Կարևոր իրադարձություններ

Երկու անգամ բարձրացվել է երեխայի խնամքի նպաստի գումարը, առաջին և երկրորդ երեխաների ծննդյան նպաստի չափերը կրկնապատկվել են. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

20 Օգոստոս, 2020 16:20
Երկու անգամ բարձրացվել է երեխայի խնամքի նպաստի գումարը, առաջին և երկրորդ երեխաների ծննդյան նպաստի չափերը կրկնապատկվել են. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

Shabat.am-ը ուսումնասիրությունների շարք է սկսել՝ ներկայացնելով ՀՀ պետական կառույցներում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արված բարեփոխումները, բացթողումներն ու անելիքները:Գերատեսչությունների աշխատանքի որակը գնահատում ենք՝ հիմք ընդունելով հարցման պատասխանի բովանդակությունը, վերջին երկու տարում մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիներից ստացված բողոքները, ինչպես նաև հարցմանը պատասխանելու ժամկետները:

Ցավոք, որոշ պետական հաստատություններ անգամ հարցմանը պատասխանելու պարզ գործողության ընթացքում էին թերանում, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ խնդիրների կարող է բախվել հասարակ քաղաքացին, եթե գործը հասնի այդ պետական ինստիտուտների հետ աշխատելուն: Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ կային նաև գերատեսչություններ, որոնք հստակ կետերով պատասխանել են մեր հարցմանը:

Այս անգամ անդրադառնում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, որից մեր հարցման պատասխանը ստացել ենք ժամանակին և հանգամանալից:

Հեղափոխությունից հետո մեր խմբագրություն բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարել՝ այս կամ այն գերատեսչության աշխատանքների հետ կապված խնդիրներով: Նրանց շրջանում փոքրիկ հարցում ենք իրականացրել, թե հատկապես որ կառույցների աշխատանքից են գոհ, որոնցից՝ հակառակը: Հարցվածների շուրջ 80%-ը դրական է գնահատել նախարարության աշխատանքը:

Ստորև ներկայացնում ենք գերատեսչությունում վերջին երկու տարում կատարված աշխատանքները.

•Նվազագույն աշխատավարձի շեմ է սահմանվել 68.000 դրամը:  

•2020թ. հուլիսի 1-ից  մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի նախկին 18.000 դրամի չափը սահմանվել է 26.500 դրամ, այսինքն՝ բարձրացումը կազմել է 47 տոկոս:  

•2020թ. հուլիսի 1-ից 1-ին և 2-րդ երեխաների ծննդյան դեպքում միանվագ նպաստի չափը նախկին 50.000 և 150.000 հազար դրամի փոխարեն սահմանվել է 300.000 դրամ, այսինքն 1-ին երեխայի պարագայում միանվագ նպաստն աճել է՝ 6, իսկ 2-րդ երեխայի պարագայում՝ 2 անգամ:  

•2019 թվականի հունվարի 1-ից ավելացել է՝

 - 21785 աշխատանքային կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների չափերը,

 - 3307 զինվորական կենսաթոշակ ստացողների կենսաթոշակների չափերը.

 - 64084 նպաստառուի նպաստների չափերը:

•Շուրջ 5000 տարեց և հաշմանդամություն ունեցող անձի տրամադրվում են խնամք և սոցիալական այլ ծառայություններ, մասնավորապես՝ շուրջօրյա խնամք, տնային խնամք, ցերեկային կենտրոններում խնամք, անօթևան  մարդկանց ժամանակավոր կացարանով ապահովում և այլն:  

•2019 թ. օգոստոսի 1-ից կրկնապատկվել է Հայրենական մեծ պատերազմի վետերանների ամենամսյա պատվովճարը՝ կազմելով 100.000 դրամ: Որոշումը վերաբերում է 397 մարդու:

•Հայրենական մեծ պատերազմի 30 մասնակցի առողջարանային բուժման անվճար ուղեգրեր են տրամադրվել:

•Մասնակի վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել բոլոր տուն-ինտերնատներում: Հիմնանորոգվել և շահագործման է հանձնվել «Նորքի տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի անկողնային հիվանդների խնամքն իրականացնող հարկաբաժինը: Այն կարող է սպասարկել մինչև 35 տարեցների։

•30 %-ով բարձրացել է մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի ու վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպությունների աշխատակիցների աշխատավարձը: Այս պահին որոշումը վերաբերում է 152 մարդու:

•Մշակվել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքների նախագծերը:

•2020 թվականից նախատեսվել է աջակցություն տրամադրել սոցիալական բնակարաններում բնակվող կենսաթոշակառուներին՝  կոմունալ ծառայությունների վարձավճարների փոխհատուցման նպատակով:

•Ս.թ հունվարի 1-ից բարձրացվել է տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող ՊՈԱԿ-ների շուրջ 700 աշխատողների աշխատավարձերը առնվազն 30%-ով:

•2020 թվականից նախատեսվել է աջակցություն տրամադրել սոցիալական բնակարաններում բնակվող կենսաթոշակառուներին՝  կոմունալ ծառայությունների վարձավճարների փոխհատուցման նպատակով:

•Ս.թ հունվարի 1-ից բարձրացվել է տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող ՊՈԱԿ-ների շուրջ 700 աշխատողների աշխատավարձերը առնվազն 30%-ով:

•COVID-19 համավարակի հետ կապված տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվել է անհրաժեշտ աջակցություն՝ սննդի, դեղորայքի և սանիտարահիգիենիկ անհրաժեշտ պարագաների տեսքով,  մասնավորապես՝ շուրջ 4400 անձի տրամադրվել է սննդի փաթեթ:  

•Սկսած 2020 թվականի մարտի 1-ից, բոլոր կենսաթոշակառուները կարող են թատերական և  համերգային ներկայացումների, ինչպես նաև թանգարաններ այցելել անվճար: Կարգը սահմանվել է  Աշխատանքի և սոցիալական հարցերի և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարների համատեղ հրամանով:  

•2020 թվականից ընդլայնվել է ցերեկային խնամքի ծառայություններին տրամադրվող պետական աջակցությունը: 2020 թվականին դրամաշնորհի պայմանագիր է կնքվել 12 հասարակական կազմակերպությունների հետ (նախորդ տարվա 3-ի փոխարեն),  ամսական շուրջ 460 հաշմանդամություն ունեցող անձի (նախորդ տարվա 190-ի փոխարեն), խնամք և սոցիալ-վերականգնողական ծառայություններ մատուցելու նպատակով: Ընդլայնվել է նաև ծառայությունների մատուցման աշխարհագրությունը:

•Հաշվի առնելով երեխաների զարգացման առանձնահատկությունները մշակվել են մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների հաշմանդամության սահմանման ժամկետները: Առավել հստակեցվել է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը, որը կհանգեցնի հայեցողկական որոշումների կայացման հնարավորինս նվազեցման:

•Մշակվել և ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թվականի  մարտի 26-ի  «ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 381-Ն որոշումը:  Որոշումով սահմանվում է բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման հատուկ՝ պարզեցված ընթացակարգը 1 տարի ժամկետով: Որոշումը հնարավորություն կտա փորձաքննությունները կազմակերպել ավելի ճկուն և սողացող մեխանիզմներով:

•Հաստատվել է ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը, որի շնորհիվ առաջին անգամ Հայաստանում ներդրվել է ընտանիքում բռնության դեպքերի համապարփակ վիճակագրության հավաքագրման մեխանիզմ։

•«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոնների ծառայություններ» ծրագրի շրջանակում 2020 թվականից բոլոր մարզերում գործում են ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության կենտրոններ, որտեղ ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 1800 անձ՝ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան, կստանան անհրաժեշտ ծառայությունները։ Այս ծառայությունները մատուցվում են մրցույթային կարգով հաղթող ճանաչված և համապատասխան վերապատրաստում անցած հասարակական կազմակերպությունների կողմից՝ որպես պետության կողմից պատվիրակված ծառայություններ:

•«Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ապաստարանի ծառայություններ» ծրագրի շրջանակում 2020 թվականից պետական ֆինանսավորմամբ գործում է  2 ապաստարան, որտեղ ընտանիքում բռնության ենթարկված շուրջ 60 անձանց, անհրաժեշտության դեպքում նրանց խնամքի տակ գտնվող երեխաներին տրամադրվում է  օրենքով սահմանված սոցիալական ծառայությունները։ Այս ծառայությունը ևս մատուցվում է մրցույթային կարգով հաղթող ճանաչված հասարակական կազմակերպության կողմից՝ որպես պետության կողմից պատվիրակված ծառայություն:

•«Ընտանիքում բռնության ենթարկվածների ժամանակավոր աջակցություն» ծրագրի շրջանակում 2020 թվականից ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվում է մինչև 150 հազ. դրամ միանվագ ֆինանսական աջակցություն։

•Փոփոխություններ են կատարվել «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին օրենքում», որի արդյունքում թրաֆիքինգի զոհ երեխաներին պետության կողմից տրամադրվում է միանվագ ֆինանսական աջակցություն՝ 250,000 դրամի սահմաններում: 2019 թվականի նշված ծրագրի շրջանակում միանվագ դրամական աջակցություն է տրվել 5 անձի։  

•2019 թվականին իրականացվել է «Թրաֆիքինգի զոհերի սոցիալ-հոգեբանական վերականգնում» ծրագիրը ևս, որի շրջանակում աջակցություն է տրամադրվել 8 շահառուի, որից 3-ին նաև պետպատվերի շրջանակում տրամադրվել է  անհրաժեշտ բուժօգնություն:  

•Մշակվել և սահմանված կարգով շրջանառության մեջ է գտնվում Թրաֆիքինգի և մարդկանց շահագործման դեմ պայքարի վեցերորդ՝ 2020-2022 թթ. ազգային ծրագրի ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով նախատեսվում է առավել ընդգրկուն ու համապարփակ դարձնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի գործընթացը, բարելավել աջակցության տրամադրման գործընթացը և հստակեցնել պաշտպանության մեխանիզմները՝ հաշվի առնելով նաև երեխայի լավագույն շահը:  

•Մշակվել և հաստատվել է Գենդերային ռազմավարությունը: Ռազմավարությամբ նախատեսվող միջոցոռումները  ուղղված են հասարակական կյանքի բոլոր ոլորտներում կանանց և տղամարդկանց իրավունքների և հնարավորությունների իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը: Որպես ռազմավարության իրականացման ինստիտուցիոնալ և ազգային մեխանիզմ՝ 2019 թվականին ձևավորվել է Հայաստանի Հանրապետությունում կանանց հարցերով խորհուրդը՝ ՀՀ փոխվարչապետի գլխավորությամբ։ Խորհրդի կազմում ընդգրկվել են ոչ միայն պետական կառույցների ներկայացուցիչներ, այլև կանանց հիմնահարցերի ոլորտում առավել երկար գործունեություն իրականացնող և փորձառություն ունեցող  հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

•ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 7-ի N 1555-Ն որոշմամբ  ֆինանսական միջոցներ են ուղղվել Հայաստանի Հանրապետության մանկատան շրջանավարտների բնակարանային ապահովման խնդիրների լուծմանը՝ բնակարանի գնման վկայագրի տրամադրման միջոցով: Շուրջ 300  մանկատան շրջանավարտների բնակարանային խնդիրների լուծման նպատակով հատկացվել է 1.9 մլրդ դրամ: Այս ծրագրի շրջանակներում. 6.3 մլն դրամ արժողությամբ բնակարանի գնման վկայագիր է հատկացվել մանկատան 133 շրջանավարտի, որոնցից 127-ի հետ արդեն իսկ կնքվել են համապատասխան պայմանագրեր:

•Լուծարվել է գիշերօթիկ 4 հաստատություն և 1 մանկատուն:  Արդյունքում՝ շուրջ 200 երեխա վերադարձել է կենսաբանական ընտանիք: Շուրջ 20 երեխաներ ժամանակավորապես ուղղորդվել են այլ շուրջօրյա խնամքի հաստատություններ, իսկ մանկատանը խնամք ստացող 18 տարին լրացած անձինք ընդգրկվել են աջակցության և բնակարանով ապահովման ծրագրում:  

•2020 թվականի հունվարից ֆինանսավորման բացակայությամբ պայմանավորված լուծարվել է նաև Գյումրու «Թռչունյան տուն» խնամքի հաստատությունը (ՍՊԸ), որտեղ խնամք ստացող երեխաներից 20-ի խնամքը ևս շարունակվում է «Գյումրու Ֆ.Նանսենի անվան թիվ 2 գիշերօթիկ խնամքի հաստատություն» ՊՈԱԿ-ում:  

•Ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունքում շուրջօրյա հաստատություններից ընտանիք է վերադարձել շուրջ 400 երեխա:

•ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տրամադրած տվյալների հիման վրա բացահայտվել են 2016-2018 թթ.-ին 30 երեխաների ապօրինի որդեգրման դեպքեր:

•ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից առաջին անգամ կազմակերպվել են խնամատար ծնող դառնալ ցանկացող անձանց վերապատրաստումներ, վերապատրաստվել է խնամատար ծնող դառնալ ցանկացող 25 անձ: Իրականացվել են համադրումներ, որի արդյունքում երեխաների ներկայում շուրջ 70 երեխա խնամք է ստանում խնամատար ընտանիքներում։  

•2020 թվականի պետական բյուջեով 90 խնամատար ընտանիքում 94 երեխայի խնամքի իրականացման համար նախատեսվել է 152.8 մլն դրամ, և առաջին անգամ երկու հոգեզավակի խնամքի իրականացման համար հատկացվող ֆինանսավորումը կրկնապատկվել է՝ ի տարբերություն նախկին 30 տոկոսի:  

•2020 թվականի հունվարից պետության կողմից պատվիրակման միջոցով 10 մարզերում և Երևան քաղաքում հասարակական կազմակերպությունների կողմից իրականացվում է «ՀՀ երեխաների շուրջօրյա խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններում խնամվող և հաստատությունում հայտնվելու ռիսկի խմբում գտնվող երեխաների ընտանիք վերադարձնելու և մուտքը հաստատություններ կանխարգելելու ծառայություններ», ներառյալ «Կենսաբանական ընտանիք տեղափոխված և հաստատություն մուտքը կանխարգելված երեխաների ընտանիքների բնաիրային օգնության փաթեթի տրամադրում» ծրագիրը, որի շրջանակներում շահառու երեխաները և նրանց ընտանիքները ստանում են ծրագրի նպատակներից բխող ծառայություններ (մասնագիտական աջակցություն, սոցիալական աջակցություն՝ սննդի զամբյուղ և էլեկտրաէներգիայի փոխհատուցում, բնաիրային փաթեթ)։ Նախատեսված 389 երեխայի փոխարեն ներկայում ծառայություն է ստանում շուրջ 554 երեխա: Հատկանշական է, որ 2020 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակաշրջանում կանխարգելվել է հաշմանդամություն  և առողջական խնդիրներ ունեցող 34 երեխայի մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ: 

•2019 թվականին ՀՀ առողջապահության ու աշխատանքի և սոցիակալան հարցերի նախարարությունների և «Բարի մամա» հասարակական կազմակերպության միջև կնքված եռակողմ հուշագրի շրջանակում իրականացված աշխատանքների արդյունքում կանխարգելվել է 28 երեխայի մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ:

•Նախարարության ենթակայությամբ գործում է ընտանիքի և երեխայի աջակցության 6 կենտրոն, որտեղ ծառայություն է ստանում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված շուրջ 600 երեխա, կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելմամբ պայմանավորված՝  մարտ ամսից երեխաները չեն  հաճախումհաստատություններ, սակայն ընտանիքները ստանում են սննդի աջակցություն՝ երկշաբաթյա կտրվածքով՝ առաքման ծառայության միջոցով:

•2020 թվականից նախարարությունն ընդլայնել է ցերեկային ծառայությունների ծածկույթը՝ հանրապետության 30 խոշոր բնակավայրերում ծառայություններ պատվիրակելով հասարակական կառույցներին (23 հաստատություն հունվարից տրամադրում է ծառայություն, իսկ թվով 7 տարածքում մրցույթի արդյունքները դեռևս ամփոփման փուլում են): Պետության կողմից պատվիրակված լիազորություններ ունեցող կազմակերպությունների կողմից նախատեսվում է ծառայություն տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված 3277 երեխայի և նրանց ընտանիքներին, 2020 թվականի ապրիլի 1-ի դրությամբ պատվիրակված հասարակական կազմակերպությունների կողմից ծառայություն է ստանում 2855 երեխա: Ծառայությունն ունի նաև շարժական բաղադրիչ՝ ուղղված սպասարկելու այն համայնքների երեխաներին, որտեղ ծառայությունը տեղակայված չէ, սակայն աջակցության կարիք կա:  

•Կատարելագործվել են կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հետ աշխատող շուրջ 300 մասնագետի հմտություններն ու կարողությունները՝ ընթացիկ վերապատրաստման և վերաորակավորման միջոցով:  

•Measure Evaluation ծրագրի հետ համագործակցության արդյունքում իրականացվել է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների հաշվառման «Մանուկ» տեղեկատվական համակարգի արդիականացում։ Մշակվել են համակարգի միջոցով ոլորտի մշտադիտարկման նոր ցուցանիշներ։ Համակարգում ներդրվել են տեղեկության հավաքագրման և վերլուծության մի շարք նոր եղանակներ, որոնք թույլ կտան ապահովել տրամադրվող ծառայությունների առավել հասցեականությունը, հաշվառված երեխաների օրինական ներկայացուցիչների վերաբերյալ առավել հստակ տեղեկության ստացումը և այլն։

•2019 թվականին շարունակվել են աշխատանքային գրքույկների հաշվառումը և աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելու (թվայնացման) աշխատանքները: 2019 թվականի գործընթացի շրջանակներում նախատեսված է եղել տեսաներածել շուրջ 350 000 աշխատանքային գրքույկ։ Սակայն 2019 թվականի ընթացքում հավաքագրվել է շուրջ 125 000 աշխատանքային գրքույկ։  Աշխատանքային գրքույկները Սոցիալական ապահովության ծառայություն ներկայացնելու ժամկետը օրենքով սահմանված էր մինչև 2020թ. հունվարի 1-ը: Չնայած իրականացրած իրազեկման աշխատանքներին, այնուհանդերձ, ոչ բոլոր գործատուներն են կատարել իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները Ծառայություն ներկայացնելու պարտավորությունը: Գործընթացն ավարտին հասցնելու նպատակով նախատեսվում է համապատասխան օրենսդրական փոփոխությամբ երկարաձգել աշխատանքային գրքույկների հավաքագրման և տեսաներածման աշխատանքների ժամկետը:  

•Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի չափը 2020 թվականի հուլիսի 1-ից սահմանվել է 26500 դրամ:

•Առաջին և երկրորդ երեխաների ծննդյան դեպքում երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 2020 թվականի հուլիսի 1-ից սահմանվել է սահմանվել է 300000 դրամ (ընդ որում սա տարածվում է այն դեպքերի վրա, երբ երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո)` մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը սահմանված՝ 1-ին երեխայի ծննդյան դեպում՝ 50000 դրամ և 2-րդ երեխայի ծննդյան դեպքում՝ 150000 դրամի փոխարեն:

•2020 թվականի հունվարի 1-ից սահմանվել են հիմնական կենսաթոշակի, ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, զինվորական կենսաթոշակների չափերը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի, աշխատանքային ստաժի և զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքի նոր չափերը: Նպատակը կենսաթոշակառուների, ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացողների շրջանում ծայրահեղ աղքատությունը հաղթահարելն է։  

•2020 թվականի հունվարի 1-ից սահմանվել է՝

1)նվազագույն կենսաթոշակի չափը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն),

2)աշխատանքային և զինվորական կենսաթոշակի չափը հաշվարկելու համար հիմնական կենսաթոշակի չափը՝ 18000 դրամ (16000 դրամի փոխարեն),  

3)աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը՝ առաջին տասը տարվա համար՝ 950 դրամ (800 դրամի փոխարեն),  

4)պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը` առաջին խմբի հաշմանդամի համար՝ 40000 դրամ (36000 դրամի փոխարեն) երկրորդ խմբի հաշմանդամի համար՝ 30000 դրամ (26000 դրամի փոխարեն) երրորդ խմբի հաշմանդամի համար՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն)  

5)պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը՝ 27000 դրամ (25500 դրամի փոխարեն) երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) դեպքում՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն),

6)ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը` 26500 դրամ (25500 դրամի փոխարեն)

7)երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի (կամ առկա ցերեկային ուսուցմամբ սովորող զավակի) կերակրողին կորցնելու դեպքում նպաստի չափը՝ 90000 դրամ (80000 դրամի փոխարեն):

Արդյունքում, բարձրացել է շուրջ 33646 զինկենսաթոշակառուների, 468761 աշխատանքային կենսաթոշակառուների կենսաթոշակների չափերը, 70922 նպաստառուների նպաստների չափերը:  

Ընդ որում, շահառուների 46.5%-ի կենսաթոշակը ավելացել է ավելի, քան 10 տոկոսով, 37.3%-ինը` 8-10 տոկոսով, 14.4 %-ինը` 5-8 տոկոսով և 2 %-ինը` 1000 դրամով` ի հաշիվ նվազագույն կենսաթոշակի ավելացման:

•Կենսաթոշակային ապահովության ոլորտում 2019 թվականի դեկտեմբերի 20-ին ՀՀ-ն ստորագրել է «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների աշխատողների կենսաթոշակային ապահովության մասին» համաձայնագիրը:  

•2020 թվականի փետրվար մասից թաղման նպաստը նշանակվում է ՔԿԱԳ մարմնի առցանց ներկայացրած հայտի հիման վրա:  

•Կառավարության կողմից իրականացվել են սոցիալական պաշտպանության ոլորտում Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 8 միջոցառում՝ չորրորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ, իններորդ, տասնմեկերորդ, տասներկուերորդ և տասներեքերորդ:  

•Հայաստանում բռնադատվածի կարգավիճակ ունեցող անձանց ներվել է 5-17 տարի առաջ նրանց տրամադրված վարկերի նկատմամբ ունեցած պարտավորությունները։ Այս որոշումը վերաբերում է 303 մարդու:

•Ավարտվել են Հրազդանի, Տաշիրի, Ախուրյանի, Շենգավիթի, Ծաղկահովիտի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնների (ՀՍԾՏԿ) շին-վերանորոգման աշխատանքները:

•2019 թվականին մեկնարկել և իրականացման ընթացքում են թվով 6՝ Ստեփանավանի, Մեղրիի, Սևանի, Մարտունու, Գորիսի և Ապարանի ՀՍԾՏԿ-ների շին-վերանորգման աշխատանքները, իսկ 2020 թվականին մեկնարկել են ևս 5՝ Գյումրիի, Իջևանի, Դիլիջանի, Գավառի և Ալավերդիի  ՀՍԾՏԿ-ների շին-վերանորոգման աշխատանքները:  

•Զբաղվածության պետական գործակալության աջակցությամբ աշխատանքի է տեղավորվել 13805 անձ, որի 22.7%-ը զբաղվածության պետական ծրագրերի արդյունքում:

•Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է թվով  7497 աշխատանք փնտրող անձ, (67.3%-ը կանայք են, 38.5%-ը երիտասարդներ, 4.8%-ը հաշմանդամություն ունեցող անձինք, 21.1%-ը գյուղաբնակ)։ Նրանցից 38%-ը ընդգրկվել է ժամանակավոր, իսկ 62%-ը՝ կայուն զբաղվածություն ապահովող ծրագրերում։

•Փոքր բիզնեսի աջակցության ծրագրի շրջանակներում 79 անձ հիմնել է սեփական բիզնեսը:

•Գյուղատնտեսական սեզոնային աշխատանքով զբաղվող անձինք այլևս դուրս չեն մնա նպաստի համակարգից: Ավելին, գյուղատնտեսական սեզոնային աշխատանքով զբաղվելու պարագայում կտրվի առավել բարձր միավոր, ստացված եկամուտը չի հաշվարկվի ընտանիքի ընդհանուր եկամտի մեջ:

•«Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» ծրագրի շրջանակներում   161 համայնքներում իրականացվել է 1514 ծրագիր, ծրագրերում ընդգրկվել է  1820 անձ, մշակվել է շուրջ 2236.9 հա հողատարածք:

•Տարվա ընթացքում զբաղվածության տարածքային կենտրոնները համագործակցել են 2000 գործատուի հետ, որոնցից հավաքագրվել է 12 385 չկրկնվող թափուր աշխատատեղ, դրանցից   433-ը նոր ստեղծված:  

•2019 թ.-ի զբաղվածության պետական գործակալության աջակցությամբ աշխատանքի է  տեղավորվել 11 582 աշխատանք փնտրող:  

•411 գործատուից ստացված շուրջ  1500 թափուր աշխատատեղի հայտի հիման վրա աշխատանքի թույլտվություն է տրամադրվել 855 օտարերկրացու:  

•Զբաղվածության պետական գործակալության կազմում գործող ռեսուրս կենտրոնների և շարժական միգրացիոն ռեսուրս կենտրոնի միջոցով ավելի քան 1300 աշխատանքային միգրանտի կամ նրանց ընտանիքի անդամներին տրամադրվել է տեղեկատվություն և խորհրդատվություն ընդունող պետություններում աշխատանքի և զբաղվածության, կրթության, միգրացիոն օրենսդրության վերաբերյալ, ինչպես նաև քայլեր են ձեռնարկվել՝ ուղղված աշխատանքային միգրանտների խախտված իրավունքների վերականգնմանը:

• Նախատեսվում է աջակցել երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքներին բնակարաններ ձեռք բերելու և երեխայի ծննդով պայմանավորված՝ աջակցություն հիփոթեկային վարկ մարելու գորընթացում:

•2020 թ. մարտի 16-ից ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարվելու հանգամանքով պայմանավորված փոփոխություններ են կատարվել ՀՀ աշխատանքային և ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերի կարգավորումներում.

1.սահմանվել է ինչպես հեռավար եղանակով իրականացվող աշխատանքի  հասկացությունը, այնպես էլ` ամրագրվել, որ հեռավար եղանակով աշխատանքների կազմակերպման հնարավորության պարագայում, աշխատողները չհամարվեն պարապուրդի մեջ, և աշխատավարձն ամբողջությամբ պահպանվի:  

2.հստակեցվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքով սահմանված անհաղթահարելի ուժ համարվելու ժամանակահատվածում առաջացած հարկադիր պարապուրդի դեպքում` աշխատողների վարձատրության վերաբերյալ կարգավորումները:

3.ամրագրվել է, որ մինչև 2021 թ. հուլիսի 1-ը` տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ հանգամանքների կանխարգելման կամ դրանց հետևանքների անհապաղ վերացման ժամանակահատվածում ստացված դիմումի առկայության դեպքում` ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը  իրականացնելու է աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողություն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ, ինչպես նաև սահմանվել են համապատասխան վարչական տույժերը:  

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին