Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • USD

    485
    491

  • EUR

    564,5
    576,5

  • RUB

    6,13
    6,38

Կարևոր իրադարձություններ

Հայ ժողովուրդը նման փրկիչներից կուշտ է մինչև ատամները. Արման Բաբաջանյան

08 Օգոստոս, 2020 18:13
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Հայ ժողովուրդը նման փրկիչներից կուշտ է մինչև ատամները. Արման Բաբաջանյան

ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. 

«Սերժ Սարգսյանը երկամյա լռությունից հետո որոշել է խոսել։ Խոսելու համար ընտրել է տեսաուղերձների ձևաչափը, ինչն արդեն իսկ տարակուսելի է ու ոչ այնքան լուրջ։ Բայց կարևոր է ոչ այնքան նրա ուղերձների ձևաչափը, այլ բովանդակությունը։ Սերժ Սարգսյանը, իհարկե, ոչ ուղղակիորեն, տողատակով, խոսում է անցյալի հետ հաշիվներ մաքրելու մասին, խոսում է այնպիսի տոնայնությամբ, կարծես այդ անցյալում ինքը եղել է ոչ թե անմիջական մասնակից ու դերակատար, այլ ուղղակի դիտորդ։

Սերժ Սարգսյանի խոսելու մոտիվացիան հասկանալի է՝ նա իր կամ իր շրջապատի տեխնոլոգների կարծիքով փորձում է ռեաբիլիտացվել, մաքարզերծվել՝ թերևս հույս ունենալով, որ կարող է այդպիսով հավակնել ինչ-ինչ քաղաքական նպատակների։ Բայց Սերժ Սարգսյանի ու նրա տեխնոլոգների հաշվարկները դատապարտված են ձախողման, քանի որ դրանց հիքմում ընկած է հասարակության, ժողովրդի կարճ հիշողության կամ ամնեզիայի թեզը։ Բայց մեր ժողովուրդը, բարեբախտաբար ունի շատ լավ հիշողություն ու առավել ևս չի տառապում ամնեզիայով և Սերժ Սարգսյանի ամեն մի խոսքի, ամեն մի բառի հետ հիշում ու հիշելու է այն տարիներն ու տասնամյանկները, որ ապրել է նրա միջնորդավորված կամ ուղղակի իշխանության օրոք։

Հասարակությունը հիշում է ու արձանագրում, որ Սերժ Սարգսյանն է եղել նախ քոչարյանական, ապա իր իսկ ղեկավարած Հայաստանի հիմնական ճարտարապետը, իսկ այդ Հայաստանը եղել է ոչ թե պետություն, այլ գողապետություն՝ մենաշնորհներով ու օլիգարխներով, քրեական ենթամշակույթով ու համակարգաված թալանով և կոռուպիցոայով։

Հենց այդ Հայաստանում է Սերժ Սարգսյանն ու նրա ընտանիքը դարձել խոշոր սեփականատեր ու բիզնեսմեն, պետական միջոցների ու լծակների գործադրմամբ կուտակել բազմամիլիարդանոց հարստություն։

Հենց այդ Հայաստանում է Սերժ Սարգսյանը հարստացել ոչ միայն սովորական թալանի ու կոռուպցիայի, այլ անգամ երկրի անվտանգության ու բանակի հաշվին, հենց ինքը՝ Սերժ Սարգսյանը չի խորշել կոռուպցիայի ու թալանի հանցավոր ձեռքերը մտցնել նաև բանակ ու կարողություն դիզել նաև զինվորի հաշվին, զինվորի անվտանգության ու հետևաբար նաև կյանքի հաշվին։

Եվ ահա նման տխրահռչակ ժառանգություն ունեցող մեկը, ում համար բոլոր խոսքերից ամենաիմաստունը պետք է լիներ լռությունը, տեսաուղերձներ է հրապարակում ու հասարակության հետ խոսում այնպիսի տոնայնությամբ, կարծես իր հայտնությամբ հայ ժողովուրդը ականատես է լինելու փրկչի գալուստի։

Հայ ժողովուրդը նման փրկիչներից կուշտ է մինչև ատամները, հայ ժողովուրդը նմաններին միարժեքորեն ու աներկբայորեն մերժել է երկու տարի առաջ, մերժել է խորապես ու հիմանավորապես, մերժել է այնպես ու այնքան, որ նրանց վերադարձը որևէ պարագայում, անգամ ամենաղձավանջային երազում ուղղակի հնարավոր չէ։

Հասարակությունը Սերժ Սարգսյանի ու նրա ղեկավարած համակարգի հետ լուծել է խնդիրները ու մաքրել է հաշիվները։ Հասարակության խնդիրն այսօր նոր իշխանության հետ է, որը չունի այնքան կամք ու վճռականություն, որ մաքրի հաշիվները նույն Սերժ Սարգսյանի ու նրա մերձավորների հետ օրենքի ու օրինականության դաշտում, մաքրի այնպես, որ բացի խոստովանական ցուցմունքներից նրանք այլ ասելիք ուղղակի չունենան։»

Բայց դա ժամանակի հարց է, կանի դա այս իշխանությունը՝ շատ լավ, չի անի, կանեն հաջորդները՝ վերջնականապես ու անդառնալիորեն փակելով Հայաստանի հանցավոր ու ամոթալի էջը ու ջնջելով այն խարանը, որ մեր եկրին դաջվել է քոչարյանասերժական տառապանքների քսանամյակի ընթացքում։

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին