Կարևոր իրադարձություններ

7 օր է՝ ՌԴ քաղաքացի հայերը Բագրատաշենի անցակետում են գիշերում․ նրանց թվում կան հղի կանայք և տարեցներ․ ահազանգ

06 Օգոստոս, 2020 15:42
7 օր է՝ ՌԴ քաղաքացի հայերը Բագրատաշենի անցակետում են գիշերում․ նրանց թվում կան հղի կանայք և տարեցներ․ ահազանգ

Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող հայերը՝ մոտ 81մարդ, արդեն 7 օր է, ինչ Բագրատաշենի անցակետում են գիշերում։

«Մեր մեջ կան տարեց մարդիկ, երեխաներ, հղի կանայք, ապրելու միջոցներ չունենք, փողոցում ենք գտնվում՝ բաց երկնքի տակ»,- այս մասին Shabat.am –ի հետ զրույցում ասաց Բագրատաշենի անցակետում գտնվող Արթուրը։

Վերջինս նշեց, որ հուլիսի 24-ին դիմել են  ՀՀ-ում  ՌԴ դեսպանատանը, որպեսզի տրամադրեն միջոցներ, որ կարողանան մեկնել ՌԴ․ «Հուլիսի 24-ին մենք հավաքվել էինք ՌԴ դեսպանատան դիմաց, խնդրանքով, որ մեզ թույլ տան մեկնել ՌԴ, սակայն ոչ ոք դուրս չեկավ դեսպանատնից։ Մենք նամակ փոխանցեցինք, որ մինչև ամսի 30-ը կսպասենք, եթե դրական արձագանք չլինի՝ կտեղափոխվենք Բագրատաշենի անցակետ, որովհետև մենք ուրիշ  տեղ չունենք մնալու։ Մարդիկ եկել են այստեղ 2-3 ամսով,  բայց հիմա ոչ տուն վարձելու հնարավորություն ունեն, ոչ էլ ապրելու»։

Յոթ օր Բագրատաշենի անցակետում գտնվող ՌԴ քաղաքացիները դիմել են պատկան մարմիններին՝ անցակետի ղեկավարին, Տավուշի մարզպետարան, բոլորը խոստացել են օգնել, սակայն, մինչ օրս արձագանք չկա։


«81 մարդու անուն ազգանունները, անձնագրի պատճեններն ուղարկել ենք դեսպանատուն, նույն ձևով էլի պատասխան չկա։ Խնդրել ենք միջանցք բացել, որպեսզի Վրաստանի տարածքով գնանք մեր տները։ Երեք անգամ կազմակերպվել է նման բան , մարդիկ հավաքվել են այստեղ, դեսպանատունը միջամտել է, ավտոբուսներ է տրամադրել, Վրաստանի հատվածը ավտոբուսներով մարդկանց հասցրել է մինչև Վլադիկավկազ։ Հիմա մեր դեպքում մեզ ոչ ոք չի արձագանքում»,- ասաց նա։

Արթուրի խոսքով՝ ինքը և Բագրատաշենի անցակետում գտնվող շատ այլ քաղաքացիներ 5 ամիս է գրանցվել են չարթերային թռիչքով մեկնելու համար, սակայն իրենց հերթը չի հասնում․ «Բոլորս ՌԴ-ում թողել ենք մեր ընտանիքներին, մեկը՝ երեխաներին, մյուսները՝ ծնողներին, մեր հերթը պարզապես չի հասնում»։

Արթուրն ասաց, որ այս 7 օրերի ընթացքում անցակետում գտվող սրճարանի աթոռներից են օգտվում՝ նստելու համար․ «Այստեղ ծորակ կա, էդտեղ են լվացվում, մեր շորերը լվանում։ Իսկ ուտելու մասով, ով ինչպես կարողանում է ուտելիք է գնում, բայց արդեն այսօրվա դրությամբ մարդկանց ձեռքը գումար էլ չի մնացել, որ կարողանան ուտելու բան առնեն»։

ՌԴ քաղաքացին ասաց՝ ակնկալում են, որ պատկան մարմինները կարձագանքեն իրենց խնդրին։

Մարիամ Մելքումյան

 

Լրահոս

Դիտել ավելին