Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    484
    489,5

  • EUR

    563
    573

  • RUB

    6,05
    6,3

Կարևոր իրադարձություններ

Ռեստորատորները ողջունում են կառավարության աջակցության ծրագիրը

14 Օգոստոս, 2020 10:27
Ռեստորատորները ողջունում են կառավարության աջակցության ծրագիրը

Gastrovino.mediamax.am-ը հայտնում է, որ օգոստոսի 13-ին կառավարության ընդունած կորոնավիրուսի տնտեսական հետեւանքների չեզոքացման 23-րդ միջոցառման նպատակն է օժանդակել զբոսաշրջությանն առնչվող առանձին ոլորտների տնտեսավարողներին՝ գործունեության շարունակականության եւ աշխատատեղերի պահպանման համար: Ծրագիրը մշակվել է կառավարության եւ Ռեստորանների հայկական միության համատեղ քննարկումների արդյունքում:

Միության գործադիր տնօրեն Վահե Գեւորգյանը GastroVino-ին պատմել է՝ որքանով է միջոցառումն արդյունավետ ոլորտի համար:

Սուբսիդավորումը՝ մոտ 25% եւ 33%

Միջոցառումն ունի հստակ ուղղություն, այն է՝ բիզնեսին աշխատատեղերի պահպանման ազդակ տալ: Նախատեսված աջակցությունն աշխատավարձային ֆոնդի պահպանման, եւ հնարավորության դեպքում նաեւ աշխատավարձերի բարձրացման համար է:

Ծրագրի ժամկետն 9 ամիս է, որը համաճարակին առնչվող միջոցառումներից ամենաերկարաժամկետն է:

Միջոցառման շրջանակում աշխատավարձային ֆոնդի մոտ 33 %-ի աջակցություն է տրամադրվելու է այն բիզնեսներին, որոնք պահպանել են իրենց աշխատատեղերի առնվազն 70 %-ը: Ի դեպ, մեր միության անդամ ընկերությունների մեծ մասը համապատասխանում է այս չափորոշչին:

25 %-ի չափով աջակցություն կտրամադրվի այն ընկերություններին, որոնք պահպանել են աշխատատեղերի 20-ից 70 %-ը:

Նման առաջարկ մենք կառավարությանն արել էինք դեռեւս մարտ ամսվա վերջին: Մենք խոսում էինք աշխատավարձերի 50% սուբսիդավորման մասին, սակայն քննարկումների ընթացքում 2-3 անգամ որոշ ոլորտներ ստացան 20-ական %-ով փոխհատուցում ավելի կարճաժամկետ կտրվածքով:

Պատրաստվելով հաջորդ տարվան

Կարծում եմ, ծրագիրն իսկապես հաջողված է: Մենք հասկանում ենք, որ այն չի կարող լուծել բոլոր խնդիրները եւ չենք էլ հավակնում, որ կառավարությունը պետք է ամբողջապես այդ բեռն իր վրա վերցնի:

Ոլորտը կսկսի վերականգնվել ենթադրաբար հաջորդ տարի, երբ երկրում կրկին կմեծանա զբոսաշրջիկների հոսքը: Տեղաբնակները եւս սոցիալական խնդիրներից ելնելով սահմանափակել են իրենց այցելությունները ռեստորաններ եւ այլ ժամանցի վայրեր, սակայն գալիք տարում հույս ունենք հաճախորդների այս հոսքը եւս կվերականգնվի:

Ծրագրով բիզնեսը կկարողանա պահպանել իր աշխատատեղերը եւ պատրաստվել գալիք տարում ավելի շահեկան մրցակցային դիրքերում լինել՝ գնալով իր զարգացման ծրագրերի հետեւից:

Աշխատատեղերի վերականգնման խթան

Այս ծրագիրը կարեւորում ենք պետություն-մասնավոր համագործակցության առումով, քանի որ այն լավ գործընկերության օրինակ է, որտեղ պետք է լինենք թափանցիկ եւ անկեղծ:

 

Միջոցառմամբ ցանկանում ենք խրախուսել աշխատատեղերի պահպանումը: Եթե ռեստորանի կամ որեւէ այլ բիզնեսի պահպանած աշխատատեղերն, օրինակ, կազմում են 19 %, նա կարող է վերականգնել իր աշխատատեղերն ու ստանալ աջակցությունը՝ մինչեւ օգոստոսի 20-ը ներկայացնելով համապատասխան փաստաթղթերը: Սա շարժառիթ է բիզնեսի համար վերականգնելու իր աշխատակիցներին, ընդ որում՝ յուրաքանչյուր ամիս աջակցության չափը կարող է փոխվել, եթե պահպանված աշխատատեղերի թիվը գերազանցի 70 %-ը:

Հավասար պայմաններ

Փորձել ենք այնպես անել, որ ծրագիրն արդար լինի բոլորի համար: Չենք տարանջատել ոլորտի այն ներկայացուցիչներին, որոնք այժմ շրջանառության առումով համեմատաբար շահեկան դիրքերում են՝ բիզնեսի առանձնահատկությունների եւ ինքնատիպության շնորհիվ: Նրանք եւս կկարողանան օգտվել ծրագրից ճիշտ այնպես, ինչպես առավել տուժածները:

Բանակցությունների ընթացքում անդրադարձել ենք նաեւ հարսանյաց սրահների խնդիրներին: Առաջարկությունների մի մասը վերաբերել է քայլ առ քայլ խնջույքների եւ միջոցառումների թույլատրմանը: Շուտով պարետատունը կհրապարակի փոփոխված կանոնները, կթույլատրվի միջոցառում կազմակերպել մինչեւ 40 անձի մասնակցությամբ, ինչպես նաեւ կմեծացվի մեկ սեղանի շուրջ գտնվողների թիվը:

Մոտ երկու շաբաթ անց այս կանոնները կվերանայվեն եւ եթե վարակի տարածման տեմպի նվազումը շարունակվի, քայլ առ քայլ սահմանափակումներն առավել կմեղմանան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին