Կարևոր իրադարձություններ

Առաջիկայում մեզ սպասվում են աշնան ու ձմռան ամիսները, որոնք, ցավոք, նպաստավոր են կորոնավիուսի համավարակի տարածման համար․ Արման Բաբաջանյան

06 Օգոստոս, 2020 21:45
Հեղինակ՝ Արման Բաբաջանյան
Առաջիկայում մեզ սպասվում են աշնան ու ձմռան ամիսները, որոնք, ցավոք, նպաստավոր են կորոնավիուսի համավարակի տարածման համար․ Արման Բաբաջանյան

ՀՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ինչպես հայտնի է կառավարությունը որոշել է արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել ևս մեկ ամսով, ինչը, ամենայն հավանականությամբ, կլինի վերջին երկարաձգումը։ Հայտնի է, որ Արդարադատության նախարարությունը մշակում է արտակարգ դրության իրավիճակները կարգավորող օրենսդրության փոփոխությունների փաթեթ, ինչը հնարավորություն կտա ապագայում հակահամաճարակային համապատասխան միջոցառումներ ու գործողություններ իրականացնել առանց արտակարգ դրության ռեժիմ հայտարարելու։

Մինչ այդ, սակայն, արտակարգ դրությունը միանշանակորեն պետք է երկարաձգել, այդ հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող։ Ընդ որում, վերջին շաբաթներին կորոնավիրուսի համավարակի տեմպի կայունացումը մեզ պետք է ոչ թե բթացնի ու մղի անհաշվենկատ գործողությունների, այլ ճիշտ հակառակը՝ բազմապատիկ անգամ սթափեցնի ու հիմք դառնա կայունացնող այս միտումներն ավելի ամրապնդելու համար։ Առաջիկայում մեզ սպասվում են աշնան ու ձմռան ամիսները, որոնք, ցավոք, նպաստավոր են կորոնավիուսի համավարակի տարածման համար։

Դա նշանակում է, որ մենք համավարակի կայունացման այսօրվա միտումները պետք է օգտագործենք աշնան ու ձմռան ամիսներ վարակի տեմպը բազմապատիկ անգամ նվազեցրած մուտք գործելու համար։ Դա հնարավորություն կտա նաև զգալիորեն թեթևացնել առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը, ինչն էլ իր հերթին կբացառի աշնանը կամ ձմռանը, Աստված մի արասցե, համավարակի բռնկման, նոր ալիքի դեպքում՝ դրան դիմակայել ավելի կենսունակ առողջապահական կարողություններով։ Այնպես որ, արտակարգ դրության ռեժիմի երկարաձգումը ևս մեկ ամսով երկարաձգելու որոշումն աներկբայորեն արդարացված է, առաջիկա այդ մեկ ամիսը մենք պետք է օգտագործենք աշնանը պատրաստվելու ու այնպիսի պայմաններ ստեղծելու համար, որ սա դառնա արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման իսկապես վերջին դեպքը։

Առողջություն բոլորիս, ու Աստված պահապան Հայաստանին»։

 

Լրահոս

Դիտել ավելին