Կարևոր իրադարձություններ

ԱԻՆ-ը դիտարկում է իրականացրել «Վանաձոր Քիմպրոմ»-ում, հայտնաբերվել է 2 տոննա ամոնիակ․ մանրամասներ

14 Օգոստոս, 2020 17:38
ԱԻՆ-ը դիտարկում է իրականացրել «Վանաձոր Քիմպրոմ»-ում, հայտնաբերվել է 2 տոննա ամոնիակ․ մանրամասներ

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում օգոստոսի 4-ին տեղի ունեցած պայթյունը պայթյունավտանգ ամոնիումի նիտրատ (ամոնիումային սելիտրա) բռնկման պատճառով էր եղել։ 

Պայթյունից ժամեր անց հայկական մամուլում անդրադարձ եղավ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում գտնվող «Վանաձոր Քիմպրոմ»-ում  մնացած թունավոր նյութերի, մասնավորապես ամոնիակի տարաններում պահվող շուրջ 90 տոննա ամոնիակի և ամոնիակաջրի խնդրին։

«Օգոստոսի 6-ին ԱԻՆ ճառագայթային քիմիական և կենսաբանական պաշտպանության խումբը «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ում իրականացրել է դիտարկում, որի արդյունքում պարզվել է, որ գլանատակառում առկա ամոնիակի քանակությունը կազմում է 2տոննա, որը բնակչության համար վտանգ չի ներկայացնում»,- այս մասին Shabat.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

ԱԻՆ-ը հայտնել է նաև, որ ամոնիկաջուր չի հայտնաբերվել։ Իսկ հայտնաբերված թերությունների վերաբերյալ գրություն է ուղարկել Ձեռնարկության սնանկության գործերով կառավարչին, դրանք շտկելու համար։

«Տեղեկացնում ենք, որ «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի կողմից ԱԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ պայմանագիր չի կնքվել, ուստի ՊՈԱԿ-ը «Վանաձոր Քիմպրոմ» ՓԲԸ-ի քիմիկական օբյեկտներում տեխնիկական անվտանգության փորձաքննությունն իրականացնելու իրավասություն չունի, իսկ, առհասարակ վտանգավոր քիմիական նյութերի կառավարումը ԱԻ նախարարության գործառույթներից դուրս է և նախարարությունը նման վայրերում իրականացնում է միայն ռիսկերի նվազեցման ուղղությամբ տարվող դիտարկումներ»,- նշված է նախարարության կողմից ուղարկված պատասխանում։

ԱԻՆ-ից հայտնում են նաև, որ ԱԻՆ ճառագայթային քիմիական և կենսաբանական պաշտպանության խմբի կողմից դիտարկում է կատարվել նաև 2018թ․, որի արդյունքում հայտնաբերված թերությունների վերաբերյալ գրությամբ տեղեկացվել է Ձեռնարկության սնանկության գործերով կառավարչին ռիսկերի նվազեցման ուղղությամբ աշխատանքներ իրականացնելու համար։  

 

Մարիամ Մելքումյան

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին