Կարևոր իրադարձություններ

Պետության ղեկավարը պարտավոր է շնորհավորել Բելառուսի դե-ֆակտո նախագահին՝ ելնելով մեր երկրի պետական շահերից. «Առավոտ»

13 Օգոստոս, 2020 10:30
Պետության ղեկավարը պարտավոր է շնորհավորել Բելառուսի դե-ֆակտո նախագահին՝ ելնելով մեր երկրի պետական շահերից. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթը գրում է.

Մեզանում դեռեւս վերջնականապես չի հաստատվել սահմանազատումը մի կողմից պետության շահի, պետական միջոցառման, պետությունը ներկայացնող անձի հանդեպ վերաբերմունքի, պետության սահմանած օրենքի եւ մյուս կողմից՝ անձնական կարծիքի, համոզմունքի, ինքնարտահայտման միջեւ: Պետության դեպքում գործում են խիստ, անսակարկելի կանոններ, իսկ անձն իրավունք ունի անել, մտածել կամ ասել ամեն ինչ, եթե դա չի սահմանափակվում օրենքով: Տարբերությունը նուրբ է, բայց ինձ համար՝ շատ հստակ: Այդ սահմանագիծը կարելի է ցույց տալ Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել-չշնորհավորելու հարցի շուրջ ծագած բանավեճի օրինակով: Նիկոլ Փաշինյանը, որպես անձ, քաղաքացի կամ քաղաքական գործիչ, կարող է դեմ լինել Լուկաշենկոյի հավերժ իշխելու եւ բռնությամբ իշխանության մնալու գործելակերպին, իսկ, ասենք, Ռոբերտ Քոչարյանի հոգեկերտվածքին այդ գործելակերպը գուցեեւ միանգամայն համապատասխանում է: Բայց, անկախ նրանից, թե Հայաստանում ով է տվյալ պահին իշխանության գլխին, այդ ղեկավարը, իմ կարծիքով, պարտավոր է շնորհավորել Բելառուսի դե-ֆակտո նախագահին՝ ելնելով մեր երկրի պետական շահերից: Ովքեր դրա հետ համաձայն չեն, պետք է ապացուցեն, որ Բելառուսի հետ հարաբերություններ փչացնելը համապատասխանում է Հայաստանի շահերին: (Ինչ մնում է շնորհավորելու համար «ճիշտ ժամանակ» ընտրելուն, ապա դա, ըստ իս, դիվանագետների որոշելու հարցն է):

Բերեմ եւս երկու օրինակ: Եթե ճանապարհային երթեւեկության նշանը ցույց է տալիս «60», մեքենան պետք է վարել ըստ այդ ցուցանակի, իսկ ավելի արագ քշելու համար հասնում է տուգանք՝ անկախ նրանից, թե ինչ քաղաքական ռեժիմ է այդ պահին հաստատված Հայաստանում: Բայց լրատվամիջոցներում կարող է բանավեճ առաջանալ այն մասին, որ ցուցանակը պետք է լինի «40» կամ «80»՝ այստեղ կարծիքների բազմազանությունը խրախուսելի է: Կամ, երբ նույն Փաշինյանը դուրս է գալիս ԱԺ ամբիոնի մոտ եւ սկսում է այն, ինչ Օրուելի վեպում շատ դիպուկ կոչվում է «Two Minutes Hate»՝ պարտադիր ուսուցողական ծես՝ «կուսակցության թշնամիներին» խարազանելու համար, դա ինձ դուր չի գալիս, չնայած մեր քաղաքացիների մեծամասնությունը, ենթադրում եմ, դա հավանում է: Բայց երբ Հայաստանի վարչապետը մեր երկիրը ներկայացնում է միջազգային ասպարեզում, մեր ներքին տարաձայնություններն այլեւս նշանակություն չունեն, եւ բոլորիս ցանկությունը պետք է լինի, որ Հայաստանը հաջողություն գրանցի: 

Համավարակի դեմ պայքարը այդ՝ վերը նկարագրված սահմանագծի «պետական» կողմում է՝ պարետատան միջոցառումները քաղաքական բանավեճի առարկա չպիտի լինեն: Երբ վաղվանից որոշակի մեղմացումներ կլինեն, դա չի նշանակում, որ պետք է թուլանալ եւ կորցնել զգոնությունը՝ կորոնավիրուսը Հայաստանում դեռեւս ամենեւին հաղթահարված չէ: Հետեւաբար, առաջարկում եմ պարետատանը հնարավորինս տրամաբանական, պարզ եւ միանշանակ շարադրել նոր կանոնները, իսկ քաղաքացիներին՝ դրանց անվերապահ հետեւել: 


 

Լրահոս

Դիտել ավելին