Կարևոր իրադարձություններ

«Արցախը Հայաստան է և վերջ». «Առավոտ»

14 Օգոստոս, 2020 08:46
«Արցախը Հայաստան է և վերջ». «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է.

Արցախը Հայաստան է և վերջ: Այս հայտարարության հեղինակը Հայաստանի ընտրյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է, և չնայած հեղինակային իրավունքը նրան չէ պատկանում, այլ Լեոնիդ Ազգալդյանին, որն ասել էր՝ «Սա Հայաստան է եւ վերջ», ես համոզված եմ, որ այդ խոսքերի տակ ցանկացած հայորդի մեծ սիրով ու հպարտությամբ կստորագրեր: Ասացի ու հիշեցի ոմն Մարգարիտա Սիմոնյանին և մտածում եմ, որ, այնուամենայնիվ, Մարգարիտա Սիմոնյանը դժվար թե այդ խոսքերի տակ ստորագրեր: Ավելի ճիշտ՝ հաստատ չէր ստորագրի: Այսինքն, եզակի հայեր կան, որ չէին ստորագրի այդ արտահայտության տակ: Եվ, այնուամենայնիվ, Մարգարիտա Սիմոնյանը միակը չէ: Հիմա արդեն այդպես եմ մտածում, որովհետև արդեն կարդացել եմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» արտահայտության մասին: Հայաստանի երկրորդ նախագահը, ով ժամանակին նաև Արցախի նախագահ է «աշխատել», հայտարարում է, որ ինքը ոչ միայն չի ընդունում, այլև չի հասկանում Նիկոլ Փաշինյանի ասածը:

Ըստ Ռոբերտ Քոչարյանի, եթե ասում ես՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ», դրանով Արցախին վերագրում ես ընդամենը Հայաստանի մարզի կարգավիճակ՝ բացառելով Արցախի ինքնորոշման իրավունքը: Հեռուստաընկերությունների ու Քոչարյանի հարցազրույցը հիմնականում Փաշինյանի ու հեղափոխության դեմ էր: Եվ, ընդհակառակը, Ռոբերտ Քոչարյանի ու նրա իշխանության տարիների կողմ: Եվ եթե ասեմ, որ հարցազրույցի նպատակը Փաշինյանին ու թավշյա հեղափոխությունը պարսավելն էր, առանձնապես սխալված չեմ լինի: Ռոբերտ Քոչարյանի այս հանդիպման ու հարցազրույցի դիտորդի մտքով անգամ չէր կարող անցնել, որ Հայաստանում տեղի ունեցած ու հաղթանակած թավշյա հեղափոխությունը ծայրեծայր տեղի է ունեցել և հաղթել է ժողովրդի աջակցության շնորհիվ, և առավել ևս այս հարցազրույցի դիտորդի մտքով չէր անցնի, որ թավշյա հեղափոխության հաղթանակը հենց ժողովուրդն է ողջունել, և բացարձակապես հարցազրույցի դիտորդի մտքով չէր կարող անցնել, որ ժողովուրդը ոչ միայն թավշյա հեղափոխության հաղթանակն ու Նիկոլ Փաշինյանի վարչապետությունն է ողջունել, այլև հատկապես ու առանձնապես ողջունել է այդ հաղթանակը կերտած ընտրյալ վարչապետի անխտիր բոլոր պատժամիջոցները երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ , որոնք, ժողովուրդը հուսով է, շարունակություն են ունենալու:

Ինչ վերաբերում է Քոչարյանի՝ տրամաբանությունից գրեթե զուրկ այն դատողությանը, թե՝ Նիկոլ Փաշինյանի «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» հայտարարությունը դեմ է Արցախի ինքնորոշմանը և ենթադրում է Արցախին մարզի կարգավիճակ, այս տրամաբանությունը Ղարաբաղյան շարժում տեսած և այդ շարժումն ուղնուծուծով մարսած մեր ժողովրդին, կարծում ենք, անհասկանալի է, ինչպես որ՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է Հայաստանի երկրորդ նախագահ Քոչարյանի համար անհասկանալի: Կարդացեք նաև Վարչապետը կարևորել է քաղաքաշինության ոլորտում հանրային կառավարման բարեփոխումներին համընթաց ռեֆորմների իրականացումը «Ադրբեջանն այժմ տանուլ է տալիս թե՛ պատերազմը, թե՛ խաղաղությունը» «Դիվանագիտության մեջ «վրիպակներ» չեն լինում, և պարտադիր է սրան արձագանքելը». Նաիրա Կարապետյան

Հիմա երբ հայերի ու ադրբեջանցիների մարտերը տեղափոխվել են Տավուշի մարզ, Նիկոլի՝ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ» հայտարարությունն ու ձևակերպումն առավել մեծ և խորը իմաստ է ստանում: Եվ առավել անիմաստ է դառնում Ռոբերտ Քոչարյանի քննադատությունը թե՝ Նիկոլի այդ հայտարարությամբ Արցախը զրկվում է ինքնորոշման իրավունքից և Հայաստանի մարզի կարգավիճակ է ստանում: Չենք ուզում առավել խորանալ Ռոբերտ Քոչարյանի վերլուծության մեջ, մանավանդ որ՝ Քոչարյանի վերլուծությունը խորանալու հնարավորություն առանձնապես չի տալիս: Եթե տա էլ, միևնույն է, չենք խորանա, որովհետև մենք, ինչպես Նիկոլն ու մեր ժողովուրդը, համոզված ենք, որ «Արցախը Հայաստան է, և՝ վերջ»: Ավել բան ոչ ուզում ենք , և ոչ էլ երազում: 



 

Լրահոս

Դիտել ավելին