Կարևոր իրադարձություններ

«Ադրբեջանն այժմ տանուլ է տալիս թե՛ պատերազմը, թե՛ խաղաղությունը». «Առավոտ»

14 Օգոստոս, 2020 10:15
«Ադրբեջանն այժմ տանուլ է տալիս թե՛ պատերազմը, թե՛ խաղաղությունը». «Առավոտ»

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:

– Ռուսաստանցի հայտնի լրագրող, ազգությամբ հայ, RT -ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի քննադատությունը՝ ՀՀ իշխանությունների հասցեին, Հայաստանում շատ հուզումնալից ընկալվեց: Դրան անդրադարձավ նաեւ ՀՀ վարչապետը: Ապա եղավ Մարգարիտա Սիմոնյանի հաջորդ գրառումը. տպավորություն է, որ այս «խմորը շատ ջուր կվերցնի», մանավանդ, որ հայտնի հայազգի ռեժիսոր Տիգրան Քեոսայանն էլ միացավ այդ վեճին՝ պաշտպանելով կնոջը՝ Մարգարիտային: Ի՞նչ կարծիքի եք: 

– Մարգարիտա Սիմոնյանն իր հաջորդ գրառմամբ ասաց, թե Փաշինյանն արագ արձագանքեց իր նախորդ գրառմանը՝ դրանով կարեւորելով իրեն։ Մինչդեռ սա էժանագին մանիպուլյացիա է. վարչապետին այդ հարցը տվեց Սիմոնյանի գործընկերը՝ ռուսական ՀըԽ հեռուստաընկերությունից, ու Փաշինյանը հստակ պատասխանեց, որ Սիմոնյանի գրառումը չի կարդացել, ուղղակի տեղյակ լինելով արձագանքներին, կարծիք հայտնեց կարծիքների մասին՝ առանձնապես չկարեւորելով գրառումը կամ գրառում անողին։

– Իսկ ճի՞շտ էր, որ ՀՀ վարչապետը, ինչպես ինքն ասաց՝ ծանոթ չլինելով բուն գրառմանը, նման մանրամասն անդրադարձ կատարեց ռուսական լրատվամիջոցի ղեկավարի տեսակետին։ 

– Եթե դիտարկենք հարցի պրակտիկ կողմը, հասկանալի է, որ ՀըԽ հեռուստաալիքի լրագրողը հարցերը նախապես պետք է համաձայնեցրած լիներ Փաշինյանի հետ, նման ձեւաչափով հարցազրույցների պարագայում անակնկալ հարցեր չեն լինում։ Բացի այդ, Սիմոնյանի գրառմանն այդքան մանրակրկիտ անդրադառնալը հուշում է, որ վարչապետը պատրաստված էր այդ հարցին պատասխանելու։ Բայց փաստն այն է, որ Փաշինյանն ասաց, որ չի կարդացել, իսկ մենք այլ փաստ չունենք, որ կարդացել է ու լավ նախապատրաստվել է պատասխանին։

Մարգարիտա Սիմոնյանը, որ պատիվ է ունեցել «Ֆորբսի» ցուցակում ամենաազդեցիկ կանանց մեջ տեղ զբաղեցնել, պետք է որ սատարողների այնպիսի ցուցակ չներկայացներ, որ խայտառակ լիներ դրանով։ Կայացած հանրային գործիչն ավելի լավ է հանդես գա հպարտ միայնության մեջ, քան աջակիցների այդպիսի ցանկ հրապարակի։ Պրոֆեսիոնալ լրագրողը նույն թեմայի մասին երկու անգամ գրառում է անում ու երկու դեպքում էլ օգտագործում «թքել վրան» անբարեհունչ արտահայտությունը, այն էլ ՌԴ-ի ռազմավարական դաշնակից պետության ղեկավարի հասցեին. սա ի՞նչ է ասում նման փորձառու անձնավորության մակարդակի մասին, որտե՞ղ է ձեռք բերել այդ փորձը։ Այս անգամ Սիմոնյանը Փաշինյանի նախկին հրապարակումներից մեկն էր պեղել, որ ցույց տա, թե իր հետ խնդիր ունենալն ինչ վտանգավոր է։ Մեր իշխանություններն էլ կարող են, չէ՞, ռուսական ազգանունով մեկին գտնել, ով իր հայրենիքը Հայաստանն է համարում, ու նա էլ իր հերթին հիշեցնի ՌԴ ղեկավարների ժամանակին արված  ոչ այդքան ընդունելի հայտարարությունները, բայց որքանո՞վ է դա սազական ռազմավարական դաշնակիցներին։ 

Երբ Տիգրան Քեոսայանն անցավ իր կնոջը ջերմեռանդ պաշտպանելուն, դրանով ոչ թե աջակցեց նրան, այլ՝ թուլացրեց։ Մեզանում հանրությունը դրական չի գնահատում, երբ հայտնի գործչին պաշտպանության տակ են առնում նրա ընտանիքի անդամները։ Դա ճիշտ չի գնահատվել, երբ Սեյրան Օհանյանի կինն էր դա անում, ճիշտ չի գնահատվում, երբ Քոչարյանի տղան է նրան պաշտպանության տակ առնում, կամ էլ Փաշինյանին՝ նրա դուստրը։ Մանավանդ, որ հիմնականում պաշտպանողները հայտնի են դարձել իրենց հայտնի հարազատի շնորհիվ։ Իսկ եթե հայտնի գործչի հարազատները վառ անհատականություններ են, ապա իհարկե կարող են ունենալ իրենց ուրույն ասելիքն ու անելիքը, արտահայտել քաղաքացիական դիրքորոշում՝ հանրությանը հուզող բազում հարցերի շուրջ։ Դա շատ ցանկալի է, եթե չասենք՝ անհրաժեշտ։ Ինչպե՞ս կարելի է հայ-ռուսական հարաբերությունները դիտարկել սոսկ Քոչարյան-Պուտին ընկերության մակարդակում, ու հանդիմանել ՀՀ իշխանություններին, թե այդ հանգամանքը հաշվի չեն առնում։ Հայ-ռուսական հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն, ու հաստատ կհարատեւեն հազարամյակներ, իսկ ո՛չ վերջին հարյուրամյակներին է մշտապես պաշտոնավարել Պուտինը, ո՛չ էլ գալիք հազարամյակներին է մշտապես պաշտոնավարելու։

– Քանի որ Ռոբերտ Քոչարյանին հիշեցիք՝ տեւական լռությունից հետո, երեք հեռուստաընկերություններին երկրորդ նախագահի տված հարցազրույցից ի՞նչ տպավորություններ ստացաք, ի՞նչ հետեւություններ ունեք:

– Շատ թույլ էր, նույնիսկ լուրջ վերլուծության թեմա չկա այդտեղ, դա քաղաքական հայտ ներկայացնող փորձառու գործչի խոսք չէր, ուղղակի թիմակիցներին քաջալերելու ակցիա էր։ Բայց քանի որ Ղարաբաղյան հարցի կարգավորումը գերկարեւոր խնդիր է, հպանցիկ անդրադառնամ Քոչարյանի ելույթի այդ հատվածին։ Պարզվում է, Քոչարյանը չի հասկանում Ղարաբաղյան հարցի կարգավորման ՀՀ իշխանությունների դիրքորոշումը։ Բայց դա հասկանալու համար առաջին հերթին պետք է հասկանա, որ, եթե իշխանություններն իրենց մտադրությունները պաշտոնական դիրքորոշման ձեւով, բաց տեքստով հրամցնեն հանրությանը, դա կիմանան նաեւ մեր թշնամիներն ու կօգտագործեն մեր դեմ, թե՝ պաշտոնական Երեւանը ոչ թե ցանկանում է հարցը լուծել, այլ՝ ձգձգել իրեն հարմար ձեւով։ Իսկ ոչ պաշտոնական փաստն այն է, որ Արցախն ու ազատագրված տարածքները մերն են, հայկական բանակն ի վիճակի է ոչ միայն Ադրբեջանի ցանկացած պրովոկացիա  կանխել, այլեւ դիրքեր գրավել, թշնամուն խաղաղություն պարտադրել։ Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ կարող է մեզ հասցնել մահացու հարվածներ, ապա մենք էլ ունենք անհրաժեշտ զինատեսակներ՝ Ադրբեջանին մահացու հարվածներ հասցնելու համար։ Այսինքն, ցանկացած ռազմական բախման պարագայում Ադրբեջանը չի հաղթի, իսկ լայնամասշտաբ պատերազմ չի լինի, նաեւ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային առկա վիճակով պայմանավորված։ Թուրքիայի ագրեսիվ նկրտումները չեզոքացվելու են, շնորհիվ՝ ՌԴ-ի հետ մեր ռազմավարական դաշնակցության, մեր երկու երկրների միջեւ ստորագրված միջպետական պայմանագրերի ու ՀԱՊԿ-ին մեր անդամակցության։ Այսօր աշխարհի «գլուխը խառն է», ու ոչ մի գերտերություն կամ աշխարհաքաղաքական ուժի կենտրոն մեզ չի պարտադրում գնալ զիջումների, ինչո՞ւ ենք խառնվել իրար, ի՞նչ կա շտապելու։ Եթե անգամ գնանք փոխզիջումների՝ կարգավիճակի դիմաց, իբր դրանով Արցախն ավելի անվտանգ կդառնա, ինչին ժամանակին համաձայնել են թե՛ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, ապա այս պարագայում դա խելամիտ չէ, քանի որ Ադրբեջանին հանձնելով յոթ շրջաններն՝ Արցախի միջազգային ճանաչման դիմաց, ոչ մի երաշխիք չկա, որ Արցախի հանդեպ նոր ոտնձգություններ չեն լինի՝ արդեն ավելի լավ դիրքեր վերցնելուց հետո։

Ի՞նչ է, Սիրիան, Իրաքը, Լիբիան, Կիպրոսը, Հունաստանը ՄԱԿ-ի անդամ չե՞ն, ինչը չի խանգարում Թուրքիային ամեն մեկի դեմ տարբեր մակարդակի ոտնձգություններ կատարել։ Այսինքն, ստատուս-քվոյի պահպանումը բխում է մեր շահերից, ու դրա համար միայն հարկավոր է ցույց տալ, որ բանակցային գործընթացը ձախողում է Ադրբեջանը, որ ինքն է ագրեսորը, որ ինքը չի ցանկանում խաղաղ ճանապարհով հարցը լուծել։ Ինչն էլ փայլուն կերպով հայկական կողմին հաջողվեց ցույց տալ Ադրբեջանի հուլիսյան սադրանքի արդյունքում։ Նրանց ռազմատենչ հայտարարություններին հակադրվեցին մեր խաղաղասիրական հայտարարությունները, նրանց հոխորտանքին, թե կպայթեցնեն Մեծամորի ատոմակայանը, աշխարհը տեսավ, որ իրենք մարդկության դեմ հանցագործություն կատարելու ունակ են, այն էլ իշխանական ու հանրային մակարդակներում միաժամանակ, իսկ դրան հակառակ հայկական կողմը պաշտոնապես չհայտարարեց, թե մենք էլ ձեր ունեցած-չունեցածը կպայթեցնենք։ Այդ ի՞նչ բանակցությունների սկզբնական փուլին վերադարձի մասին է խոսում Քոչարյանը, ի՞նչ կորցրած տարիների։ Այսօր Արցախն ու հարակից շրջանները ՀՀ-ի հետ օրգանական կապի մեջ են, մենք ունենք երկու պետություն՝ մեկ միասնական Հայաստան օրգանիզմ։ Մնում է ասել, որ հակամարտող կողմերի ժողովուրդները պատրաստ չեն դույզն-ինչ զիջման, ուստի խաղաղության ու փոխզիջման նախապատրաստելու համար պետք է դադարեն կրակոցները, այլապես ինչպե՞ս ժողովրդին նախապատրաստես խաղաղության, երբ ամեն օր շփման գծում կրակում են։ Իսկ եթե չկրակեն, հաստատվի կայուն ու երկարատեւ խաղաղություն, Հայաստանի այդ որ ապուշ ղեկավարը տարիներ հետո կհամաձանվի տարածքներ հանձնել, կամ էլ, որ դրան համաձայնվի հայ ժողովուրդը։ Այլ կերպ ասած՝ Ադրբեջանն այժմ տանուլ է տալիս թե՛ պատերազմը, թե՛ խաղաղությունը։

– Խաղաղության քարոզի համատեքստում, բազում քննադատությունների առիթ տվեցին տիկին Աննա Հակոբյանի խաղաղության կոչերը: Համամիտ չե՞ք այն քննադատության հետ, որ երբ հայ զինվորը տեսնում է, որ դիմացից իր վրա կրակում են, իսկ թիկունքից խաղաղության կոչեր են հնչում, կարող է թեւաթափ լինել:

– Ընդհակառակը, երբ հայ զինվորը տեսնում է, որ թշնամուն Հայաստանի քաղաքական ու ռազմական ղեկավարությունն արժանի հակահարված է տալիս, բայց դրան զուգահեռ ամեն մի զինվորի կյանքի վրա դողում, որ նրանցից յուրաքանչյուրի կյանքը փրկելու համար պատրաստ է անգամ վարչապետի կինը դիմել թշնամու կանանց, որ ազդեն իրենց ղեկավարության վրա ու փորձեն կանխել արյունահեղությունը, նման մոտեցումը մեր զինվորին ավելի է ոգեւորում, որ իր կյանքի հաշվին ոչ մեկը չի աքլորանում, որ իր մասին իր թիկունքում ամենաբարձր մակարդակով մտածող կա։

Իսրայելը ոչ միայն ոչնչացնում է ահաբեկչին, այլեւ նրա ու հարազատների տները տեխնիկայով հողին հավասարեցնում, ցույց տալով, որ իր դեմ զենք բարձրացնողին տնով-տեղով կվերացնի, դրանով սարսափ տարածելով, որպեսզի կանխվեն հետագա ահաբեկչական ակտերը։ Դրան զուգահեռ, եթե իր զինվորը գերի է ընկնում, օրինակ, ժամանակին կապրալ Գիլադ Շալիթին վերադարձնելու համար հինգ տարի Իսրայելը բանակցեց արաբների հետ, այդ ընթացքում հասցրեց մի հատ էլ Լիբանանի հետ պատերազմել, վերջում կարողացավ իր սպային փոխանակել 1027 արաբի հետ, որոնց մի մասն ահաբեկչության համար մահապատժի էր դատապարտվել Իսրայելի դատարանի կողմից։ Սա թուլություն չէ, սա հենց ուժեղի վարքագիծ է։ Ավելի պարզ ասած, ու հայտնի խոսքերը մի քիչ ձեւափոխած մեր խաղաղասիրական ու պատերազմի կանխարգելիչ հորդորը կարելի է ակնարկել այսպես. «Ճանաչե՜ք զիմաստություն եւ զխրատ, չե՜ք ճանաչի՝ կիմանաք հայ զինվորի զբանը հանճարոյ»։ 

 

Լրահոս

Դիտել ավելին