Կարևոր իրադարձություններ

Ինչ բարեփոխումներ և ինչ ծրագրեր է իրականացրել ՊԵԿ-ը վերջին 2 տարում. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

16 Օգոստոս, 2019 21:09
Ինչ բարեփոխումներ և ինչ ծրագրեր է իրականացրել ՊԵԿ-ը վերջին 2 տարում. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

Shabat.am-ը ուսումնասիրությունների շարք է սկսել՝ ներկայացնելով ՀՀ պետական կառույցներում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արված բարեփոխումները, բացթողումներն ու անելիքները:Գերատեսչությունների աշխատանքի որակը գնահատում ենք՝ հիմք ընդունելով հարցման պատասխանի բովանդակությունը, վերջին երկու տարում մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիներից ստացված բողոքները, ինչպես նաև հարցմանը պատասխանելու ժամկետները:

Ցավոք, որոշ պետական հաստատություններ անգամ հարցմանը պատասխանելու պարզ գործողության ընթացքում էին թերանում, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ խնդիրների կարող է բախվել հասարակ քաղաքացին, եթե գործը հասնի այդ պետական ինստիտուտների հետ աշխատելուն: Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ կային նաև գերատեսչություններ, որոնք հստակ կետերով պատասխանել են մեր հարցմանը:

Այս անգամ անդրադառնում ենք ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, որից մեր հարցման պատասխանը ստացել ենք ժամանակին և հանգամանալից:

Հեղափոխությունից հետո մեր խմբագրություն բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարել՝ այս կամ այն գերատեսչության աշխատանքների հետ կապված խնդիրներով: Նրանց շրջանում փոքրիկ հարցում ենք իրականացրել, թե հատկապես որ կառույցների աշխատանքից են գոհ, որոնցից՝ հակառակը: Հարցվածների շուրջ 83%-ը դրական է գնահատել ՊԵԿ-ի աշխատանքը:

Ստորև ներկայացնում ենք գերատեսչությունում վերջին երկու տարում կատարված աշխատանքները.

• Հօգուտ հարկ վճարողների իջեցվել է նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը. ՊԵԿ նախագահի հրամանով փոքր և միջին հարկ վճարողների համար 160 000 դրամի փոխարեն սահմանվել է 60 000 դրամ:

• Հարուցված քրեական գործերով վերականգնվել է շուրջ 8,6 մլրդ դրամ, ինչը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է:

• 2018 թվականը ՊԵԿ-ը եզրափակել է հարկային եկամուտների ծրագրված ցուցանիշերի գերակատարմամբ:  

• Նոր գործելաոճով և սահմանված առաջնահերթություններով կոմիտեն բոլոր ստորաբաժանումների աշխատանքը մոբիլիզացրել է ըստ ուղենիշերի` 5 տեղակալների համակարգմամբ:

• Տարվա ընթացքում ՊԵԿ-ում կատարված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում համալիր հարկային ստուգումների գործառույթն ամբողջությամբ կենտրոնացվել է ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունում: Արդյունքում ապահովվել է գործառույթների միասնականությունն ու արդյունավետությունը:

• Ստեղծվել է բիզնեսի հետ երկխոսության նոր հարթակ` բողոքարկման բաժին, որն արագ արձագանքում է հարկ վճարողների բողոքներին, վերհանում հնարավոր սխալները և լուծումներ գտնում: Արդյունքում ավելացել են հօգուտ հարկ վճարողի կայացված որոշումները:

• Կատարելագործվել են հարկ վճարողների սպասարկման միասնական մոտեցումները: «Մեկ պատուհան» հանրապետության ողջ տարածքում. քաղաքացիները կարող են դիմել իրենց հարմար սպասարկման կենտրոն, այդտեղից էլ ստանալ նաև դրոշմապիտակներ և ակցիզային դրոշմանիշներ:

• Պարզեցվել են իրավական կարգավորումները, ինչը նպաստում է Հայաստանում ազատ ձեռներեցությամբ զբաղվելուն:

• Հարկային վարչարարության 5 տարվա ռազմավարությամբ մշակվել են բարեփոխումների հիմնական ուղղությունները:

• ՊԵԿ-բիզնես գործակցության կարևոր ձեռքբերումներից է եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի կազմի ընդլայնումը։ Խորհրդի գործունեության պատմության մեջ առաջին անգամ նախագահը հասարակական կազմակերպության ներկայացուցիչ է:

• Տարվա ընթացքում կոմիտեն իր իրավասությունների շրջանակում մասնակցել է Հարկային օրենսգրքի նոր նախագծի և ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված ազգային իրավական ակտերի մշակմանն ու քննարկմանը։

• Մեքենաների մաքսազերծման գործընթացն ապակենտրոնացվել է և կատարվում է նաև բոլոր մաքսատներում, որտեղ աշխատում են առանց ընդմիջման: 

• Պարզեցվել է ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերադարձման ընթացակարգը, իսկ փոխհատուցվող գումարի առավելագույն չափը` կրկնակի բարձրացվել` 20 մլն դրամից դառնալով 40մլն դրամ:

• Հարկային և մաքսային ծառայողների մասնագիտական կարողությունների բարձրացման նպատակով ՊԵԿ ուսումնական կենտրոնում վերապատրաստման շարունակական դասընթացներ են անցկացվում: Ուսուցման ծրագրեր են լինում նաև հարկ վճարողների համար:

• Տարվա ընթացքում կատարելագործվել են էլեկտրոնային հարթակում բիզնեսի հետ կոմիտեի փոխհարաբերությունները: Հիմքում դրվել է համապարփակ վերլուծությունը, որը հնարավորություն է տալիս մի կողմից` բարձր որակի ծառայություններ մատուցել հարկ վճարողներին, մյուս կողմից` անտեսանելի հսկողություն իրականացնել՝ օգտագործելով մեծ տվյալների շտեմարանների, մեքենայացված ուսուցման և արհեստական բանականության հնարավորությունները:

• Աշխատանքներ են իրականացվում՝ գործընթացները տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ:  

• Կոմիտեն ընդլայնել է միջազգային համագործակցությունը. Եվրոպայի և Ասիայի երկրներ, ԵԱՏՄ և ԱՊՀ հարթակներ, միջազգային կառույցներ, հանդիպումներ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարի, Սինգապուրի, Բելգիայի, Իտալիայի, Իրանի, Վրաստանի և այլ պետությունների գործընկերների հետ:

• Պետեկամուտների կոմիտեն Հայաստանում է համախմբել ԵԱՏՄ գործընկերներին․ Դիլիջանում անցկացվել է Մաքսային միության անդամ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 29-րդ նիստը:

• Էականորեն պարզեցվել է վերադաս մաքսային մարմին թույլտվության համար դիմելու գործընթացը:  

• Տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ, իսկ հետագայում գործընթացը կտեղափոխվի օնլայն հարթակ` մաքսային բոլոր ձևակերպումների համար:

• Կատարելագործման փուլում է մաքսային մոնիթորինգի կենտրոնը. մաքսային հսկողությունը թվայնացվում է:

• Հայաստանը պաշտոնական ներկայացուցիչ կունենա Վերին Լարս անցակետում: Ռուսաստանում Հայաստանի դեսպանությանը կից մաքսային կցորդը տեղում օպերատիվ կարձագանքի մաքսային խնդիրների դեպքում:

• Կանխվել են տարբեր տեսակի թմրամիջոցների, հոգեմետ դեղերի, թանկարժեք զարդերի և այլ ապրանքների ապօրինի ներկրման բազմաթիվ փորձեր: Մաքսանենգներն ընտրել են թաքստոցների ամենաանհավանական տարբերակները. մարդու մարմնից մինչև իրանական ազգային զգեստ` ամբողջությամբ ներծծված ափիոնով և մետամֆետամինից պատրաստված քանդակներ:

• Մաքսանենգության դեմ պայքարում վարչությունն ընդլայնել է համագործակցությունը. գործակցության սկիզբ է դրվել ԱՄՆ արդարադատության նախարարության թմրամիջոցների դեմ պայքարի բաժնի և Թմրամիջոցների վերահսկողության կոմիտեի հետ:

• 2019թ. պետա­կան բյուջեի հարկա­յին եկամուտ­­ները փաստացի կազմել են 1տրլ 464 մլրդ դրամ, ինչը 2018 թվականի համեմատ ավելի է 206.4 մլրդ դրամով կամ 16.4%-ով: Եվ սա այն դեպքում, երբ ավելի քան 171 մլրդ դրամ վերադարձվել է հարկ վճարողներիԴրանք ԱԱՀ-ի և հիփոթեքային վարկի տոկոսների սպասարկմանն ուղղված եկամտային հարկի գումարներն են: Այդ թվում մարվել է, այսպես կոչված, «հին» պարտքը:  

• Գյումրիում բացվել է Հյուսիսային արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոնի ավտոմեքենաների մաքսային ձևակերպումներն իրականացնող ստորաբաժանումը: Օրական մի քանի հազար ավտոմեքենայի ձևակերպումն ավարտելու նպատակով մաքսային ծառայությունն աշխատել է արտահերթ, իսկ տարեմուտին նաև շուրջօրյա գրաֆիկով:  

• Բարեփոխվել է մաքսային արժեքի որոշման պրակտիկան: Կողմնորոշիչ արժեքների բազան ամբողջությամբ վերանայվել և ամեն օր թարմացվում է:  

• Էականորեն պարզեցվել է վերադաս մաքսային մարմնի կողմից թույլտվություններ տրամադրելու գործընթացը: Այդ գործառույթները փոխանցվել են մաքսատուն-վարչություններին` նվազեցնելով վերադաս մարմին դիմելու անհրաժեշտությունը:  

• Շարունակվել է էլեկտրոնային կառավարման համակարգերի կատարելագործումը: Այսուհետ նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների միջոցով հնարավոր է նաև դուրս գրել հաշվարկային փաստաթղթեր և վճարումը կատարել անհպում համակարգով:  

• Ներդրվել է ԱԱՀ-ի ինքնաշխատ լրացման (pre-filing) համակարգ: Ներմուծում իրականացնողները Նախնական հայտարարագիր կարող են լրացնել արդեն էլեկտրոնային եղանակով ՀՀ արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան հարթակում:  

• Ընդլայնվել է վերլուծական գործիքակազմը: Տեսչա­կան ընթացիկ հսկողու­թյան փոխարեն էլեկտրոնային հսկողու­թյուն է իրականացվում մոնիտորինգի կենտրոնում` ՀԴՄ-ով, հաշվարկային փաստաթղթերով գործարքների, արդեն նաև եկամտային հարկի ու աշխատողների ձևակերպման մասով:  

• Բարելավվել են հարկային և մաքսային ընթացակարգերը: Հարկային օրենսգրքով ԱԱՀ-ի շեմը 58.35 մլն դրամից բարձրացել է 115 մլն դրամ: Ազատականացվել է ՀԴՄ-ների ներկրման և իրացման շուկան:  

• 2018թ համեմատ 38 տոկոսով ավելի տպված կտրոնները հուշում են, որ առևտրաշրջանառությունը 21.9 տոկոսով ավելի է եղել:  

• Մի շարք գործընթացներ են պարզեցվել մաքսային ոլորտում: Ապրանքների բացթողումից հետո կարելի է փոփոխություն կատարել արդեն նույն հայտարարագրում, այլ ոչ թե ներկայացնել նորը: Մաքսային սահմանին համընդհանուր հսկողությունը թիրախային մոտեցմամբ փոխարինելու համար սահմանային անցման կետերում ներդրվել են մաքսային հսկողության իրականացման ռիսկի պրոֆիլներ:  

• ՊԵԿ-ը շարունակել է խրախուսել օրինապահ հարկ վճարողներին` հավաստագիր շնորհելով ևս 93 տնտեսվարողի:  

• Հարկ վճարողների հարցերին արագ արձագանքելու համար հեռախոսազանգերի կենտրոնի նախկին համարին զուգահեռ ստեղծվել է նոր` անվճար հեռախոսահամար (08000 0007): Իսկ նրանց բողոքները քննարկվել են բողոքարկման հանձնաժողովում` վճիռների զգալի մասը կայացնելով հօգուտ հարկ վճարողների:

• Կոմիտեն հետևողական է եղել հարկային և մաքսային իրավախախտումների դեմ պայքարում: Իրավական գործառույթ իրականացնող ստորաբաժանումների կողմից 2019թ.-ին պետական բյուջե է վերականգնվել 63.6 մլրդ դրամ, ինչը վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշն է:  

• Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը բացահայտել է մաքսային իրավախախտումների 202 դեպք:  

• Միջազգային համագործակցության ոլորտում Պետեկամուտների կոմիտեն գործնական կարևոր ձեռքբերումներ է գրանցել: Իտալիայի, Իրանի և Վրաստանի գործընկերների հետ ստորագրված հուշագրերով համատեղ բարելավվելու են մաքսային հսկողությունը, տեղեկատվության փոխանակումը և հսկողությունը` քրեական հետաքննության ու տրանսֆերային գնագոյացման ոլորտներում:  

 Առաջիկա 5 տարիներին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն առաջնորդվելու է հստակ ռազմավարությամբ: ՊԵԿ-ը մշակել է 2020-2024թթ. ռազմավարական զարգացման ծրագիր և ստացել Կառավարության հաստատումը: Կոմիտեն գնալու է հարկային և մաքսային գործընթացները թվայնացնելու և հարկ վճարողների համար հարմարավետ դարձնելու ճանապարհով: Ուղենիշային է լինելու քաղաքացիներին ժամանակակից ծառայություն մատուցող և վստահելի պետական կառույց լինելու տեսլականը:

 

 

Լրահոս

Դիտել ավելին