Կարևոր իրադարձություններ

Ինչ բարեփոխումներ և ինչ ծրագրեր է իրականացրել Կադաստրի կոմիտեն վերջին 2 տարում. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

13 Օգոստոս, 2020 13:33
Ինչ բարեփոխումներ և ինչ ծրագրեր է իրականացրել Կադաստրի կոմիտեն վերջին 2 տարում. գերատեսչությունների աշխատանքի հետքերով

Shabat.am-ը ուսումնասիրությունների շարք է սկսել՝ ներկայացնելով ՀՀ պետական կառույցներում 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո արված բարեփոխումները, բացթողումներն ու անելիքները:Գերատեսչությունների աշխատանքի որակը գնահատում ենք՝ հիմք ընդունելով հարցման պատասխանի բովանդակությունը, վերջին երկու տարում մեր խմբագրություն զանգահարած քաղաքացիներից ստացված բողոքները, ինչպես նաև հարցմանը պատասխանելու ժամկետները:

Ցավոք, որոշ պետական հաստատություններ անգամ հարցմանը պատասխանելու պարզ գործողության ընթացքում էին թերանում, ուստի կարելի է պատկերացնել, թե ինչ խնդիրների կարող է բախվել հասարակ քաղաքացին, եթե գործը հասնի այդ պետական ինստիտուտների հետ աշխատելուն: Սակայն հանուն արդարության հարկ է նշել, որ կային նաև գերատեսչություններ, որոնք հստակ կետերով պատասխանել են մեր հարցմանը:

Այս անգամ անդրադառնում ենք ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին, որից մեր հարցման պատասխանը ստացել ենք ժամանակին և հանգամանալից:

Հեղափոխությունից հետո մեր խմբագրություն բազմաթիվ քաղաքացիներ են զանգահարել՝ այս կամ այն գերատեսչության աշխատանքների հետ կապված խնդիրներով: Նրանց շրջանում փոքրիկ հարցում ենք իրականացրել, թե հատկապես որ կառույցների աշխատանքից են գոհ, որոնցից՝ հակառակը: Հարցվածների միայն 50%-ն է դրական գնահատել Կադաստրի կոմիտեի աշխատանքը:

Ստորև ներկայացնում ենք կոմիտեում վերջին երկու տարում կատարված աշխատանքները.

• Ստեղծվել է ստորգետնյա և վերգետնյա ամբողջ ենթակառուցվածքների , անշարժ գույքերի, ռելիեֆի տարրերի վերաբերյալ քարտեզագրական և տեքստային տվյալների բանկ:

• 2020թ.  արդիականացվել և վերագործարկվել է կադաստրի առցնաց ծառայությունների մատուցման հարթակը (www.e-cadastre.am), որը քաղաքացիներին հնարավորություն է ընձեռում Կադաստրի կոմիտեի կողմից մատուցվող ցանկացած ծառայությունից օգտվելու առցանց՝ առանց սպասարկման գրասենյակ այցելելու:

• Մշակվել է օրենքի նախագիծ, որով նախատեսվում է պարզեցնել իրավունքների պետական գրանցման և տեղեկատվության տրամադրման գործընթացները:

• 2020թ. հունվարից պետական բյուջեի միջոցների հաշվին իրականացվում են Երևանի Կոնդ թաղամասի կադաստրային քարտեզագրման աշխատանքներ, նախատեսվում է իրականացնել նաև վերոնշյալ թաղամասի շինությունների ներքին չափագրման աշխատանքներ: Արդյունքում հնարավոր կլինի այդ թաղամասում լուծել իրավունքների պետական գրանցման շուրջ 30 տարի չլուծված խնդիրները, ինչպես նաև իրականացնել բոլոր իրավատերերի իրավունքների պետականա գրանցում և տրամադրել իրավունքների պետական գրանցման վկայականներ:

• Կադաստրի կոմիտեի համակարգում գործող վեց տարածքային ստորաբաժանումներից երեքը՝ Երևանի տարածքային ստորաբաժանումը, Մարզերի միավորված ստորաբաժանումը և Վայոց ձորի ստորաբաժանումը, միաձուլման ձևով վերակազմակերպվել են Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման:

• ՀՀ կառավարության որոշմամբ լուծարվել է կոմիտեի համակարգի «Գեոդեզիա և քարտեզագրություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, միևնույն ժամանակ կոմիտեի կառուցվածքում ստեղծվել է Գեոմատիկայի կոնտրոնը վերոնշյալ գործառույթներն իրականացնելու համար:

• ՀՀ կառավարության որոշմամբ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանն է հանձնվել 14 ավտոմեքենա, իսկ 3 ավտոմեքենա՝ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին, արդյունքում կրճատվել են ընդհանուր ավտոմեքենաների թիվը և կրճատված ավտոմեքենաների շահագործման հետ կապված ծախսերը:

• Մշակվել և ԱԺ-ի կողմից ընդունվել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքը, որով դիմողներին տրվող ավարտական փաստաթղթերում վերացվել է կնիքի պահանջը:

• Մշակվել և Կառավարության կողմից հաստատվել է «Ինտեգրված կադաստրի ստեղծման հայեցակարգը» և միջոցառումների ծրագիրը:

• 2019թ. մշակվել և ԱԺ կողմից ընդունվել է «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքը:

• Մշակվել է արխիվների թվայնացման աշխատանքների մեթոդաբանության մշակման ծրագիր, որն արժանացել է Նիդերլանդների Թագավորության կադաստրի հավանությանը: Արդյունքում կոմիտեն կստանա միջազգային մասնագետների կողմից կազմված արխիվների թվայնացման աշխատանքների իրականացման ուղեցույց:

• Ընդլայնվել են նոտարական վավերացում չպահանջող անշարժ գույքին առնչվող պայմանագրերի օրինակելի ձևերը:

• ՀՀ հասցեների միասնական ռեգիստրի և հասցեների ռեեստրի ինքնաշխատ տեղեկատվական համակարգի ստեղծման նպատակով իրականացվում են ՀՀ Արարատի մարզի համայնքների աշխարհագրական անվանումների (փողոցների) ճշգրտման, գործող իրավական ակտերի պահանջների համապատասխանեցման աշխատանքներ:

• Ընթացքի մեջ է ՀՀ տարածքում իրական ժամանակում մշտական գործող ռեֆերենց կայանների ցանցի արդիականացման աշխատանքների ձեռքբերման գործընթացը:

 Պարբերաբար կոմիտեի ղեկավարի և նրա տեղակալների կողմից տարածքային ստորաբաժանումներին տրվում են հանձնարարականներ, որոնք նպատակ ունեն հնարավորինս պարզեցնել տեղեկատվության տրամադրման, իրավունքի պետական գրանցման ժամանակ տեղ գտած սխալների ուղղման և պետական գրանցման ընթացակարգերը:

 

Լրահոս

Դիտել ավելին