Կարևոր իրադարձություններ

Արցախի դպրոցներում դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին, բուհերի բակալավրիատում սովորող ուսանողների համար՝ սեպտեմբերի 1-ին. տեղի է ունեցել պարետատան նիստ

19 Օգոստոս, 2020 16:13
Արցախի դպրոցներում դասերը կսկսվեն սեպտեմբերի 14-ին, բուհերի բակալավրիատում սովորող ուսանողների համար՝ սեպտեմբերի 1-ին. տեղի է ունեցել պարետատան նիստ

ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: Քննարկվել է նաև կրթօջախների վերաբացման հարցը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը: 

Հանրապետությունում տիրող նոր կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը ներկայացրել է ԱՀ պարետ, տարածքային կառավարման և զարգացման նախարար Ժիրայր Միրզոյանը։ Վերջինս, մասնավորապես, նշել է, որ նախօրեին մայրաքաղաքի հանրային սննդի օբյեկտներից մեկում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր օջախ, և այժմ իրականացվում են համապատասխան քայլեր վարակակիրների շփման շրջանակները ճշտելու ուղղությամբ։ 

Անդրադառնալով նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում դասապրոցեսի կազմակերպման հարցին՝ պարետը նշել է, որ համավարակի կառավարելի իրավիճակի դեպքում հանրակրթական դպրոցներում դասերի մեկնարկը կտրվի սեպտեմբերի 14-ին, իսկ բուհերի բակալավրիատում սովորող ուսանողների համար՝ սեպտեմբերի 1-ին՝ հակահամաճարակային բոլոր կանոնների պահպանմամբ: Մագիստրատուրայում սողովորողների համար կպահպանվի ուսուցման առցանց ռեժիմը: Ժ. Միրզոյանի խոսքով՝ արդեն աշխատանքներ են տարվում կրթօջախներն անհրաժեշտ ախտահանիչ նյութերով, ջերմաչափերով ապահովելու ուղղությամբ։ 

Նոր կորոնավիրուսով վարակվածների հայտնաբերման գործընթացը և բուժում ստացող քաղաքացիների առողջական վիճակը ներկայացրել է ԱՀ առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը։ Նախարարի խոսքով՝ այս պահի դրությամբ բուժում է ստանում 11 քաղաքացի։ 

ԱՀ պաշտպանության նախարար Ջալալ Հարությունյանի զեկույցի համաձայն՝ Պաշտպանության բանակում տիրող համավարակային իրավիճակը կայուն է և կառավարելի. կորոնավիրուսով վարակված զինծառայողներ չկան։ 

Նախագահ Հարությունյանը հանձնարարել է համապատասխան մարմինների ղեկավարներին ուժեղացնել համավարակի դեմ պայքարը, խստացնել վերահսկողությունը և շարունակել միջոցներ ձեռնարկել հակահամաճարակային կանոնների պահպանման ուղղությամբ։

Անդրադառնալով կառավարության որոշ անդամների կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները խախտելու դեպքերին՝ նախագահը նշել է, որ այդ կապակցությամբ երեկ խիստ նկատողություն է հայտարարել մի շարք գերատեսչությունների ղեկավարների: Նա անհասկանալի և անընդունելի է համարել նաև այն քաղաքական գործիչների վարքագիծը, որոնք Ազգային ժողովի նիստերին մասնակցում են առանց դիմակի, իսկ նախընտրական շրջանում իշխանություններից պահանջում էին հետաձգել ընտրությունները համավարակի ռիսկերի հետ կապված կամ ցուցադրաբար դիմակներ էին բաժանում քաղաքացիներին:

Արայիկ Հարությունյանը շեշտել է, որ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման գործում դժվար է լինելու հաջողության հասնել՝ տույժեր կիրառելով միայն պետական համակարգի աշխատողների հանդեպ: «Հանրակրթական դպրոցների, բուհերի վերաբացման պայմաններում արդյունավետ պայքար իրականացնելու համար անհրաժեշտ է լինելու բոլորի միասնական ջանքերի գործադրումը: Համավարակի հետ կապված ռիսկերը չեն նվազել և դրա համար պետք է շարունակել խստորեն պահպանել բոլոր սահմանված կանոնները»,- նշել է երկրի ղեկավարը:

 

Լրահոս

Դիտել ավելին