընթաց՝ մանկավարժական գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու համար,

բարձրագույն մասնագիտական հաստատությունում սովորող կամ արդեն բարձրագույն մասնագիտական կրթություն ունեցող անձանց թույլատրել պայմանագրային հիմունքներով դասավանդել հանրակրթական ուսումնական հաստատությունում՝ որոշակի ժամկետում մանկավարժի որակավորում ձեռք բերելու պայմանով:

Առաջարկը միտված է՝

հանրակրթական ուսումնական հաստատություններում ուսուցանելու մոտիվացիայի խթանմանը

մանկավարժության ոլորտում մարդկային ռեսուրսների երիտասարդացմանը

Երկրորդ առաջարկով նախատեսվում է հեռավար կրթությունը ճանաչել հիմնական հանրակրթական ծրագրերի կազմակերպման ընդունված ձև՝ հիբրիդային ձևաչափով: Այսպիսով, աշակերտները կկարողանան ընտրել մի շարք առարկաներ հեռավար ուսուցման եղանակով:

Այս համատեքստում սկսվում են կիրառվել կրեդիտային համակարգի գործիքները: Աշակերտները ստանալու են հնարավորություն՝ ընտրելու իրենց ուսումնական հաստատության հետ համագործակցող այլ ուսումնական հաստատություններից առարկաներ հեռավար կամ առկա եղանակով և կուտակել այդ առարկաների համար համապատասխան կրեդիտները, որոնք ճանաչվելու են իրենց հիմնական կրթական հաստատության կողմից: Առաջարկել եմ նաև կիրառել կրկնակի կամ համատեղ կրթական ծրագրերի գաղափարը, երբ սովորողները հանդիսանում են երկու կամ ավել ուսումնական հաստատությունների աշակերտ: Սույն առաջարկն էլ նպատակաուղղված է աշակերտներին՝ անկախ բնակության վայրից, տրամադրել որակյալ կրթություն ստանալու հնարավորություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին