Կարևոր իրադարձություններ

Ամբողջապես կասեցվել են «ՀայԱնտառի» տարածքներում և «Սեւան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները. Ռոմանոս Պետրոսյան

15 Օգոստոս, 2020 14:57
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Ամբողջապես կասեցվել են «ՀայԱնտառի» տարածքներում և «Սեւան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները. Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Շրջակա միջավայրի բաղադրիչներից են մեզ շրջապատող բնության մասնիկները, մասնավորապես, մեր անտառները, լճերն ու գետերը։

Սիրելի՛ քաղաքացիներ,

Խնդրում եւ հորդորում եմ՝ հանգստյան օրերին, եւ առհասարակ, ձեր կենսագործունեության ընթացքում, գտնվելով բնության գրկում եւ այցելելով մեր անզուգական բնաշխարհի գողտրիկ անկյուններ ու բնական հուշարձաններ, դրսեւորեք բարձր քաղաքացիական գիտակցություն եւ սրտացավ ու հոգատար մոտեցում ցուցաբերեք մեր բնական հարստություններին

եւ ո՛չ մի պարագայում աղբ մի՛ նետեք այդ միջավայր,

որեւէ դեպքում մի՛ վնասեք շրջակա միջավայրի կենսաբազմազանությունն ու դրանով՝ մի՛ խաթարեք բնական միջավայրի ներդաշնակ ու անխաթար համակեցությունն ու զարգացումը մեր կողքին։

Մենք պարտավո՛ր ենք ապրել բնության հետ ներդաշնակ՝ համակեցության հույժ պատասխանատու կանոններով ու մեր կենսակերպի՝ խիստ անվնաս վարքուբարքով՝ առ շրջակա միջավայր։

Հարգելինե՛րս,

Իսկ իմ մասով տեղեկացնում եմ, որ արդեն իսկ.

ամբողջապես կասեցվել են Բնության Հատուկ Պահպանվող Տարածքներում (ԲՀՊՏ) եւ «ՀայԱնտառի» տարածքներում հողամասերի՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները,

ամբողջապես դադարեցվել են Սեւանա լճի ողջ առափնյա հատվածում՝ «Սեւան ազգային պարկի» հողատարածքների՝ վարձակալության կամ կառուցապատման իրավունքով տրամադրման բոլոր գործընթացները,

արդեն իսկ մեկնարկել ենք վերոնշյալ գոտիներում մինչ այժմ տրամադրված հողատարածքների տնօրինման պայմանագրերի ուսումնասիրությունները (դրանք մի քանի հազար են)՝ պայմանագրային պարտավորությունների, ինչպես նաեւ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, քաղաքաշինական ու հողաշինական նորմերի խախտումների դեպքում այդպիսիներն աներկբայորեն կչեղարկվեն՝ միակողմանի կամ դատական կարգով,

բնության պահպանությանն ու պաշտպանությանը միտված այլ գործընթացների մասին՝ հաջորդիվ։

Արդյունավետ եւ՝ բնության նկատմամբ հոգատար ու սիրառատ օր եմ մաղթում բոլորիդ։

Հ.Գ. Ինքս այսօր աշխատանքային շրջայց եմ կատարում «Դիլիջան ազգային պարկում»»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին