Կարևոր իրադարձություններ

Շրջակա միջավայրի բոլոր ենթաոլորտներում օր առաջ պետք է խորքային բարեփոխումների գործընթացներ մեկնարկեն․ Ռոմանոս Պետրոսյան

15 Օգոստոս, 2020 00:30
Հեղինակ՝ Ռոմանոս Պետրոսյան
Շրջակա միջավայրի բոլոր ենթաոլորտներում օր առաջ պետք է խորքային բարեփոխումների գործընթացներ մեկնարկեն․ Ռոմանոս Պետրոսյան

Շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աշխատանքային այցով եղա Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ում։ Հանդիպում և առարկայական քննարկում ծավալվեց ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի և ստորաբաժանումների ղեկավարների հետ։ Ծանոթացա կենտրոնի գործունեությանը և առկա խնդիրներին։

Արձանագրեցինք, որ կան բազմաթիվ կուտակված խնդիրներ՝ սկսած շենքային պայմանների բարելավումից, կառավարման մշակույթի փոփոխությունից մինչև մասնագիտական գործունեությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար տեխնիկական վերազինման, կադրերի վերապատրաստման, նորարական գործիքակազմի ներմուծման անհրաժեշտություն։

Քննարկեցինք ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ծրագրերի մշակման և իրականացման հեռանկարները։
Խոսելով կադրային քաղաքականությանից՝ ևս մեկ անգամ վստահեցրի, որ հետհեղափոխական իրականության մեջ որևէ թափուր պաշտոնի մրցույթ կոնկրետ անձի համար չի հայտարարվում․ բոլոր թափուր հաստիքները պետք է զբաղեցնեն կոմպետենտ, բանիմաց ու գրագետ մասնագետներ, իսկ ստորին օղակի լավագույն մասնագետներն առաջխաղացման ու ինքնադրսևորման հնարավորություն ստանան ։

Շրջակա միջավայրի նախարարության ենթակայությամբ գործող կառույցների գործունեության հիմքում պետք է լինի բացառապես Հայաստանի Հանրապետության շահը և տվյալ կառույցի դերի ու քաղաքական կշռի բարձրացումը պետական կառավարման համակարգում։ Դա հնարավոր է միայն ոլորտի ճիշտ կառավարման, վճռական որոշումների կայացման ու շրջադարձային գործելաոճի արդյունքում։

Ինչպես նախորդ կառույցներում հանդիպումներիս ժամանակ, այնպես էլ այսօր, գործընկերներիս հորդորեցի հստակ ձևակերպել խնդիրները, գույքագրել, ըստ առաջնահերթության տեսակավորել և ինստիտուցիոնալ ու աշխատանքային անձնական խողովակներով վեր հանել դրանք։

Կարճաժամկետ տեսանելի ապագայում մեր գլխավոր անելիքն է այսրոպեական միջամտություն պահանջող խնդիրների լուծմանը զուգահեռ ՊՈԱԿ-ի կայուն զարգացման համար նախադրյալներ ապահովել։

Համագործակցության կոչ արեցի՝ ամենակրտսեր մասնագետից մինչև ստորաբաժանման ղեկավար, միասին լծվել ոլորտում մեր տեսլականին համահունչ բարեփոխումների իրականացմանը։

Շրջակա միջավայրի բոլոր ենթաոլորտներում օր առաջ պետք է խորքային բարեփոխումների գործընթացներ մեկնարկեն։

Ի գո՛րծ»։

 

Լրահոս

Դիտել ավելին